Որդանման կույր օձ. ՀՀ Կենդանական աշխարհը

Որդանման կույր օձ (լատ.՝ Typhlopidae vermicularis), կույր օձերի ընտանիքի օձ։ ՀՀ-ում հանդիպում է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում։ Վարում է բացառապես փորող կենսակերպ, հանդիպում է քարերի տակ և հողի փխրուն շերտերում, հիմնականում գարնանն ու ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է։

Արտաքին տեսք
Արտաքինից նման է անձրևաորդի։ Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (5-41 սմ)։ Մարմինը բարակ է, բարեկազմ, գլուխը կլորավուն է, տափակած, գրեթե չի տարանջատվում մարմնից։ Պոչը կարճ է՝ սուր, պինդ ծայրով։ Նեղ բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին՝ եզրային (միջքթային) վահանիկից հետ։ Աչքերի մնացորդները գտնվում են վահանիկների տակ և ունեն սև կետերի տեսք։ Գլխի առջևի մասը ծածկված է խոշոր վահանիկներով, որոնք հարմարված են հողը փորելուն։ Մի քանի ատամներ կան միայն վերին ծնոտի հետևի մասում, թունամուղ ատամներ չունի։ Մեջքային և որովայնային թեփուկները, ի տարբերություն այլ օձերի, միանման են, հարթ ու փայլուն, ձևավորում են գրեթե միատարր ծածկույթ։ Մեջքը վարդագույնից շագանակագույն է՝ երկայնակի մուգ զոլերով, որովայնային մակերեսն ավելի բաց գույնի է։ Մարմինը կիսաթափանցիկ է։

Սնունդ
Սնվում է հիմնականում մրջյուններով, նրանց ձվերով, թրթուրներով ու հարսնյակներով։ Ձմեռում է հողի չսառցակալող շերտերում։

Բազմացում
Զուգավորումը տեղի է ունենում գարնան 2-րդ կեսին։ Ամռան 2-րդ կեսին դնում է 2-10 երկարավուն ձվեր (24-26 x 6-7 մմ)։ Հազվադեպ խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում