Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Այս անգամ խոսքը գնում է «երկակի» կյանքով ապրող անձնավորության մասին: 37-ամյա Վոլոդյա Ղազարյանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ վերջինս ՀՀ ոստիկանության ծառայող է, սակայն ժամանակ առ ժամանակ սահուն կերպով վերածվում է «անխիղճ որսորդի»: Հենց այսպես էլ ինքն իրեն անվանում է երիտասարդ ոստիկանը: «Անխիղճ որսորդն» անգամ առանձին հաշիվ ունի սոցիալական ցանցում, որտեղ զետեղված են անհամար լուսանկարներ՝ թե՛ նրա առօրյան, թե՛ որսը ցուցադրող:

Պարզվում է, Ոստիկանության ծառայող «անխիղճ որսորդ» Վոլոդյա Ղազարյանը ապօրինի որսի սիրահար է: Ահա, թե ինչպես է վերջինս օրենք պահպանողից վերածվում օրենք խախտողի:

Համացանց բեռնված բազմաթիվ լուսանկարներն ապացուցում են՝ դրանց հեղինակն իսկապես «անխիղճ» է:

Նա երկար տարիներ զբաղվում է «որսով», հատկապես՝ անօրինական: Բեռված են լուսանկարներ դեռ 2011թ.-ից: Ներկայացնենք դրանցից ամենաուշագրավները:

Ինչպես տեղեկանում ենք՝ Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից, ստորև ցուցադրված լուսանկարում Անդրկովկասյան փասիան է, որը ներառված է թե՛ ՀՀ Կարմիր գրքում, թե՛ IUCN Կարմիր ցուցակում:

Հաջորդ լուսանկարում Կովկասյան մայրեհավ է, որը նույնպես վտանգված տեսակ է ու ներառված է ՀՀ Կարմիր գրքում, IUCN Կարմիր ցուցակում:

Վերոնշյալ լուսանկարում, փորձագետների պնդմամբ, կա նաև շատ հազվագյուտ թռչնատեսակ. Կարմրախածի բադ, որը գրեթե չի հանդիպում: Այս թռչնատեսակը ներառված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «VU» (վտանգված) կարգավիճակով:

Ստորև ցուցադրված լուսանկարի աջ կողմում կրկին Փասիան է՝ ընդգրկված ՀՀ Կարմիր գրքում:

Եվս երկու քիչ տարածված տեսակ գրանցված ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև IUCN Կարմիր ցուցակում. Խայտաբադ և Մոխրագույն սագ:

Լուսանկարներում հանդիպում ենք նաև սպանված խոշոր կաթնասունների, գիշատիչ թռչունների և անգամ կատվազգի գիշատչի:

Լուսան. Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում։ Սովորաբար այս կենդանատեսակը որսվում է մորթու օգտագործման կամ խրտվիլակ պատրաստելու նպատակով:

Հայկական մուֆլոնը ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև ներառված է IUCN Կարմիր ցուցակում «Vulnerable A2cde» կարգավիճակով, և ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»: Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները: Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում:

Լուսանկարներում հավանաբար Հայաստանյան ճուռակ և Կրետակեր է:

Արդեն մի քանի տարի է, ինչ նապաստակի որսը չի թույլատրվում, ինչպես նաև «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ կետով արգելվում է «գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների (աղբյուրների) կիրառմամբ որսը»:

Վոլոդյա Ղազարյանը նաև 2017թ.-ին հրապարակել է լուսանկարներ, որտեղ որսված են որսատեսակ չհանդիսացող (որսը թույլատրված չէ), միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված թռչնատեսակներ:

Լուսանկարում Կարմիր բադ է, որը որսատեսակ չի հանդիսանում: Ավելին, ըստ որոշ տվյալների, ներկայումս ամբողջ աշխարհում Կարմիր բադի բոլոր համակեցություններում թվաքանակի կտրուկ և անարգել անկումը սպառնալիքի տակ է դնում տեսակի գոյությունը։ ՀՀ-ում այն կրճատվել է ավելի քան 10 անգամ, հատկապես՝ Սևանա լճի ավազանում, որովհետև լճի մակարդակի նվազման հետևանքով բները լճափերից բավական հեռու են մնացել։ Լուսանկարում պատկերված մյուս թռչունը Եգիպտական ձկնկուլ է, որի որսը ևս թույլատրված չէ: Երկու տեսակներն էլ ընդգրկված են IUCN Կարմիր ցուցակում (LC):

Ինչպես և նախորդ դեպքերում, այս անգամ ևս ուշագրավ է «որսորդի» վերաբերմունքը կենդանու նկատմամբ, որն արտահայտվում է մեկնաբանությամբ: «Թռավ էկավ մոտներս կանգնավ ասեց ինձ խփեք թե չէ էթում եմ ինքնասպան լինեմ, մենք էլ ինչ կարայինք անեյինք, (օգնեցինք խեղճին որ ցանկությունը կատարվեր)»,- գրել է «անխիղճ որսորդը»:

Լուսանկարում Կարմիր բադ է, գրանցված IUCN Կարմիր ցուցակում:

«Որսորդներից կազմված սպեցը»

Ի դեպ, հետաքրքիր է նաև, որ «անխիղճ որսորդը» տխրահռչակ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանի «ընկերն» է: Արժե «չծանրաբեռնել» Ոստիկանության աշխատակիցներին իրենց ծառայակցի հնարավոր ապօրինությունները հետաքննելու դիմումով, քանի որ, հավանաբար, ինչպես քահանան էր սունկ հավաքելու պահին թռչուններին հանդիպել սատկած վիճակում և լուսանկարվել, այդպես էլ Վոլոդյա Ղազարյանը որսագողերին հայտնաբերելու պահին որոշել է լուսանկարվել «գտածոյի» հետ: Միգուցե այսպես է բացատրվում իրավապահ մարմինների տարիներ շարունակ ցուցաբերվող անտարբերությունը բնության, կենդանական աշխարհի նկատմամբ:

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում