Կովկասյան ընձառյուծի անվտանգ միգրացիան` մարդկանց առօրեական հոգսերը թեթևացնելու միջոց (ֆոտոշարք)

Կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ և գորշ արջ... Այս չորս տեսակի խոշոր կաթնասունների անվտանգ միգրացիան ապահովելու համար Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն (WWF) իրականացնում է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրը, որի հիմնական նպատակի հաջողությունն ապահովելու համար իրականացվում են նաև հարակից ծրագրեր: Կատարված աշխատանքներին առաջին ձեռքից ծանոթանալու նպատակով լրագրողական խումբն այցելեց նշված մարզերի որոշ համայնքներ:

«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակներում սոցիալական բնույթի աջակցություն է ցուցաբերվել Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 7 համայնքների՝ Արևիս, Բռնակոթ, Թասիկ, Սալվարդ, Արտավան, Հորս և Զանգակատուն: Առաջին հայացքից սոցիալական բնույթի խնդիրների լուծումը դժվար է կապել կենդանիների միգրացիոն գործընթացների հետ, սակայն Բնության համաշխարհային հիմնադրամի Էկոլոգիական միջանցքների ծրագրի ղեկավար Արմեն Շահբազյանը մեզ հետ զրույցում նշում է՝ WWF-ը զբաղվում է զուտ բնապահպանական խնդիրներով, բայց մոտեցումները բոլորովին այլ են:

«Այս ծրագիրը կոչվում է ֆինանսական մասնակցության ծրագիր: Մենք խթանում ենք համայնքի կողմից մասնակցությունը՝ համայնքնի խնդիրների լուծմանը: Այսինքն, մենք ուզում ենք, որ համայնքը մտածի, որոշի և իր խնդիրները լուծի: Մենք վստահ ենք, որ եթե իրենք չունենան այդ մոտեցումը, ապա բնապահպանական հարցերով էլ չեն կարողանալու զբաղվել: Մեր թիրախային կենդանիները բեզոարյան այծերն են, հայկական մուֆլոնը, կովկասյան ընձառյուծն ու կովկասյան գորշ արջը: Մեր նպատակն այն է, որ այդ կենդանիների նկատմամբ պահպանությունն ավելի բարձր մակարդակի լինի, բայց մենք ուզում ենք, որ համայնքը նույնպես մասնակցի դրան: Մենք նրանց միջոցներ ենք տրամադրել, բայց պայման չենք դրել ինչ խնդիր լուծել. իրենք պետք է որոշեն: Մենք ուզում ենք, որ այդ մոտեցումն իրենց մոտ զարգանա»,- մանրամասնում է նա: 

Ծրագրի շրջանակներում որոշ համայնքներում լուծվել է գիշերային լուսավորության խնդիրը, ինչը հնարավորություն կտա մարդկանց որոշ չափով վստահ լինել, որ վայրի կենդանիներն այլևս չեն մոտենա բնակավայրերին, իսկ կենդանիները՝ զգալով մարդկանց ներկայությունը ևս կզգուշանան: Այսպիսով, օրինակ՝ Զանգակատուն համայնքում իրականացվել է 3.5 կմ երկարությամբ ցանցի ստեղծում, 85 հատ էներգախնայող լապտերների և 36 էլեկտրասյուների տեղադրում:

«Միայն այս վերջին փուլի ընթացքում այս 7 համայնքների (Արևիս, Բռնակոթ, Թասիկ, Սալվարդ, Արտավան, Հորս և Զանգակատուն) համար տրամադրվել է մոտ 30 մլն դրամ: Բայց իրենք էլ են ներդրումներ արել, նաև աշխատանքի տեսքով, գործով էլ են մասնակցել: Բնակիչների արձագանքը շատ դրական է, և ես կասեի, որ այս՝ բնակիչներին հնարավորություն տալու մոտեցումը շատ ավելի արդյունավետ է, քան երբ դրսից մարդ է գալիս և ինքն է որոշում, թե տեղում ինչ է պետք: Ծրագիրը լինելու է շարունակական, արդեն անցնելու ենք կոնկրետ միջոցառումների կենդանիների պահպանության գծով»,- ասաց Արմեն Շահբազյանը:

WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը ևս ընդգծում է համայնքի բնակիչների մասնակցության կարևորությունը՝ ասելով. «Մենք փորձել ենք ֆինանսավորել իրենց գաղափարները: Զանգակատուն գյուղում առաջնահերթ խնդիրներից մեկը եղել է փողոցային լուսավորության խնդիրը: Այսպիսով, 3.5 կմ հատվածն ամբողջությամբ լուսավորվել է ծրագրի շրջանակներում, բացի դրանից մենք իրենց հետ կնքում ենք բնապահպանական պայմանագիր՝ 10 տարի տևողությամբ և տրամադրում ենք գումարներ, որպեսզի իրենք կարողանան իրականացնել նաև բնապահպանական որոշ ծրագրեր: Նաև նախատեսում ենք գումար գյուղի տարբեր խնդիրները լուծելու համար: Կոնկրետ այս գյուղում տարեկան մոտ 7000 եվրոյի չափ իրենք կունենան ազատ գումար, որը կարող են օգտագործել ըստ իրենց հայեցողության՝ գյուղի կարիքների համար»:

Զանգակատուն համայնքի ղեկավար Էմին Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծում է՝ լուսավորություն կար, սակայն քիչ ծավալով. «Գիշերով, որ անցնեք, կտեսնեք գյուղն ինչքան է սիրունացել»:

Պարույր Սևակի հայրենի գյուղը. հպարտությամբ փաստում են գյուղի բնակիչները, սակայն նաև նշում, որ գյուղում դեռ լուծմանը սպասող շատ խնդիրներ կան:

Հաջորդ կանգառն Արտավան համայնքում էր, որտեղ բնակիչների կողմից առաջնահերթություն է տրվել համայնքի ճանապարհի բարեկարգման խնդրին: Արդյունքում կատարվել է ասֆալտապատման, փոսալցման, ճանապարհի հարթեցման աշխատանքներ: Բարեկարգվել են նաև գյուղամիջյան ճանապարհները: Կատարվել է նաև ջրագծի անցկացում և վերանորոգում: Աշխատանքների համար ծրագրի կողմից տրամադրվել է 13 մլն ՀՀ դրամ:

«Արտավան գյուղն անտառամեջ է, շրջակայքն ամբողջությամբ անտառներով է ծածկված և պարբերաբար անտառներից վայրի կենդանիներն իջնում են գյուղ՝ վնասներ են տալիս, արջերը մեղվափեթակներն են ջարդում, գայլերն են հաճախակի տեղանքում թափառում, իսկ լուսավորությունն արդեն կենսական պահանջ էր: Գյուղի 40-45 տոկոսն արդեն լուսավորվել է, կարծում եմ մյուս տարի կհասցնենք 100 տոկոսի: Մեր համայնքի 9 գյուղերից 7-ը արդեն լուսավորվել են»,- ասում է Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը՝ նշելով, որ համայնքը դեռ բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի:

Արտավան համայնքի մոտակա տարածքում WWF հայաստանյանի գրասենյակի, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ և լրագրողների մասնակցությամբ իրականացվեց նաև ծառատունկ: Այս կառույցների համագործակցությունն ուղղված է Արտավան հայամքում նաև էկոտուրիզմի զարգացմանը:

Լրագրողների այցելության ժամանակ Արտավան համայնքում առաջին անգամ վառեցին նոր լուսագիծը: «WWF-ն ու Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան համագործակցում են էներգախնայող արտաքին լուսավորության համակարգի ստեղծման շրջանակներում: Նշեմ, որ մենք օգտագործել ենք լեդ լամպեր, որպեսզի ավելի քիչ էներգիա սպառվի համայնքի լուսավորության հետ միասին»,- ասում է WWF բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը:

Լրագրողական խումբն այցելեց նաև ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած 7 համայնքներից մի քանիսը: Բնակավայրերի առաջնահերթ խնդիրները հիմնականում նույնանման են՝ ջրագծի վերանորոգում, ջրի սանիտարական որակի, անխափան մատակարարման, լուսավորության ապահովում և այլն:

«Ծրագրի շրջանակներում լուծվել է լուսավորության և 3.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման խնդիրը: Աշխատանքներն ընթացել են իմ վերահսկողության տակ, կատարվել են բարձրագույն մակարդակով: Այն ժամանակ խավարի մեջ էինք, բայց հիմա երեկոյան ժամերին կարող ենք ազատ դուրս գալ, շրջել: Երկու փողոցում լուսավորությունն ընդհանրապես բացակայել է, իսկ որտեղ լամպերը չեն աշխատել, վերանորոգել ենք: Լուսավորությունը գրեթե լիարժեք ապահովված է»,- ասաց Սալվարդ համայնքի աշխատակազմի ղեկավար Հարութ Գալստյանը:

Սիսիանի խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն էլ փաստում է՝ 30 համայնք խոշորացվել է, բայց գրեթե բոլոր համայնքներում խնդիրները միանման են: «Ընդհանուր խնդիրները վերլուծել ենք և ըստ առաջնահերթության դրանք լուծում են ստանում: Բռնակոթը Սիսիանի ամենախոշոր համայնքն է և ասեմ, որ այստեղ բոլոր խնդիրները գրեթե լուծված են: Կա դպրոցի վերանորոգման խնդիր, որի մասին բարձրաձայնել ենք և կարծում եմ առաջիկայում կլուծվի»,- ասաց նա:

Առանձնանում է միայն 2103 բնակիչ ունեցող Բռնակոթ համայնքի խնդիրը: Այստեղ առաջնահերթ են համարել աշակերտների համար լավագույն ճաշարանի ստեղծումը: Իրականացվել է «Դպրոցի խոհանոցի կառուցում» միջոցառումը, որի արդյունքում 72 աշակերտ կապահովվի ամենօրյա տաք սննդով։ Խոհանոցի հանդիսավոր բացումն ուղեկցվեց աշակերտների մեծ ոգևորությամբ և հյուրերի մասնակցությամբ:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում