Խայտաբղետ նրբագեղիկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Խայտաբղետ նրբագեղիկ (լատ.՝ Prunella ocularis), նրբագեղիկների ընտանիքի թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 15,5 սմ է, թևերի բացվածքը՝ 22-23 սմ։ Գլուխը ցայտուն նախշերով է, հասունի հոնքը՝ լայն, սպիտակ, ունկընկալը և գագաթը՝ դարչնագույն-սև։ Կուրծքը, մարմնի կողքերը բաց նարնջագույն են՝ թույլ խայտերով։ Երիտասարդի փետրավորումն ավելի խամրած է, մարմինը ներքևից՝ բաց դարչնագույն՝ բազմաթիվ խայտերով։ Թաքնված թռչուն է, երգում է գլաքարերին նստած։ Կերակրվում է ցածր զառիթափերի, քարերի, թփուտների մոտ։

Սննդառություն
Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։

Բազմացում և զարգացում
Գրանցված է ՀՀ բարձրադիր լեռնազանգվածների 15 կետում (2280-3200 մ բարձրություններում)։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից և փետուրներից։ Բնադրում է թփուտներում, գերադասում է գիհու փռված խիտ, լավ քողարկված ճյուղերը։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի սկզբից մինչև հունիս։

Դնում է 20 մմ տրամագծով, կապույտ 3-5 ձու։ Թխսակալում է հավանաբար էգը։ Նորելուկ ձագերը գրանցվում են մայիսի 2-րդ տասնօրյակից։ Թռիչքին հմուտ տիրապետում են հուլիսի 2-րդ տասնօրյակից սեպտեմբերի սկիզբը։ Բնադրում է ոչխարների հոտերի ամառային զանգվածային արածեցման տարածքներում, որը վտանգավոր է՝ թվաքանակի նվազման առումով։

Կարիք ունի պահպանության միջոցների խստացման և ՀՀ Կարմիր գրքում գրանցման։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում