Կատուներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Ընտանի կատուներ կամ պարզապես կատուներ (լատ.՝ Felis catus) մորթավոր, ընտելացված և մսակեր կաթնասուններ, որոնք պատկանում են կատվազգիների ընտանիքին։

Կատուներն ընտելացվել են մարդու կողմից մոտ 10.000 տարի առաջ[1] և այժմ համարվում են աշխարհի ամենապոպուլյար ընտանի կենդանիները։Ենթադրվում է, որ ժամանակակից կատուները ծագել է աֆրիկյան վայրի կատուներից (Felis silvestris lybica)։

Սկզբնական շրջանում և մեր օրերում նույնպես, կատուներին պահել են, որպեսզի վերջիններս ազատվեն մկներից։ Ժամանակի ընթացքում, սակայն, կատուներն իրենց լավ են դրսևորում նաև որպես կողակից։

Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծ, վագր, լեոպարդ, յագուար, լուսան, հեպարդ, պումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ։ Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ։

Հայտնի կատուներ
Համաշխարհային ճանաչում է ստացել Ռիշելյե կարդինալի սիրելի ճերմակ կատուն՝ Միրիամը։

ԶԼՄ-ների, գրականության և կինոյի շնորհիվ 20-21-րդ դարերին լայն ճանաչում ստացան մի շարք միջազգային անձանց սիրելի կատուները, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախագահների՝ Բիլ Քլինթոնի՝ Սոքսն ու Ջորջ Բուշ կրտսերի Ինդիան, Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Համֆրին, Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ի Չիկոն և ՌԴ-ի վարչապետ՝ Դմիտրի Մեդվեդևի Դորոֆեյը։ Հանրաճանաչ դարձան աշխարհի շախմատի չեմպիոն՝ Ալեքսանդր Ալյոխինի մշտական ուղեկիցը՝ սիամական կատու Չեսսը, ամերիկյան Սպենսեր քաղաքի գրադարանի՝ Դյուի Ռիդմոր Բուքսի՝ մի քանի ամերիկյան ֆիլմերում նկարահանված և կինոմրցանակների արժանացած կատու Օրանժին և այլն։

Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի մեդալով պարգևատրված «նավաստի» Սայմոնը և Բրիտանական նավատորմի «վետերան» սև-սպիտակ «անխորտակելի Սեմը», որը վերապրել է շուրջ երեք ռազմական նավերի կործանումը:

Լայն ճանաչում է ստացել սպիտակ և մուգ դարչնագույն երանգի բրուկլինյան Սկարլետ կատուն, որը 1996 թ. հայտնի դարձավ իր ձագերին վառվող ավտոտնակից փրկելիս ցուցաբերած անձնվիրության համար,որի պատվին այժմ շնորհվում է Սկարլետի անվան պարգևը՝ կենդանիների հերոսության համար (անգլ.՝ Scarlett Award for Animal Heroism)։ Այն շնորհվում է այն կենդանիներին, որոնք կատարել են հերոսական արարքներ՝ մարդկանց կամ այլ կենդանիների հանդեպ։(անգլ.՝ Scarlett Award for Animal Heroism)

Հետաքրքիր է նաև «կատուներ-քաղաքական գործիչներ» երևույթը։ Այդպես, օրինակ, ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Շարոն քաղաքի պատվավոր «քաղաքապետ» և թալիսման է ընտրվել Ֆրեդդի անունով կատուն։Մեկ այլ ամերիկյան Թալկիթնա քաղաքի (Ալյասկա նահանգ) «պատվավոր քաղաքապետ» և թալիսման է ընտրվել Սթաբս անունով կատուն։ 

Գիտական դասակարգում
Felis ցեղի բոլոր կատուներն ունեն մեկ ընդհանուր նախնի, որը հավանաբար ապրել է Ասիայում 6-7 միլիոն տարի առաջ։ Felidae ընտանիքի ներսում ազգակցական կապերը մոտ են, բայց մինչ օրս որոշված չեն. օրինակ՝ չինական լեռնային կատուն երբեմն դիտվում է (Felis silvestris bieti անվամբ) որպես վայրի կատվի ենթատեսակ (այնպես ինչպես F. s. lybica հյուսիսաֆրիկյան տեսակը)։ Քանի որ ընտանի կատուները քիչ են տարբերվում վայրի տեսակներից, դրանք կարող են ազատորեն խաչասերվել։

1758 թ. Կառլ Լինեյը «Բնության համակարգը» աշխատության մեջ ընտանի կատվին տվել է Felis catus անվանումը։ Յոհան Քրիստիան ֆոն Շրեբերը 1775 թ. վայրի կատվին անվանել է Felis silvestris:

Ժամանակակից ֆիլոգենետիկայի ստացած տվյալները ցույց են տալիս, որ ընտանի կատուն (Felis silvestris) վայրի կատվի 5 ենթատեսակներից մեկն է։ Սա բերել է տերմինի կիրառման ոչ միարժեքությանը, քանի որ ընտանի կատուն կարող է անվանվել իր ենթատիպի անվամբ՝ Felis silvestris catus, և դրա ճիշտ միջազգային անվանումն է հենց Felis silvestris catus:Վայրի կատվի F. silvestris և ընտանի ենթատիպի F. silvestris catus անավնումների ամրապնդման մասին որոշումը ընդունվել է 2003 թ. մարտին՝ Կենդանաբանական անվանակարգման միջազգային հանձնաժողովի կողմից, դրա հետ զուգահեռ որոշվել է, որ եթե որոշակի դասակարգման համաձայն ընտանի կատուն նկարագրվի որպես առանձին տեսակ, այդ դեպքում համապատասխան տաքսոնի անվանման համար պետք է կիրառվի Լինեյի առաջարկած անվանումը՝ F. catus։

Ծագում և ընտելացման պատմություն

Գենետիկական ուսումնասիրություններիյի տվյալների համաձայն՝ բոլոր ընտանի կատուները մայրական կողմից ծագում են առնվազն հինգ տափաստանային կատվի ենթատեսակների (Felis silvestris lybica) միտոքոնդրիումային ԴՆԹ-ի տարբեր հապլոտիպեր ունեցող ներկայացուցիչներից: Felis silvestris lybica ենթատեսակի ընտելացումը կատարվել է ավելի քան 130 տարի առաջ։

Տափաստանային կատուն մինչ օրս տարածված է ամբողջ Հյուսիսային Աֆրիկայում և Միջերկրական ծովից միջև Չինաստան ընկած տարածքում, որտեղ այն բնակվում է անապատում՝ սաքսաուլի թփուտներում, ջրավազանների մոտ թփերի մեջ, լեռներում և նախալեռներում։ Չնայած տարբեր ենթատեսակի փոքր վայրի կատուներ կարող են խաչասերվել միմյանց հետ և սերունդ տալ, գենետիկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ընտելացված կատուների ֆիլոգենեզին Felis silvestris-ի այլ ենթատեսակներ, բացի տափաստանային կատուն մասնակցություն չեն ունեցել:

Կատուների ընտելացումը տեղի է ունեցել մոտ 9500 տարի առաջ՝ Մերձավոր Արևելքի Բարեբեր մահիկի շրջանում, որտեղ ծագել և զարգացել են մարդկային հնագույն քաղաքակրթությունները: Կատուների ընտելացումը սկսվել է մարդու նստակյաց կյանքին անցնելիս, հողագործության զարգացման սկզբում, երբ առաջացավ սննդի ավելցուկը և նրանց պահպանման ու կրծողներից պաշտպանության անհրաժեշտություն զգացվեց:

Կատուների ընտելացման ամենավաղ հնագիտական վկայությունները հայտնաբերվել են Կիպրոսում, որտեղ հնագիտական պեղումների ընթացքում գտնվել է մարդու և կատվի համատեղ գերեզման, որը թվագրվում է մ. թ. ա. 7500 թվականին։ Պարզվել է նաև, որ Կիպրոսի կղզին գաղութացվել է ժամանակակից Անատոլիայի (Թուրքիա) և Սիրիայի եկվորների կողմից։

Նախկինում գիտնականները կարծում էին, թե առաջինը կատվին ընտելացրել են հին եգիպտացիները։ Սակայն եգիպտացիների կողմից կատուների ընտելացման ամենավաղ վկայությունները վերաբերում են մ.թ.ա. 2000-1900 թվականներին։ Իսկ վերջերս պարզվել է, որ Հին Եգիպտոսում այնպես էլ Կիպրոսում ընտանի կատուն եկել է Անատոլիայից։ Այժմ կատուն ամենատարածված ընտանի կենդանիներից մեկն է։

Չնայած որ կատուները ընտելացվել են շատ վաղուց, կատուների մեծամասնությունը ընդունակ է գոյատևել մարդկային բնակավայրերից դուրս, լրացնելով երկրորդ անգամ վայրիացած կատուների շարքերը։ Թափառական կյանքի պայմաններում կատուները կրկին արագ վայրիանում են։ Վերավայրիացած կատուները ապրում և որս են անում միայնակ, բայց երբեմն ձևավորում են մի քանի էգից և ձագից կազմված ոչ մեծ գաղութներ։

Felis catus domesticus, Felis silvestris domesticus, ինչպես նաև «Բնագիտության սկզբունքներ» աշխատությունում Յոհան Քրիստիան Պոլիկրապ Էրկլեսեբենի կողմից 1777 թ. առաջարկված Felis domesticus (ի սկզբանե՝ Felis domestica, քանի որ Felis բառը այդ ժամանակ համարվել է իգական սեռի բառ) անվանումը։ Բոլոր այս անվանումները մտնում են տաքսոնի համանիշագիտության մեջ, ուստի չպետք է կիրառվեն։

Կենսաբանություն
Ֆիզիոլոգիա
Կատվի ներքին նորմալ ջերմաստիճանը տատանվում է 38-39.5 °C-ի սահմաններում, կատվի ձագերի մոտ այն մի քիչ ավելի բարձր է։ Անմազ կատուների մարմնի ներքին ջերմաստիճանը համարյա թե հավասար է մյուս կատուների ջերմաստիճանին, բայց մորթու բացակայության պատճառով, սֆինքսներին կամ պետերբոլդներին շոյելիս մարդն ընկալում է ավելի բարձր ջերմաստիճան։

Հասուն կատուների մոտ անոթազարկի հաճախությունը կախված է նրանց ֆիզիկական և մտավոր կարողություններից, և կազմում է 120-220 զարկ մեկ րոպեում։ Շնչառության հաճախությունը միջինում կազմում է 20-40 շնչառական շարժում մեկ րոպեում։

Կատուների մոտ առանձնացվում է արյան երեք խումբ` A, B և AB։ A խմբին պատկանող կատուները ունեն B խմբի հակամարմիններ, և հակառակը։ AB խմբին պատկանող կատուները չունեն A և B խմբերի հակամարմիններ, որը նշանակում է, որ նրանք ցանկացած կատվից կարող են արյուն ընդունել։ AB խմբի կատուները հազվադեպ են, այն հանդիպում է տնային կատուների 1%-ի մոտ, որի պատճառով էլ այս կատուները մնում են քիչ հետազոտված։

Կատուն խմում է հեղուկ շնորհիվ լեզվի շարժման արագության, որը շարժվում է 1մ/վ արագությամբ։ Լեզուն շատ արագ իջնում է ներքև, կպչում է հեղուկի մակերևույթին, սակայն, ի տարբերության շների լեզվի, չի թափանցում ջրի մեջ։ Կատուն կլանում է հեղուկը այն ժամանակ, երբ ուղղահայաց հեղուկի արագության բաղադրիչը ձգողականության ազդեցությամբ դանդաղում է և հավասարվում զրոյի։ Այդ պահին կատվի ծնոտները միանում են և հեղուկը կուլ է գնում։ Այդ պրոցեսը պարբերաբար կրկնվում է վայրկյանում մի քանի անգամ:

 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում