Լվիճներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Լվիճներ (լատ.՝ Aphidodea), հավասարաթևերի կարգի միջատների ենթաընտանիք։ Մանր, նուրբ միջատներ են։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 0,5-6 մմ է։ Թևավոր լվիճներ ունեն 2 զույգ միակերպ թևեր՝ ջղերի նոսր ցանցով։ Բերանային ապարատը ծակող-ծծող է։

Սննդառություն
Մարմինը ծածկված է նուրբ աղվամազով կամ մոմաշերտով։ Սնվում են ասեղնատերև և ծածկասերմ բույսերի հյութերով։

Կենսակերպ
Սովորաբար նստում են ծառերի վրա՝ մեծ գաղութներով։ Շատ տեսակների ծակոցից առաջանում են բուսական հյուսվածքներն այլանդակող տարաճումներ (գալեր), ոլորքներ, հաստացումներ, կնճռոտումներ, ծռումներ, ճնշվում է բույսերի աճը։ Շատ լվիճներ արտազատում են քաղցր՝ մեղրացողի նման հյութ։

Տեր-բույս հարաբերություններ
Օժտված են խիստ ընտրողականությամբ տեր-բույսի տեսակի և բույսի որոշակի մասերի հանդեպ։ Կան լվիճներ, որոնց զարգացման բոլոր փուլերն ընթանում են միևնույն բույսի վրա (միատեր) կամ տարբեր բույսերի վրա (բազմատեր)։ Լվիճներ ունեն բարդ կենսակերպ։

Բազմացում և զարգացում
Ձմեռում են բեղմնավորված ձվերը, գարնանը ձվերից դուրս են գալիս անթև էգերը, որոնք բազմանում են առանց բեղմնավորման (կուսածնությամբ)՝ սկիզբ տալով շարժուն լվիճների։ Ամառվա ընթացքում լվիճներ տալիս են մի քանի սերունդ, և տեղի է ունենում սերունդների հերթափոխություն։ Բազմանում են շատ արագ, ամառվա ընթացքում 1 անհատը կարող է աճել 1013 անգամ։

Վնաս և պայքարի միջոցներ
Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Վնասակար լվիճների տեսակային կազմը բավական մեծ է։ Դրանցից է խաղողի ֆիլոքսերան (Viteus vitifolie), որի դեմ դեռևս պայքարի էժան և արդյունավետ եղանակ մշակված չէ։ Այգեգործությանը մեծ վնաս է պատճառում արյունային լվիճը (Eriosoma lanigerum), որի դեմ պայքարում են կենսաբանական եղանակով։ Խնձորենու կանաչ լվիճը (Aphlis pomi) ամառվա ընթացքում բազմանում է կուսածնությամբ, տալիս է 7-17 սերունդ։ Դրա դեմ կարելի է պայքարել գարնանային ցողարկումների միջոցով՝ օգտագործելով կարբոլինեումի էմուլսիա, այդ լվիճի բնական թշնամին զատիկն է։ Ճակնդեղի լվիճը (Aphis fabae) ամառվա ընթացքում տալիս է 10-12 սերունդ։ Դաշտավլուկազգիների արմատային լվիճը մեծ վնաս է հասցնում ծխախոտի, ճակնդեղի, լոբու ցանքերին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում