Տզրուկներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Տզրուկները (լատ.՝ Hirudinea) օղակավոր որդերի դասին պատկանող կենդանիներ են։ Մեծամասնությունը ապրում է քաղցրահամ ջրերում։ Որոշ տեսակներ հարմարվել են նաև ծովային ջրերին։ Ամբողջ աշխարհում հայտնի է մոտ 500 տեսակ տզրուկ։

Տզրուկները Հայաստանում
Հայաստանում տզրուկները հիմնականում ապրում են Լոռու, Տավուշի և Արմավիր մարզերի լճերում ու ճահճուտներում։ ՀՀ-ում հանդիպում են նաև բժշկական տզրուկների դեղատնային և վրացական կամ պարսկական տեսակները։

Ստուգաբանություն
«Տզրուկ» բառը առաջացել է միջնադարյան պարսկերեն tuzurūk բառից։

Կառուցվածքը

Արտաքին կառուցվածք
Տարբեր տեսակների մոտ մարմնի երկարությունը տարբերվում է՝ սկսած մի քանի միլիմետրից մինչև մի քանի տասնյակ սանտիմետր։ Ամենամեծ ներկայացուցիչն է Haementeria ghilianii, որի առանձնյակները հասնում են 45 սմ-ի։ Մարմինը տափակած է մեջքափորային ուղղությամբ։ Նրանք լինում են դարչնագույն, սև կամ կանաչավուն երանգի։

Մարմինը
Տզրուկների մարմինը կազմված են գլխային բլթակից և 33 հատվածներից։ Մարմնի առջևի և հետին մասերում կան ծծաններ։ Առջևի մասը կազմված է թույլ զարգացած գլխային թիակից՝ պրոստոմից և 4-5 մասերի միացումից, իսկ հետինը՝ 7-ից. այդ իսկ պատճառով այն ավելի ուժեղ է։ Առջևի մասի ներքևում գտնվում է բերանը, իսկ հետանցքը գտնվում է հետին ծծանի վրա։ Առջևի մասում են գտնվում նաև 1-5 զույգ աչքեր։

Արտաքին 3-5 սեգմենտներին համապատասխանում է մեկ ներքին սեգմենտ։

Մարմնի խոռոչում գերակշռում է պարենքիման։ Պարենքիմայում սկիզբ են առնում հատուկ անցուղիներ՝ լակուններ, որոնք ցելոմի (մարմնի երկրորդային խոռոչի) մնացորդներն են։

Մաշկ
Մաշկամկանային պարկը բաղկացած է՝ միաշերտ տափակ էպիթելից, որից գոյանում է խիտ, լորձային թաղանթ՝ կուտիկուլան և լավ զարգացած մկաններից։ Կուտիկուլան չունի խոզաններ և պարապոդիումներ։ Այստեղ կան բազմաթիվ գեղձեր, որոնք արտադրում են լորձ։

Ներքին կառուցվածք
Շնչառական օրգաններ
Տզրուկները չունեն հատուկ շնչառական օրգաններ, բացի Branchellion տեսակից։ Այն ունի մարմնի կողքերում տեղադրված տերևանման օրգաններ։

Արյունատար համակարգ
Խոզանավոր տզրուկներն ունեն ցելոմ և նրանից անկախ զարգացած արյունատար համակարգ։

Կնճիթավոր տզրուկների ցելոմի մասնակի ետաճի պատճառով արյունատար համակարգի դերը կատարում է ցելոմի լակունային համակարգը, որը երկրորդային խոռոչի պարկերի, ճեղքերի և խողովակների համակարգ է։

Բարձրակարգ ծնոտավոր տզրուկների մոտ դիտվում է պարենքիմայի ավելի ուժեղ զարգացում և ցելոմային լակունների մեջ գտնվող արյունատար անոթների վերացում։

Մարսողական համակարգ
Մարսողական համակարգը ներկայացված է բերանի անցքով, էկտոդերմային առաջնաղիքով, էնտոդերմային միջնաղիքով, էկտոդերմային ետնաղիքով և հետանցքով։

Մարսողական ուղին սկսվում է բերանով, որն ունի երկու կամ երեք ատամնավոր թերթիկներ։ Բերանի խոռոչ են բացվում բազմաթիվ թքագեղձեր, որոնք երբեմն թույն են արտադրում։ Ըմպանը արյուն ծծելու ժամանակ կատարում է պոմպի դեր։ Կնճիտային տզրուկները կարող են ըմպանը դուրս քաշել, իսկ ծնոտային տզրուկների բերանային խոռոչը ունի երեք շարժուն ծնոտ, որոնք օգնում են մաշկը կտրելուն։ Դրանից հետո գալիս է ստամոքսը, որն ունի մինչև 11 զույգ կողքային պարկեր։

Նյարդային համակարգ
Նյարդային համակարգը նման է անձրևորդերի նյարդային համակարգին։ Կազմված է երկու վերկլանային նյարդային հանգույցներից (որոնք կոչվում են նաև գլխուղեղ), նրանց միացած վերկլանային հանգույցի կարճ թելիկներից և որովայնային շղթայից, որում կա մոտ 20 հանգույց։ Գլխուղեղը կառավարում է ըմպանն ու զգայական օրգանները, իսկ որովայնային շղթայի ամեն հանգույցից երկու զույգ նյարդ են դուրս գալիս, որոնք կառավարում են իրենց պատկանող մարմնի մասերը։ Աղիների ներքևի պատն ունի հատուկ երկարավուն նյարդ, որը ճյուղավորվում է դեպի դրա կույր պարկերը։

Արտաթորության համակարգը
Արտաթորության օրգաններ կան գրեթե բոլոր հատվածներում և ներկայացված են զույգ փոփոխված մետանեֆրիդներով։

Բազմացումը
Տզրուկները հերմաֆրոդիտ են, բազմանում են սեռական ճանապարհով։ Զուգավորմանը մասնակցում է երկու առանձնյակ։

Սննդառությունը

Տզրուկները սնվում են ողնաշարավորների, փափկամարմինների, որդերի և այլ կենդանիների արյունով։ Հանդիպում են նաև գիշատիչ տզրուկներ, որոնք ո՛չ թե արյունն են խմում, այլ կլանում են որսը ամբողջությամբ։ Տզրուկի աղիքներում արյունը շատ դանդաղ է մարսվում. այդ պատճառով լավ սնվելուց հետո տզրուկը կարող է մնալ առանց սնունդ շատ երկար՝ մինչև մեկ ու կես տարի։

Շարժումը
Տզրուկները իրենց մարմնի երկու ծայրերին ծծաններ ունեն։ Դրանցով նրանք կարողանում են կպնել ստորջրյա առարկաների։ Մի ծայրով կպնելուց հետո՝ տզրուկը իր մարմնի մյուս մասը շրջում է վերևով և արդեն այդ ծայրով կպչում այլ մարմնի ու այդպես շարունակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում