Հայտնաբերվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի կոորդինատների անճշտություններ

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կորդինատների անճշտություններ և անհամապատասխանություններ: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեության, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև ընդերքօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականցման տեսանկյունից»,- ասաց նա:

Հաշվի առնելով այս հանգամանքը, վարչապետը հանձնարարեց Էներգետիկ ենթակատուցվածքների և բնական պաշարների նախարարին և Կառավարության աշխատակազմի ղեկավարին 7-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ: «Բացի այդ, Էներգետիկ ենթակատուցվածքների և բնական պաշարների նախարարին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին առաջին կետով նախատեսված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձևավորելուն պես եռամսյա ժամկետում վեր հանել ընդերք օգտագործող կազմակերպությունների՝ հատկապես մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի համապատասխան կորդինատների անճշտությունները, առկա անհամապատասխանությունները և ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: Կատարված աշխատանքների մասին Կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն»,- հանձնարարեց վարչապետը: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում