Նախարարները գալիս, լսում են աղտոտվածության մասին, բայց գնում, կորում են. Դավիթ Պիպոյան

«Լեռնահանքային ոլորտի արդեն շահագործվող և ծրագրավորվող գործունեությունը Հայաստանի գյուղատնտեսության և ընդհանրապես սննդամթերքի անվտանգության վրա բացասական ազդեցություն են թողնում: Նկատած կլինեք, որ արդեն տարբեր պատվիրված միջազգային հետազոտություններ են արվում և միջազգային փորձագետներ են արձագանքում, որ չի կարող այսպես շարունակվել»,- այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: 

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարն ասաց. «Մենք մեզ մոտ ունենք նաև շատ լավ աշխարհատեղեկատվական և հեռազննման համակարգ, որը նաև կարող է համապատասխան քարտեզների միջոցով կոնկրետ իրատեսական պատկեր տալ, թե որ զոնաները, որ էլեմենտներով են աղտոտված և որ գյուղատնտեսական կուլտուրաներն են երաշխավորվում այդ շրջաններում, բայց մեր երկրում պետական մարմինները ցավոք սրտի աշխատում են ոչ թե ի շահ ազգաբնակչության, այլ որոշ դեպքերում գուցե արտադրության»:

Այս կոնտեքստում խոսելով Սևանա լճի մասին, պարոն Պիպոյանն ասաց. «Տեսնում եք ամբողջ աշխարհում ջուրն ու ջրի անվտանգությունն ինչ մակարդակի վրա է: Ջուրը դառնում է նավթից թանկ: Տեսնում եք՝ շշալցված ջրերը տարբեր երկրներում ինչ գներով են վաճառվում: Մի քանի տարի հետո Միջին Ասիայում ջրի անվտանգության խնդիրը մեծ մասշտաբների է հասնելու: Այսօր մենք ունենք Սևան՝ քաղցրահամ ջրի ռեզերվուար, և այսօր մենք պլանավորում ենք գործունեության տեսակ, որը պարունակում է ռիսկեր մեր Սևանի համար»:

Նշենք, որ Էլոկոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի խմբերը եղել են ՀՀ տարբեր զոնաներում, այդ թվում՝ Սյունիքում, Լոռիում: Այս տարածքներում հայտնաբերվել է տարբեր էլեմենտներով աղտոտում՝ պղնձով, մոլիբդենով, քրոմով, կապարով, երբեմն անգամ մկնդեղով և սնդիկով: 

«Նորանշանակ բոլոր նախարարներին էլ տեղեկացրել ենք: Բոլորն էլ եկել են մեր կենտրոն: Չեմ կարող ասել՝ տեսե՛ք, չեն ուզում լսել, ո՛չ: Լսում են և ասում՝ անպայման կհամագործացենք, շատ հետաքրքիր հետազոտություններ են, բայց գնում, կորում են»,- ասաց Դավիթ Պիպոյանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում