Սևագլուխ դրախտապան. ՀՀ Կենդանական աշխարհը

Սևագլուխ դրախտապան (լատ.՝ Emberiza melanocephala), դրախտապանների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին տեսք
Գեղանի կեցվածքով թռչուն է։ Մարմնի երկարություն 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 2630 սմ, կենդանի զանգվածը՝ 23-30 գրամ։ Հասուն արուի գլուխը սև է, մարմինը վերևից՝ դարչնագույն-շիկակարմիր, թևերը՝ սևավուն, մարմինը ներքևից՝ դեղին։ Էգի մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է, ներքևից՝ փոփոխական բաց դեղին։ Երիտասարդն ավելի բաց գույնի է և խայտավոր, ներքնապոչը՝ բաց դեղին։ Արուներն անընդմեջ երգում են՝ տեսանելի տեղում նստած։ Բնակվում է բաց թփուտային տարածքներում՝ կիսաանապատներից մինչև ենթալպյան մարգագետիններ։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։

Կենսակերպ
Գարնանային վերադարձը՝ մայիսի առաջին տասնօրյակին։ Արուները էգերից 3-5 օր շուտ սկսում են միալար, հոգնեցուցիչ երգը։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են մայիսի երկրորդ տասնօրյակից հունիսի վերջը։ Զուգավորմանը համընթաց էգը զբաղվում է բնի կառուցմամբ (մայիսի երկրորդ տասնօրյակից մինչև հունիսի վերջը)՝ 5 օրվա ընթացքում (1 ժամում 10 անգամ շյուղեր է բերում բույն)։ Արուն ուղեկցում և պաշտպանում է էգին։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից հյուսված։ Բնադրում է գետնին, ցածր թփուտներին, հազվադեպ՝ ծառերին։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջից։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ՝ մուգ պտերով 3-5 ձու։ Թխսակալում է էգը' 13-14 օր։ Ձագերը բներում հայտնվում են հունիսի առաջին կեսից հուլիսի առաջին տասնօրյակը, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հուլիսի վերջը։ Անվտանգ պայմաններում բնից դուրս են գալիս կյանքի 9-10-րդ, վտանգի դեպքում՝ 7-8-րդ օրը։ Բնային կյանքում ձագերին կերակրում է էգը՝ միջատներով, սերմերով, ցորենի, գարու, վարսակի հատիկներով։

1985 թվականից սկսած՝ նկատվում է թվաքանակի վտանգավոր անկում, ուստի անհրաժեշտ է անհատական պաշտպանության միջոցների կիրառում։ Սևի ու դեղինի գեղեցիկ համադրությամբ փետրավորման շնորհիվ որոշակի գեղագիտական արժեք է ներկայացնում հատկապես անազատ պայմաններում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում