Սահնօձեր. ՀՀ Կենդանական աշխարհը

Սահնօձեր (լատ.՝ Coluber), լորտուների ընտանիքի սողունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 2,4 մ է։

Գունավորումը բազմազան է, սովորաբար ոչ վառ, մոխրադարչնագույն երանգների գերակշռությամբ։ Գլուխը սահմանազատված է վզից, բիբը կլոր է։ Ապրում են տափաստաններում, անապատներում, կիսաանապատներում, անտառոտ վայրերում ու լեռներում։ Արագաշարժ են, լավ մագլցում են ծառերը։ Անվում են մանր կրծողներով, մողեսներով, երկկենցաղներով, թռչուններով ու նրանց ձվերով, մատղաշները՝ միջատներով։ Որսին խեղդում են ոչ թե օղակներով փաթաթվելով, այլ իրենց ուժեղ մարմնով սեղմելով գետնին։ Սահնօձերի որոշ տեսակներ շատ ագրեսիվ են և կարող են նույնիսկ առանց պատճառի հարձակվել մարդու վրա։ Խայթոցը ցավոտ է, բայց մարդու համար անվտանգ։ Բազմանում են ձվադրությամբ, դնում մինչև 25 ձու։ Հայտնի է սահնօձերի մոտ 30 (ՍՍՀՄ-ում՝ 6, ՀԽՍՀ-ում՝ 3) տեսակ, տարածված Հվ․ Եվրոպայում, Ասիայում, Հս․ և Արլ․ Աֆրիկայում, Հս․ և Կենտր․ Ամերիկայում։ ՀՍՍՀ-ում առավել լայն տարածում ունեն խայտաբղետ սահնօձեր (C․ ravergieri) և դեղնափոր կամ կարմրափոր սահնօձեր (C․ jugularis)։ Վերջինս Եվրոպայի ամենամեծ օձն է, որին ժողովուրդը մեծ չափերի (մինչև 2 մ և ավելի), ագրեսիվության և կարմիր գույնի պատճառով շահմար (պարսկ․ արքայօձ) է անվանում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում