Կեռնեխանման եղեգնաթռչնակ. ՀՀ Կենդանական աշխարհը

Կեռնեխանման եղեգնաթռչնակ (լատ.՝ Acrocephalus arundinaceus), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող–չվող է, տարածված։ Մարմնի երկարկարությունը 19-20 սմ է, թևերի բացվածքը՝ 25-29 սմ, կենդանի զանգվածը՝ 27-32 գ։ Խոշոր է, ոտքերն ու կտուցը՝ ամուր։ Հոնքը բաց գույնի է, սանձիկը՝ մուգ։ Մարմինը վերևից ձիթապտղագույն-դարչնագույնից շիկակարմիր-դարչնագույն է, գոտկատեղը՝ ավելի բաց, ներքևից՝ աղոտ սպիտակ, կողքերը՝ ավելի մուգ։ Երգում է խռպոտ, բայց հեռուն տարածվող զրնգուն ձայնով՝ եղեգի ծայրին նստած։ Բնակվում է ճահճուտներում։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ մարտի առաջին կեսից։ Բները հայտնվում են ապրիլի կեսերին, կառուցում են էգը և արուն՝ 8 օրում։ Բույնը գավաթաձև է՝ եղեգից, եղեգի ցողունին ամրացված, երբեմն բնադրում է նախորդ տարվա խարխլված բնում։ Առաջին ձվերը հայտնվում են մայիսի առաջին կեսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի առաջին օրերին։ Դնում է 23 մմ տրամագծով, բաց կապույտից կանաչ՝ մուգ դարչնագույն պտերով 3-5 ձու։ Սովորական կկուն գերադասում է ձվադրել կեռնեխանմանի բնում՝ ձվերի գույնը նմանեցնելով տիրոջ ձվերի գույնին։ Թխսակալումը 14 օր է։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 13-14-րդ օրը։ Հուլիս-օգոստոսին գրանցվում են ընտանեկան խմբեր՝ թռիչքին հմուտ տիրապետող ձագեր և երիտասարդ թռչուններ։ Կրկնակի բնադրման դեպքում էգը, առաջին բնից դուրս եկած ձագերի խնամքը թողնելով արուի վրա, նոր բույն է պատրաստում, թխսակալում, ապա արուի հետ անցնում 2-րդ բնի ձագերի կերակրմանը։ Աշնանային չուն՝ մինչև հոկտեմբերի առաջին կեսը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում