Արարատյան դաշտավայրն աղտոտված է մկնդեղով և DTT-ով

«Արարատյան դաշտավայրում կան տարածքներ, որոնք մկնդեղով, DTT-ով են աղտոտված»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

«Քանի որ մենք գիտական կազմակերպություն ենք, կարող ենք կարծիք հայտնել միայն գիտական հետազոտությունների հիմման վրա: Անկեղծությամբ պետք է ասեմ, որ կոնկրետ Սևանում բուծվող ձկների կերերի հետազություն և փորձաքննություն չենք իրականացրել, բայց մենք իրականացրել ենք կերերի փորձաքննություն Արարատյան հարթավայրի ձկնային տնտեսություններում օգտագործվող կերերով: Այդ թվում՝ ասեմ, որ մենք և՛ ձկան կերի ստանդարտի նախագիծ ենք մշակել, և՛ ձկնաբուծարաններում լողավազանի ջրի 2 ստանդարտ է մեր կենտրոնը մշակել: Ինչ խոսք, այո՛, պետք է ասեմ, որ այդ ներկրված կերերը ոչ միշտ են լավ որակի: Շատ հետաքրքիր հետազոտություն մենք իրականացրեցինք. մենք ուսումնասիրել ենք լողավազանի ջուրը, հարակից շրջանների հողը, կերը և ձուկը, որպեսզի հասկանանք նույն ծանր մետաղների միգրացիան ձկնաբուծական շղթայում: Ինչն էր խնդիրը. Արարատյան դաշտավայրում կան տարածքներ, որոնք մկնդեղով, DTT-ով են աղտոտված: Մենք ուզում էինք հասկանալ արդյո՞ք կա միգրացիա: Հետաքրքիր էր, որ այն տնտեսությունները, որոնք բետոնային էին միգրացիա չկար ընդհանրապես: Այսինքն, մաքուր ջուր էր օգտագործվում և հողն էլ բետոնապատ էր և հետևաբար ձկան օրգանիզմում հայտնաբերված մետաղների քանակները պայմանավորված էին կերով: Երբ կերը փորձաքննության ենթարկեցինք, տեսանք, որ իսկապես կերով է պայմանավորված, և հետևաբար, որքան ձուկը մեծ է, այդքան մետաղի քանակությունը, կոնցենտրացիան ավելանում է, քանի որ յուղ պարունակող մթերք է, իսկ մետաղները սիրում են յուղի մեջ տեղակայվեն»,- մանրամասնեց նա:

Նշենք, որ բնապահպան Սիլվա Ադամյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել է. «Սա բիզնես է, որը, ցավոք սրտի, հաշվի չառավ Սևանի բնական էկոհամակարգը, ինչպես նաև շատ-շատ գիտնականների խոսքը: Մարդիկ բիզնես են դրել և փորձում են դրա վրա փող աշխատել, բայց պետք է ոլորտը գոնե վերահսկողության տակ պահել: Նման գործունեության արդյունքում դեպի լիճ է արտանետվում արհեստական կերեր, որոնց մեջ որոշ մաս GMO է պարունակվում: Այդ ամբողջ կերը, իհարկե, ձուկը չի կարող յուրացնել: Այն նստում է լճի տակ, միանում է տիղմին, իսկ մյուս մասն էլ բարձրանում է դեպի ջրի երեսը և սա լուրջ խնդիր է դառնում ջրի աղտոտման, ջրի որակի տեսանկյունից: Գիտնականները սրա մասին խոսում են, ասում են, որ այդ մասերում՝ որտեղ ձկնաբուծություն է զարգանում պետք է տիղմի, ջրի անալիզ անել: Պետք է շատ նուրբ ու լուրջ վերաբերվել լճին: Եթե որպես բնապահպան ինձ հարցնեք, ես ճիշտն ասած կատեգորիկ դեմ էի այդ արհեստական ձկնաբուծությանը: Ես կարծում էի, որ հնարավոր է լիճը բերել այն մակարդակին, որ ինքը՝ ձուկը սկսի բազմանալ: Պետք է ստեղծել այդպիսի իրավիճակ: Շատ հիդրոէկոլոգներ, ձկնաբաններ կարծում են, որ հնարավոր է ոչ արհեստական ձևով Սևանա լճի վիճակն այնքան բարելավել, որ ձուկն ինքը բնական միջավայրում բազմանա: Ցավոք սրտի, մեզ ոչ ոք ականջ չդրեց և ունենք այն ինչ ունենք: Ժամանակ առ ժամանակ պետք է հետևել, մոնիթորինգի ենթարկել այդ տարածքները ու զգույշ լինել, հասկանալ թե այնտեղ ինչ է կատարվում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում