Արևմտյան վիշապիկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Արևմտյան վիշապիկ (Eryx jaculus), վիշապների ընտանիքի փորող վիշապիկների ենթաընտանիքի հնէամիջերկրածովային փորող վիշապիկների (Eryx) ցեղի օձ։

ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում և ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և ավազուտային չոր կենսավայրերում։ վարում է գլխավորապես փորող ապրելակերպ։ Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավականին խոնավ է, հանդիպում է քարերի տակ և այլ թաքստոցներում, կենդանիների բներում ու հողի փխրուն շերտերում։

Մարմինը համեմատաբար հաստ է ու կարճ, երկարությունը՝ 12-87 սմ, պոչը՝ 14 անգամ կարճ, ծայրը՝ կլորավուն։ Արուները մանր են էգերից։ Գլուխը գրեթե տարանջատված չէ մարմնից և ծածկված է մանր վահանիկներով։ Ճակատը թեթևակի արտափքված է։ Միջքթային վահանիկը շատ խոշոր է և հարմարված փորելուն։ Աչքերը մանր են՝ տեղադրված գլխի կողքերին։ Բիբը օվալաձև է, ուղղահայաց։ Բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին՝ միջքթային վահանիկի հետ։ Մեջքային թեփուկները հարթ են կամ թեթևակի կատարով ու փայլուն։ Մեջքային մակերեսը մոխրագույնից դեղնաշագանակագույն է՝ մուգ գորշավուն խալերով, որոնք ձևավորում են 1-2 երկայնակի շղթայաձև նախշ և զույգ նախշեր մարմնի կողքերին։ որովայնի մակերեսը բաց դեղնավուն է՝ բազմաթիվ սև, մոխրագույն բծերով։ Երիտասարդի որովայնային մակերեսը վարդագույն է։

Սնվում է հիմնականում մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ ու կրծողներ)։ Ձմեռում է հողի չսառցակալող շերտերում։ Զուգավորումը տեղի է ունենում գարնան երկրորդ կեսին։ Սեպտեմբերին էգը ծնում է 4-20 ձագ։

Օգտակար է. կարգավորում է կրծողների թվաքանակը։ Մարդու և կենդանիների համար անվնաս է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում