Առանց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի շատ տխուր կլիներ. համայնքի ղեկավար

«Մեղրու շրջանում տնտեսության ֆինանսական շրջանառության 85 տոկոսը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն է ապահովում»: Այս մասին օրերս Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը: 

Ըստ համայնքի ղեկավարի, համայնքում ամենամեծ զբաղվածությունը հենց Կոմբինատն է ապահովում: «Արաքսամերձ գյուղերը եթե չհաշվենք՝ այո՛, հանքարդյունաբերության ոլորտն է զբաղվածություն ապահովում, իսկ արաքսամերձ գյուղերում զարգացած է պտղաբուծությունը: Օրինակ՝ Նռնաձորում, Շվանիձորում, Մեղրիում և այլն»: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հարցադրմանը, թե արդյո՞ք այսքան երկար տարիներ հանքի շահագործումը բնակչության շրջանում խնդիրներ չի առաջացրել, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Այս թեմայով կարող ենք անվերջ խոսել, բայց մի բան կարող եմ հստակ ասել՝ առանց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի շատ տխուր կլիներ Մեղրի համայնքում ընդհանրապես կենսագործունեությունը: Բնությունը շատ կարևոր է, բայց նաև բնությունը մարդու վայելելու համար է, իսկ մարդը, որպեսզի տարածքում ապրի, պետք է աշխատանք ունենա, կարողանա իր կենսական հարցերը լուծել, ընտանեկան բյուջեն ունենա: Մեղրու շրջանում տնտեսության ֆինանսական շրջանառության 85 տոկոսը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն է ապահովում: Այդ պարագայում ես իմաստ չեմ տեսնում քննարկելու Կոմբինատի լինել, չլինելու կամ արդյունավետության հարցը: Դա իմ կարծիքը չէ, ես արտահայտում եմ ազգաբնակչության ճնշող մեծամասնության կարծիքը»:

Մեր հաջորդ դիտարկմանն այն մասին, որ արդյո՞ք չկա մտավախություն, որ Ագարակում կարող են կրկնվել Թեղուտի դեպքերը և մասնավորապես՝ հաշվի առնելով Կոմբինատի տնտեսության և զբաղվածության ապահովման գործում մեծ չափաբաժինը, արդյո՞ք մեկ օր համայնքը չի կանգնի լուրջ խնդրի առջև՝ չունենալով այլընտրանք, համայնքի ղեկավարը պատասխանեց.

«Աստված մի արասցե, եթե այդպիսի վիճակ լինի: Ցանկացած բնակավայրում ապրում է այնքան մարդ, ինչքան տարածքը տնտեսության տարբեր ոլորտներով, արդյունաբերությունով, առևտրով, սպասարկումով, կարողանում է զբաղվածություն ապահովել: Այսինքն, չեմ ուզում նույնիսկ քննարկեմ այդ տարբերակը, բայց եթե Թեղուտի դեպքը կրկնվի, մենք պետք է նախատեսենք, որ բնակչության խիստ նվազում տեղի կունենա: Բայց, Աստված մի արասցե, ոչ էլ հեռանկարում երևում է նման բան. Կոմբինատը գրաֆիկով առաջ է շարժվում, զարգանում է»:

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը պնդում է, որ ինքը տեղյակ չէ ոչ մի շեղումից և չի հանդիպել ընդդիմության ժողովրդի կողմից: «Համենայնդեպս, ես չեմ տեսել շեղում, չեմ առնչվել, ոչ էլ դիմադրություն եմ տեսել: Բնապահպանության նախարարությունը, պատկերավոր ասած, ուժեղ է և չեմ առնչվել այնպիսի թեմայի, որ Բնապահպանության նախարարությունը առաջադրանք հանձնարարի և չկատարվի»: 

Զրույցի վերջում, Մխիթար Զաքարյանը չպատասխանեց հատուկ պահպանվող տարածքներից, շրջակա անտառներից օգտվելու մասին հարցին՝ ասելով, թե շտապում է: 

Նշենք, որ Սյունիքի մարզում է գտնվում շուրջ 80 հազ. հա տարածք ընդգրկող «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, որը բաղկացած է «Շիկահող» պետական արգելոցից, «Սոսու պուրակ», «Խոստուփ», «Զանգեզուր», «Սև լիճ», «Բողաքար» պետական արգելավայրերից և «Արևիք» ազգային պարկից: 

 

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում