Բնասեր քաղաքացիների պատասխանը՝ «Լիդիան Արմենիայի» հարցերին

Վերջերս, Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել նախատեսող «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրեց 14 հարց ու պատասխան, որն ըստ ընկերության առավել հաճախ հնչեցվողներն են: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ ձևավորված քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է 1-ին հարցի այլընտրանքային պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև:

Հնարավոր է արդյո՞ք իրականացնել հանքարդյունաբերություն և միաժամանակ բացառել ազդեցությունները շրջակա միջավայրի վրա։

«Մարդը պետք է օգտվի բնական միջավայրից, և այդ պատճառով անտրոպոգեն ազդեցությունը բնական միջավայրի վրա անխուսափելի է: Ցանկացած նախաձեռնություն, որը կարող է զգալի ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա /բնական միջավայր + սոցիալական միջավայր = շրջակա միջավայր/ կառավարվում է բնապահպանության ոլորտի օրենսդրությամբ: Այդ օրենքների միջոցով փորձ է արվում հավասարակշռել բնության շահը և հասարակական կարիքները: Զարգացած երկրներում այդ հավասարակշռությունը հիմնականում պահպանվում է, որտեղ գործուն ազդեցություն են ունենում բնապահպանական հասարակական կազմակերպությունները: Երկրորդ, երրորդ կարգի երկրներում իրավիճակն այլ է: Նախ, բնապահպանության ոլորտի օրենսդրությունը հիմնականում անտեսում է բնության շահը, չկան նաև կենսունակ վերահսկողության մեխանիզմներ` հսկելու համար բնապահպանական օրենսդրության պահանջները: Այս պատճառով հանքարդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների համար այսպիսի երկրները դառնում են գերշահույթ կորզելու երկրներ։ Գերշահույթ, որը ստացվում է բնական ռեսուրսների թալանի և գերշահագործման արդյունքում: Այդպիսի մի կազմակերպություն է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որին Հայաստան է բերել ոչ թե մեր տնտեսությունը զարգացնելու մղումը, այլ թույլ բնապահպանական օրենքները և հատկապես անվերահսկելիությունը հանքարդյունաբերության ոլորտում: Դրա ապացույցն է ընկերության կողմից առանց պատշաճ փորձաքննության ընդերքօգտագործման թույլտվություն ստանալը, գովազդային հնարանքներով հասարակության մեջ դրական կարծիք ստեղծելը, և հատկապես, իր գործունեության նկատմամբ պատշաճ հասարակական վերահսկողություն սահմանելու համար խոչընդոտներ հարուցելը։ Իսկ պետական վերահսկողության ձևական բնույթն ապահովելու մեխանիզմներին, «Լիդիան Արմենիա» ընկերությունը տիրապետում է, անկասկած: Այսպիսով, որևէ երկրում, որտեղ չկա իրական վերահսկողություն հանքարդյունաբերության ոլորտում, չի կարող գոյություն ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն: Պատասխանատու հանքարդյունաբերությունը, որի մասին խոսում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, միայն նորագույն տեխնոլոգիաներն ու սարքավորումները չեն. այն համակարգ է, որի բաղադրիչներն են.

ա) բնության շահը հաշվի առնող օրենսդրությունը,

բ) բնապահպանական առաջավոր փորձի կիրառմամբ տեխնոլոգիաները,

գ) պետական ու հասարակական վերահսկողությունը:

Այս բաղադրիչներից որևէ մեկի բացակայությամբ պատասխանատու հանքարդյունաբերություն չի լինում»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում