Խլուրդներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Խլուրդներ (լատ.՝ Talpidae), միջատակերների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք։ Հիմնականում հարմարվել են ստորգետնյա կյանքին։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 9-23 սմ, դունչը երկար է, կնճիթանման։ Ականջի արտաքին խեցին բացակայում է, առջևի վերջավորությունները կարճ են, լավ զարգացած։ Մազածածկը թավշանման է, առանց խավի։ Տեսողությունը թույլ է, որոշ տեսակների աչքերը ծածկված են մաշկային բարակ թաղանթով։ Հոտառության և շոշափելիքի օրգանները լավ զարգացած են։

Հայտնի է 4 ենթաընտանիք, 17 սեռ և մոտ 40 տեսակ, որից սևծովյան խլուրդները (լատ.՝ Talpa orientalis) տարածված են նաև Հայաստանի Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Շամշադինի, Ալավերդու և Սևանի շրջաններում։ Ապրում են խառը և սաղարթախիտ անտառներում, մարգագետիններում, երբեմն այգիներում ու բանջարանոցներում։ Փորում են խորը, բարդ անցուղիներով բներ։ Սնվում են անձրևորդերով, միջատներով ու թրթուրներով։ Բազմանում են տարեկան մեկ անգամ, ունենում 4-5 ձագ։ Մորթին բավականին արժեքավոր է։ Նախկին ԽՍՀՄ-ում խլուրդների որսը սահմանափակված է օրենքով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում