«Արևիկ» ազգային պարկի աշխատակիցները «թաքցրել» են 600-ից ավելի ապօրինի հատված ծառերը (ֆոտո)

2017թ.-ի դեկտեմբեր ամսին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները հայտնաբերել են 600-ից ավել ապօրինի հատված ծառեր, սակայն այդ մասին չեն հայտնել ո՛չ Ոստիկանությանը, ո՛չ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում հայտնեց «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը: 

Ըստ հաղորդվող տվյալների, ապօրինի ծառահատումները «Արևիկ» ազգային պարկի տարածքում են իրականացվել։ «Արևիկ» ազգային պարկը ստեղծվել է 2009թ.-ին և մտնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ։ Նշված դեպքը տեղի է ունեցել Մեղրու տարածաշրջանի Լիճք, Տաշտուն, Վահրավար և Թղկուտ տեղամասերում։

 

Հրապարակված լուսանկարներն արվել են դեպքի վայրից, այն պահին, երբ ենթադրվում է, որ աշխատակիցները պետք է գրանցեն հայտնաբրվածն ու այդ մասին տեղեկացնեն համապատասխան մարմնին: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցներից մեկը գրանցում խախտումը։ Երևում է նաև գրանցամատյանը, ինչը ենթադրում է, որ հայտնաբերված կոճղերը պետք է նաև համարակալվեն։ 

Մենք զրուցեցինք նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանի հետ, ով հայտնեց, որ տեսչական մարմինն ուսումնասիրում է ահազանգը և այդ մասին մանրամասն տեղեկություններ կհայտնի ավելի ուշ: 

Նախնական տվյալներով հատվել են հիմնականում կաղնիներ, ինչպես նաև բոխի, թխկի տեսակի 20-30 տարեկան ծառեր: Այսպիսով, շրջակա միջավայրին հասցված վնասի չափն անգամ կարող է անցնել 10 մլն դրամը: 

Ըստ Նարինե Կիրակոսյանի տվյալների, այս ապօրինության մասին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրինությունը լռել է։ Ավելին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ներկայացրել է 0-ական խախտումներ։ Տեսչական մարմնի տնօրեն Եղիշ Տերտերյանը տարակուսանք է հայտնել, որ այսպիսի «օրինապաշտ» ազգային պարկ ունենք և պահանջել, որ իր ղեկավարած մարմինը անցկացնի ստուգումներ:

Որոշ տեղեկություններով, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը տեղյակ է եղել խախտումներին, նաև ներկա է գտնվել վերը նշված գործընթացին, սակայն պնդում է, որ տարածքները չեն մտնում «Արևիկ» ազգային պարկի մեջ։

Նշենք, որ «Արևիկ» ազգային պարկի սահմանները հստակ սահմանվել են ՀՀ կառավարության որոշմամբ:

Ըստ 2009 թվականի N 1209-Ն Կառավարության որոշմամբ, այն ընդգրկում է Մեղրի գետի ջրհավաք ավազանի վերին, միջին հատվածները` Տաշտուն գյուղից մինչև Լեհվազի և Վահրավարի գյուղական համայնքների վարչական սահմաններից դուրս` Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի վրա գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը` 34401.8 հեկտար ընդհանուր մակերեսով: 

Ուշագրավ է նաև, որ Վարդան Գևորգյանը 2002է.-ից աշխատել է Կապանի կադաստրում՝ բաժնի պետ: 

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում