Արաքս(գետ). ՀՀ Բնության հուշարձան

Արաքսը (նաև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։

Արաքսը հին կտակարանում կոչվել է Գիհոն կամ Գեհոն, հայկական աղբյուրներում՝ Երասխ, Արաքս, արաբականում՝ Արազ։

9-րդ դարի արաբ պատմիչ Յակուբին Արաքսն անվանում է Դըվնա գետ (Դվին քաղաքի անունով):

Մովսես Խորենացին Երասխի անունը կապում է Արամայիսի թոռան՝ Երաստի անվան հետ։ Պատմահայրը գրում է «Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով կոչում է Արմավիր, իսկ գետը կոչում է Երասխ՝ իր թոռան՝ Երաստի անունով»:

Բանասեր Արամ Ղանալանյանը իր գրքում Արաքս անվան ժողովրդական ստուգաբանության երկու պատում է բերում։ «Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի: Խնայելով իր դուստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է իր հպատակներից մեկի աղջիկներին: Սրանց հայրը միաժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին «լքելով իր հայրենիքը» գնում է օտարություն։ Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Ճալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս» [1]:

Այս նույն ավանդությունը հիշատակում է նաև Ղևոնդ Ալիշանը՝ նշելով, որ Արաքս թագավորից իր դստրերի վրեժը լուծելուց հետո Մնիսալկ անունով ազնվականը «փախչի ի Սկյութիա»: Իսկ Արաքսը վշտից իրեն նետում է Ալմոս կամ Ալմոն, որ հետո կոչվեց Երասխ [2]:

«Այլազգի առևանգիչները փախցնում են հայ երիտասարդի սիրած աղջկան: Երիտասարդը գնում է նրան ազատելու: Երկար որոնումներից հետո նա սիրածին գտնում է առևանգիչի գրկում: Տեղնուտեղը սպանելով նրան, երիտասարդը ազատում է սիրածին: Վրա են հասնում բռնավորի ծառաները և սպանում են թե տղային և թե աղջկան: Տեսնելով, որ որդին ուշանում է, տղայի մայրը գնում է նրան որոնելու, և գտնում է տղայի ու հարսնացուի դիակները: Վշտահար ընկնում է դիակների վրա և ինքն էլ ավանդում հոգին: Ասում են, թե Արաքս գետը գոյացել է սպանված երիտասարդի, նրա սիրածի և մոր թափած արյուն-արցունքներից, որոնք հազարավոր աղբյուրներ են դարձել և ցած իջել հայոց լեռներից»:

Այս նույն ավանդությունը հիշատակում է նաև Ղևոնդ Ալիշանը՝ նշելով, որ Արաքս թագավորից իր դստրերի վրեժը լուծելուց հետո Մնիսալկ անունով ազնվականը «փախչի ի Սկյութիա»: Իսկ Արաքսը վշտից իրեն նետում է Ալմոս կամ Ալմոն, որ հետո կոչվեց Երասխ:

Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշղթան ու մտնում Բասենի դաշտը: Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնում է Արարատյան դաշտ: Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։

Ջուլֆայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածության վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ, գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Ղարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։

Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է Կուրին և թափվում Կասպից ծով: Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 միլիարդ խմ ջուր։

Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել։ Դրանցից ամենանշանավորները հինգն էին, որոնք եղել են Բասենում, Երվանդակերտում, Արտաշատում, Նախիջևանում և Ջուղայում: Արտաշատի կամուրջը կոչվել է Տափերական։ Այս կամրջից է սկսվել Արտաշատ-Տիգրանակերտ արքայական պողոտան: Նշանավոր է եղել նաև Ջուղայի կամուրջը, որի շինությունն ավանդությունը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն: 1605 թվականին շահ Աբբասի հրամանով այս կամուրջն ավերվեց, որպեսզի հայերը մոռանան տունդարձի ճամփան, և թուրքերը չկարողանան այդ կամրջով ներխուժել Պարսկաստան։

Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջը։ Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով՝ Մովսես Խորենացու վկայությամբ, գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից, ինչի արդյունքում կամուրջները կործանվել են։ Պատահական չէ, որ հռոմեացի բանաստեղծ (մ.թ.ա. 1-ին դար) Միտիլիոս (Վիտիլիոս) Արաքսն անվանում է կամուրջընկեց, իսկ հռոմեացի բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը (մ.թ.ա. 54 - 19 թթ.) Արաքսն անվանել է «Կամուրջներ չհանդուրժող Երասխ»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում