FPWC-ի մասնավոր պահպանվող տարածքը Խոսրովի «թիկունքն» է ու այդ նպատակով է ստեղծվել. Ռուբեն Խաչատրյան

Մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցակիցն է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, ում հետ զրուցեցինք վերջերս Հայաստանի տարածքում բռնկված հրդեհների և դրանց հետևանքների մասին:

- Պարոն Խաչատրյան, Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհը որոշակի վնաս էր հասցրել նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից վերահսկվող տարածքին։ Համենայն դեպս, կազմակերպությունը հանդես էր եկել նման հայտարարությամբ։ Դուք գնահատե՞լ եք ձեր կորուստները, արդեն կարո՞ղ եք որոշակի թվեր ասել։

- Խոսրովի արգելոցում տեղի ունեցած ողբերգության կողքին մեր կորուստների մասին խոսելը չգիտեմ՝ ճիշտ է, թե ոչ։ Մոտավորապես 300 հա հրդեհվել է, ցավոք մի զգալի մասն անտառածածկ տարածք՝ գիհիներ, կաղնիներ։ Խոսրովի արգելոցի կորուստները տասնապատիկ շատ են, բայց այդ կորուստները չեն կարող լինել մեր հիմնադրամինը կամ Խոսրովի արգելոցինը։ Այդ կորուստները բոլորինն են՝ Հայաստանի բնաշխարհինը ու Հայաստանի քաղաքացունը։ Դրանք ահռելի են, որոշները նույնիսկ գործնականում անվերականգնելի։

- Ինչպե՞ս է գնահատում ձեր կազմակերպությունը հրդեհաշիջման բուն գործողությունները, նաև այն, թե ինչպես էին պատրաստված պատկան մարմինները հնարավոր հրդեհին։

- Հրդեհի օրերին ես և մեր ապաստարանի ռեյնջերները առավոտից մինչև ուշ գիշեր մասնակցում էինք շիջման աշխատանքներին, այսինքն մեր աչերով ենք տեսել, թե ինչ է կատարվում։ Ընդհանուր առմամբ թերացումներ եղել են, դրանց մասին բոլորս գիտենք, ու կարծում եմ՝ դասեր էլ կքաղենք։ Բայց հիմնականում աշխատանքը տարվել է բոլոր ուժերի գերլարումով։ ԱԻՆ-ը, Խոսրով անտառապահները, զինվորականները, հարակից համայնքների բնակիչները ամեն օր անհավասար պայքար են մղել կրակի դեմ։ Բայց իրականությունն ապացուցեց, որ մարդկային ուժն ի զորու չէ նման ծավալի աղետին դիմակայելու, լուրջ սարքավորումներ են անհրաժեշտ։ Հիմա FPWC-ն դրամահավաք է նախաձեռնել գերմանական Unimog բազմագործառույթ ավտոմեքենա ձեռք բերելու համար, գումարի կեսն արդեն հավաքված է հիմնադրամի գործընկերների՝ Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեի (IUCN Netherlands), World Land Trust-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվությունների շնորհիվ։ Այս մեքենան նման դեպքերում արագ արձագանքման լավագույն լուծումներից մեկն է, և կկիրառվի ոչ միայն Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, այլև ՀՀ բոլոր պահպանվող տարածքներում՝ ըստ անհրաժեշտության։ Մեքենան ոչ միայն հրդեհի դեպքում է անփոխարինելի, այլև այլ բնական աղետների՝ երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ:

- Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանը մասնավոր պահպանվող տարածք է։ Վերջերս Բնապահպանության նախարարության «Բնություն» շաբաթաթերթում պաշտոնական հաղորդում էր տեղադրվել, թե Խոսրովին վտանգ ներկայացնող հանգամանքներից են նրա տարածքում գտնվող և արգելոցի ամբողջականությունը խաթարող համայնքային ու մասնավոր տարածքները։ Կարծում եք՝ դա ձեր հիմնադրամին է՞լ էր վերաբերում։

- Ներեցեք, բայց այս հարցը շատ արհեստական է։ Մեր կողմից պահպանվող մասնավոր տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, Խոսրովի արգելոցի բնականոն շարունակությունն է, ու դրա ստեղծման հիմնական նպատակներն են՝ ապահովել Խոսրովի արգելոցի «թիկունքն» ու պաշտպանել վայրի կենդանիների միգրացիոն ճանապարհների ևս մի էական հատված։ Դա հստակ հասկանալի է բոլոր պատկան մարմիններին ու կազմակերպություններին, նույնիսկ բնապահպանական ոլորտը չներկայացնող գրագետ մարդկանց։ Հակառակ կարծիքը անտրամաբանական ու ծիծաղելի է։ Այնպես որ բացառում եմ, որ Բնապահպանության նախարարության հաղորդման մեջ ԿԿԱ-ն են նկատի ունեցել։

Նյութը պատրաստվել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում