Մասիսում գյուղացիները ոռոգում են իրականացրել կոյուղաջրով (ֆոտո)

Օրեր առաջ Մասիս քաղաքի բնակիչներն ահազանգեցին՝ քաղաքում տարածվել է գարշահոտություն: Այս ահազանգին միանգամից արձագանքեցին մի քանի պետական գերատեսչություններ՝ ստուգելու համար արդյո՞ք այս դեպքն արդյունք է «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած հրդեհի: Դեպքի մանրամասներն արդեն որոշ չափով հայտնի են դարձել Բնապահպանական և ընդերքի տեսչության կատարած ուսումնասիրությունների արդյունքում:

Պարզվել է, որ տարածված գարշահոտության հիմնական պատճառը եղել է Մասիս քաղաքով անցնող կոյուղագծի տարբեր հատվածներում հայտնաբերված կոտրվածները: Նշված կոյուղագծով են անցնում նաև մի շարք արտադրական ձեռնարկությունների գործունեության ընթացքում ձևավորված կոյուղահոսքերը:

«Հարուցված վարչական վարույթի ընթացքում պետք է ուսումնասիրվեն բոլոր ձեռնարկությունները: Խոսքը գնում է մոտ 10 ձեռնարկության մասին: Կոյուղագիծը կոտրված է տարբեր տեղերից և բնականաբար դա կունենա ազդեցություն, որովհետև, եթե սահմանված է, որ կոյուղագիծը պետք է հոսի ինչ-որ կոնկրետ մակերեսով, խողովակատարի միջով, ապա կոտրվելու դեպքում կոյուղագծի պարունակությունը շփվում է մթնոլորտի հետ ավելի մեծ մակերեսով»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը: 

Ամենայն հավանականությամբ կոյուղագիծը կոտրել են հենց իրենք՝ գյուղացիները, քանի որ այդ ջրով իրականացվել է նաև ոռոգում. «Այդ կոտրված մասերը բացահայտել են մեր տեսուչներն՝ իրականացված այցերի ընթացքում: Հավանաբար կոյուղագիծը կոտրել են գյուղացիները, քանի որ մենք պարզել ենք, որ այդ ջրով իրականացվել է նաև ոռոգում: Հետագայում առավել մանրամասն տեղեկություններ կհայտնենք»,- ասաց պարոն Պեպանյանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում