Սպիտակաբեղ շահրիկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Սպիտակաբեղ շահրիկ (լատ.` Sylvia mystacea), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին տեսք
Փոքր շահրիկ է, պոչը՝ երկար, մուգ, ոտքերը՝ բաց գույնի։ Արուի մարմինը վերևից մոխրագույն է, ներքևից՝ բաց վարդագույն։ Գագաթը և դիմային մասը սև են, աչքերը՝ կարմրավուն, ակնօղակը՝ բաց կարմիր, ունկընկալի տակ կա սպիտակ շերտ։ Էգի մարմինը վերևից դեղնա–դարչնագույն է՝ մոխրագույն երանգով, ներքևից՝ ավելի բաց գույնի, ակնօղակը՝ սպիտակ։

Կենսակերպ
Աշխույժ է, վտանգ ահազանգող աղմկոտ ձայնը ճռռոցներ է հիշեցնում։ Բնակվում է կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում։

Սննդառություն
Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով, սերմերով։

Բնադրում
Գարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ կեսից։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի վերջից։ Բազմաթիվ արուների երգը լսվում է մայիսից հունիս, կրկնակի բնադրման դեպքում կարող է ձգձգվել մինչև հուլիսի 1-ին կեսը։ Ակտիվ հարսանեկան խաղերը նկատվում են մայիսի սկիզբ-հունիսին, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հուլիսի սկիզբը։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիս-հունիսին։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 100-110 մմ)՝ չոր խոտաբույսերից (հիմնականում եղեսպակից), մազարմատներից, ձիու մազից։ Բնադրում է թփուտներում, կառուցում են էգը և արուն։ Կառուցման ավարտից 1-3 օր անց հայտնվում են առաջին ձվերը։ Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակից բաց ձիթապտղագույն՝ դարչնագույն պտերով 4-5 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 12-13 օր։ Ձագերը հայտնվում են հունիսի կեսերից հուլիսի 1-ին տասնօրյակը, զարգանում են շատ արագ և 11-12-րդ օրը ակտիվ ու ճարպիկ կիսաթռիչքով թաքնվում են մոտակա թփուտներում, ևս 1 շաբաթ ծնողների հսկողությամբ ձեռք են բերում աներեր թռչելու ունակություն և կազմում երիտասարդ թռչունների ընտանեկան խմբեր։ Ձագերին կերակրում են էգը և արուն, ջրի պահանջը բավարարում են ուղտափշի վրայի փրփրանման հեղուկը (միջատների արտազատուկ) կտուցով ձագերին փոխանցելով։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի ընթացքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում