Հակակարկտային ցա՞նց, թե՞ հակակարկտային կայան

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում նկատվել է ջերմաստիճանի բարձրացման տեմպերի զգալի աճ: 1935-2012թթ. ընթացքում միջին տարեկան ջերմաստիճանը աճել է 1.030C: Միևնույն ժամանակ վերջին տասնամյակներում Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել են:

Ինչպես փաստում է Կլիմայի փոփոխության մասին ազգային հաղորդագրությունները՝ ավելացել է հորդառատ տեղումներով և կարկուտով օրերի թիվը, ինչը պայմանավորված է հորդառատ տեղումներ և կարկտաբեր ամպամածությունը ձևավորող բարձրադիր ցիկլոնների ներթափանցման դեպքերի հաճախացմամբ: 

Լուսանկարը՝ EVN Report

Այս հոդվածում դիտարկել ենք հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներից կարկուտի հետևանքները բնության և տնտեսության վրա, փորձել ենք գնահատել նաև դրա դեմ պայքարի՝ Հայաստանում լայնորեն կիրառվող հակակարկտային կայանների արդյունավետությունը հատկապես Լոռում մարզում։ 

Վերջին տարիների ընթացքում սեփական աչքերով ենք տեսնում կարկտահարության դեպքերի հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները։ 

 

Լոռի, 2022

Լոռու մարզում կարկտապաշտպան ցանցերը կիրառական չեն

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման» և «Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության» 2021-2023 թթ. ծրագրերի շրջանակներում ՀՀ Լոռու մարզում կարկտապաշտպան ցանցեր չեն տեղադրվել։ 

Lոռեցի գյուղատնտեսների ու համայնքապետերի հետ հարցազրույցներից էլ կարելի է ենթադրել, որ այստեղ հակակարկտային ցանցերի կիրառումը նպատակահարմար չէ, քանի որ մշակվող հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերն են հացահատիկն ու կարտոֆիլը: 

«Կարտոֆիլի ու ցորենի համար հակակարկտային ցանցերն ընդհանրապես անիմաստ են, որովհետև եթե նույնիսկ ունենաս ձրի նվեր տրված այդ ցանցը, ցանցապատես, նրա վրա կատարված աշխատանքն ավելի թանկ կարժենա, քան քո ստացած բերքը: Դա կարող է ավելի թանկարժեք կուլտուրաներին վերաբերել՝ ծիրանի այգիներ, հատապտուղներ, բայց ոչ ցորեն, կարտոֆիլ աճեցնելու համար»,- ծախսերի արդյունավետության տեսանկյունից է գնահատում Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը:

Արայիկ Ներսիսյան, Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար

Գյուլագարակ գյուղից գյուղատնտես Վրույր Այվազյանն արտադրական նշանակությամբ է բացատրում կիրառելության սահմանափակումները. «Այգեգործությամբ մեր տարածաշրջանը հայտնի չէ, այգեգործություն՝ որպես տնտեսության ճյուղ, չկա, միայն տնամերձերում այն տնկիներն են, որոնք ունեն բոլորը, դրանք արտադրական նշանակության չեն, հետևաբար, մեզ մոտ հակակարկտային ցանցեր չկան: Ցանցերը կիրառելի չեն դաշտերի, օրինակ՝ ցորենի դաշտերի համար, որովհետև սյուներ են տեղադրվում, և ցանցն անց է կացվում սյուների վրա: Իսկ օրինակ ցորենի դաշտում դա չի կարող կիրառվել, որովհետև այդ սյուները տեղադրել, նորից ապամոնտաժելը բավականին մեծ աշխատանք է, տեղադրված սյուների մեջտեղում էլ խոշոր տեխնիկաները՝ կոմբայն, ցանիչ և այլն, չեն կարող տեղաշարժվել»:

Վրույր Այվազյան, գյուղատնտես

Հակակարկտային ցանցեր արտադրող «Վաբատեքս» ընկերության կոմերցիոն տնօրեն Տիգրան Ղարաջյանն էլ է հաստատում, որ կարկտապաշտպան ցանցերի տեխնոլոգիան կարտոֆիլի և հացահատիկի համար գործածական չէ առհասարակ աշխարհում: «Կարկտապաշտպան ցանցերի տեխնոլոգիան կիրառվում է հիմնականում պտղատու ծառատեսակների, ինչպես նաև բանջարաբոստանային այգիներում, բայց շատ քիչ քանակի: Ցորեն, կարտոֆիլ, գարի՝ նման մշակաբույսերի համար առհասարակ չի օգտագործվում, աշխարհում նույնիսկ չի օգտագործվում: Եթե տոկոսային հարաբերությամբ ասենք, թե որ մարզում քանի տոկոս ենք իրականացրել ցանցապատման աշխատանքներ, ամենափոքրերից մեկը Լոռին է, այդտեղ ցանցեր կիրառվում են չափազանց քիչ քանակությամբ, որովհետև պտղատու մշակաբույսերի համար մասնավոր կլիմայական պայմաններ չկան, որ կորիզավորներ աճեն: Հիմնականում աճում են ցորեն, կարտոֆիլ, նմանատիպ մշակաբույսեր, որոնց վրա կիրառելի չէ ցանցը»,-փաստում է Տիգրան Ղարաջյանը:

 

Տիգրան Ղարաջյան, «Վաբատեքս» ընկերության կոմերցիոն տնօրեն 

Լոռիում պաշտպանության երկու մեխանիզմ է գործում՝ հակակարկտային կայան և ապահովագրություն

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության տվյալների՝ ներկայումս Լոռու մարզում գործում է 75 հակակարկտային կայան, որից 7-ը սեփականության իրավունքով պատկանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, 56-ը՝ համայնքներին, 12-ը՝ կազմակերպությունների:

Ալավերդի խոշորացված համայնքում 10-ից ավելի հակակարկտային կայան կա: Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի խոսքով՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով է, որ համայնքներում կայանների թիվն ավելի մեծ չէ:

Լոռի, 2022

«Լավ կլիներ, որ կայաններն ամբողջ ծավալով բոլոր համայնքներում լինեին: Օրինակ մեր համայնքում 70 տոկոս ինքնածածկում եղել է, բայց նաև մեզ մոտ էլ այդ խնդիրը կա, որ կարող էին ավելի շատ լինել կայանները: Ֆինանսական միջոցների սղության պատճառով մնացածը ձեռք չի բերվել: Արդյունավետությունը ես չեմ կարող գնահատել, բայց այս պահին մեր ունեցած հնարավորությունը սա է: Եթե երկրորդ տարբերակ լիներ, դրանով կարող էինք մեր բնակիչներին ապահովել, եթե լիներ այլ տարբերակ, այն ժամանակ կքննարկվեր, բայց այս պարագայում սա է»,- ասում է համայնքի ղեկավարը:

Արկադի Թամազյան, Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար

Լոռու մարզում ամենաշատ կայան ունեցող համայնքը Լոռի Բերդն է, որտեղ տեղադրված է 33 կայան, որից 4-ը՝ պետական, 29-ը՝ համայնքային: Մոտավորապես տասը տարի առաջ 4 կայանները պետությունը նվիրել է համայնքին, մնացածը պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով են ձեռք բերված: Շահագործումը կատարվում է կենտրոնացված՝ Դսեղի կայանի կողմից (Տավուշ, Lոռի, Շիրակ սպասարկվում են Դսեղից):

«Ռիսկի գործոնը նվազեցնելու խնդիր ունեինք, 3200 հա ընդհանուր տարածքից օգտագործվում էր 1000 հա-ից մի քիչ ավել, այսօր արդեն 2500 հա տարածք օգտագործվում է: Մինչ այդ չէր մշակվում, խոտարք էին օգտագործում: Դրա համար ոչ միայն հակակարկտային կայաններ, նաև պարկ ձևավորեցինք, տեխնիկա ձեռք բերեցինք՝ կոմբայններ, մշակող, ցանող գործիքներ, ամեն ինչ արեցինք, որ ռիսկի գործոնը պակասեցնենք: Ու ցանքատարածություններն այսօր մեզ մոտ կրկնակի ավելացել են»,-ասում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ ձեռքբերման և պահպանման ծախսերի առումով այս կայանները ոչ թե տասնյակ, հարյուրապատիկ անգամ էժան են գերժամանակակից կայաններից, հետևաբար՝ այդ առումով՝ նպատակահարմար: «Արդեն մոտավորապես տասը տարի այդ կայանները տեղադրված են մեր համայնքի մի շարք բնակավայրերում, տեսել ենք, զգացել ենք, վտանգը բավականին պակասել է: Այսինքն՝ կարող ենք ասել, որ նաև արդյունավետ են»,- ասում է համայնքի ղեկավարը:

Կատալոնիա, 2022

Կարկտահարության դեմ պայքարը՝ օդերևութաբանական երևույթների և նրանց զարգացման վրա ակտիվ ներգործության տարատեսակ

Հասկանալու համար կայանների արդյունավետությունը և բնության վրա դրանց ունեցած ազդեցությունը զրուցել ենք նաև մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նախկին ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի հետ, որը և՛ ՀՀ բնապահպանության նախարարությունում աշխատած տարիներին, և՛ վերջերս էլ՝ օրինակ 2019 թ.-ին ՀՀ ԱԻ նախարարի մոտ կայացած հակակարկտային պաշտպանության մեթոդների արդյունավետության գիտական քննարկման ժամանակ առաջարկում էր առհասարակ հրաժարվել եղանակի վրա ակտիվ ներգործության պրակտիկայից և փոխարենը ներդնել կարկուտից գյուղատնտեսությունը պաշտպանելու «էկոլոգիապես նախընտրելի», արդարացված միջոցներ, մասնավորապես՝ ցանցապատում և ապահովագրություն՝ հեռանկարային համարելով «փոխադարձ ապահովագրման» և «ինդեքս ապահովագրման» համակարգերը:

Մեզ հետ զրույցում Արամ Գաբրիելյանը հաստատել է իր այս կարծիքը՝ պարզաբանելով. «Ընդհանրապես ես դեմ եմ եղանակի վրա ակտիվ ներգործությանը, որովհետև եղանակը տվյալ տարածքում կլիմայական համակարգ է ձևավորում, ամբողջ բազմազանությունով մի համակարգ, և եթե արհեստական ներգործություն է արվում, այդ ամեն ինչը խախտվում է»:

Արամ Գաբրիելյան, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նախկին ազգային համակարգող

Ինչպես Արամ Գաբրիելյանն է նկարագրում, ազդեցության այդպիսի ձևերը հիմնականում իրականացվում են ամպրոպային ամպի գերսառեցված հատվածում կոնդեսացման միջուկներ ներմուծելով (չոր սառույց, արծաթի կամ կապարի յոդիտ), որոնք ավելի շատ և ավելի մեծ թվով սառցե բյուրեղիկներ և կարկտահատիկներ են առաջացնում, որոնք ընկնելով՝ հալվում են և կանխում մեծ չափի կարկտահատիկների առաջացումը: Սովորաբար այդ դեպքում տեղումները լինում են նվազ: Քանի որ այդ ընթացքում ամպի ջրայնությունը (водность облака) նվազում է, հնարավոր է, որ ամպրոպի զարգացումը նույնիսկ դադարի և ամպը գոլորշիանա:

«Կարող է դրանով՝ մի փոքր անձրև առաջացնելով՝ ամպը գոլորշիանա, և տեղումները պակասեն, օրինակ՝ ամբողջ տարածքում կարող է մի 10 տոկոսի վրա կարկտահարություն լինել, բայց մնացած 90 տոկոսի համար տեղումների շնորհիվ է, որ բույսերն աճում են: Իսկ եթե կարկուտը կանխեք, կարող է նույնիսկ ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանեք: Աշխարհում միտումն՝ այն է, որ ինչը որ բնական երևույթ է, բնական երևույթների վրա պետք է աշխատել չազդել ակտիվ, ակտիվ ներգործություն չունենալ»,- ասում է փորձագետը:

Հակակարկտային կայանների արդյունավտությունը պատշաճ գնահատված չէ, կարծիքները չեն համընկնում

«Անցած տարի աննախադեպ քանակի կարկուտ տեղաց: Ամբողջությամբ սպիտակել էին սարերը, ձորերը, և ամբողջ մակերեսը ձնածածկի նման էր: Արոտավայրերի մասով եմ շատ ավելի տուժել, սարը, որտեղ գտնվում էին անասունները, այդ ձնածածկի տակ էր հայտնվել մի քանի ժամ շարունակ, կարկուտն անասուններին էր վնաս հասցրել այն աստիճան, որ կենդանիներն արնահոսում էին: Արոտավայրն ամբողջությամբ ավերել էր: Վնասը բնականաբար չփոխհատուցվեց: Դաշտերի մասով մեծ վնաս չէի կրել, ոլոռ եմ մշակում, ի զարմանս ինձ՝ այդքան չէր վնասվել, զրո ամբողջով կարելի է այդ վնասը նշել: Եթե հակակարկտային կայանները չլինեին, շատ ավելի մեծ չափերի կլինեին կարկուտի հատիկները. նույն կարկուտը տեղացել էր թունելի մոտ, որը կայանների շառավղից դուրս է, տեղացել էին այն չափի կարկուտներ, որ ավտոմեքենաների դիմապակիներ էին կոտրել»,- ասում է Գյուլագարակ գյուղից գյուղատնտես Վրույր Այվազյանը:

Լոռի, 2014

Կլիմայի փոփոխության մասին ազգային 4-րդ հաղորդագրությունը փաստում է, որ հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներով պայմանավորված կլիմայական ռիսկերից գյուղատնտեսական բերքի կորուստի վրա հատկապես էական ազդեցություն ունեն կարկտահարությունը, ցրտահարությունը, ջերմային ալիքները և երաշտը: Վերջին տարիներին երաշտից, կարկուտից, հեղեղումներից, գարնանային ցրտահարություններից և սելավներից գյուղատնտեսությանը հասցված ամենամյա վնասը գնահատվում է շուրջ 15-30 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, վնասի պատճառի մեծ մասը բաժին է ընկնում կարկտահարությանը: Կլիմայի փոփոխության սցենարների համաձայն, հնարավոր է գարնանը և ամռանն աճի ամպրոպների և կարկտի ուղեկցությամբ անկայուն եղանակների հաճախականությունը:

Մեկ այլ գյուղատնտես Ալիկ Ղուկասյանն էլ, որ կարտոֆիլ, ցորեն է մշակում Լոռու տարբեր գյուղերում՝ Ամրակից, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, ասում է, որ ժամանակին բերքը կարկուտից պաշտպանելու համար ապակենտրոնացման այս միջոցն էր մտածել. «Կարկուտի պատճառով տարբեր գյուղերում ես ցանքսեր առա, որովհետև կարկուտը մի տեղ խփում էր, մի տեղը չէր խփում, որ կարողանայի աշխատեմ: Կարկուտից պաշտպանելու միջոց էի գտել ես: 2004-ին ուժեղ կարկուտի տակ ընկանք, երեք հողամասից ոչինչ չվերցրի այդ տարի, 30 հա այդպես վարի գնաց: Կայանների տեղադրվելուց հետո ես նման լուրջ վնաս չեմ կրել: Եթե լինում է վնաս, 20-30 տոկոս, ոչ ավել, իսկ դա գյուղատնտեսության մեջ մեծ բան չէ: Դրա համար էլ մինչ այս պահը չեմ ապահովագրել բերքս: Առաջիկայում երևի կմիանամ, ուղղակի կարտոֆիլի համար քիչ են գումար տալիս, այդ առումով շատ չի հետաքրքրում: Կարտոֆիլը վերականգվող կուլտուրա է, որ ջարդվում է, նորից ծիլեր է տալիս, իրենք գալիս են, տեսքով նայում ասում են՝ հա դե բույսը կա էլի, վերականգնվել է, բայց արդյունքում՝ բերք է կորչում. կարտոֆիլի համար շատ չեն ուզում, որ տված լինեն փոխհատուցումը»:

Ալիկ Ղուկասյան, գյուղատնտես

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների՝ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում Լոռու մարզում 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար կնքվել է 182 պայմանագիր, ապահովագրվել են 479 հա այգիներ և ցանքատարածություններ, տրամադրվել է 65 ապահովագրական հատուցում՝ շուրջ 23 մլն դրամի չափով։ 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար կնքվել է 1482 պայմանագիր, ապահովագրվել են 1559 հա այգիներ և ցանքատարածություններ, տրամադրվել է 588 ապահովագրական հատուցում՝ շուրջ 223 մլն դրամի չափով։ 2022 թվականի գյուղատնտեսական տարվա համար կնքվել է 1516 պայմանագիր, ապահովագրվել են 1546 հա այգիներ և ցանքատարածություններ։ Սույն թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 850 ապահովագրական հատուցում՝ շուրջ 144․6 մլն դրամի չափով։

Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղից գյուղատնտես Արարատ Շիրինյանն այս տարի ապահովագրական փոխհատուցում է ստացել վերոնշյալ պետական ծրագրով՝ 600 հազար դրամ՝ 1 հա-ի հաշվարկով: «Հին անողներից եմ վարուցանք՝ 15-20 տարի կլինի: Ցանում եմ կարտոֆիլ, ցորեն, վարսակ, գարի, հաճար: Այս տարվա ապրիլի վերջին հերու աշնան ցանքսը ապահովագրեցի: Ամենաթանկը, որն արել եմ, դրա մասին խոսեմ, 9600 թե 9800 դրամ ապահովագրական վճարով 100 տոկոս վնասի դեպքում ինձ տվեցին 600 000 դրամ՝ 1 հա-ի հաշվով: Իսկ ես ապահովագրել էի 12 հա կարտոֆիլ: Ամբողջը փոխհատուցվեց: Մենք 1 հա-ից պետք է ստանայինք մինչև 6-7 տոննա, 4 տոննա հաշվեցին, 4 տոննայի փող տվեցին: «Ինգո Արմենինայից» եկան, գնահատեցին 100 տոկոս վնաս, ուրիշ բան չէին կարող գնահատել. այնպիսի արագությամբ, այնպիսի խտությամբ, այն ձևի կարկուտ եկավ մայիսի 23-ին, կարծես գերանդին դնես, հանդերը հնձես՝ մի 20 րոպե: Ոչ մի բան չմնաց, մի հատ կանաչ թուփ չմնաց: Կայանը չօգնեց, դրան ոչ մի բան էլ չէր օգնի: Մեր գյուղում մեծ մարդիկ կան՝ 80-90 տարեկան, ասում են՝ նման բան տեսած չկանք: Ամեն տարի աապահովագրել եմ, ինչ դուրս է եկել՝ երրորդ տարին է: Առաջին տարին 4 հա էի ապահովագրել, այն ժամանակ քիչ էի ցանում, դա էլ փոխհատուցեցին: Եթե վնաս չի լինում, իրենց հիմնարկին է մնում մեր տված վճարը: Այստեղ չկա, այն մի մարզում կա, թող աստված տա մենք ապահովագրենք, ու կարկուտ չգա, մեր փողը գնա մյուս մարզին: Մեզ համար մեր մեկ կիլոգրամն այդ փողից շատ թանկ է»,- ասում է գյուղատնտեսը:

Արարատ Շիրինյան, գյուղատնտես

Կայանների հիմնական սպառողը՝ համայնքներն են, ցանցերինը՝ անհատ խոշոր գյուղատնտեսները

Մինչև 2018թ.-ը հակակարկտային ցանցերը ներմուծվում էին արտերկրից, իսկ 2018-ից սկսած՝ «Վաբատեքս» ընկերությունն սկսել է կարկտապաշտպան ցանցերի սեփական արտադրությունը Հայաստանում: Այս համակարգը էժան չէ, 1 հա-ի ցանցապատման գինը 12 մլն դրամի սահմաններում է՝ կախված այգու դիրքից, տեղանքից և այլն: Մինչդեռ «Վաբատեքսի» կոմերցիոն տնօրեն Տիգրան Ղարաջյանի խոսքով՝ պետական սուբսիդավորման ծրագրերով այս համակարգերը հասանելի են դառնում մասնավոր ֆերմերներին. «Պետությունը բավականին հետաքրքիր ծրագրեր է իրականացնում՝ թե՛ վարկերի տոսկոսներն է սուբսիդավորում, թե՛ եթե նոր այգի ես դնում՝ նորագույն տեխնոլոգիաներով, ծախսերի մի մասն է սուբսիդավորում: Սակայն 1 հա-ից պակաս այգիների համար արդյունավետությունն այդքան բարձր չէ՝ զուտ ֆինանսական ծախսի տեսանկյունից: Հենց դա այն նպատակն է, որը որ ճիշտ կլինի, որ այգիները խոշորացման ծրագրի տակ սկսեն խոշորանալ»:

Ցանցերն օգտագործվում են հիմնականում Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում: «Վաբատեքսի» պատվիրատուների առնվազն 95 տոկոսը մասնավոր սեկտորն է: Եվ գրեթե բոլորն գնորդներն օգտվում են սուբսիդավորման ծրագրերից: Տիգրան Ղարաջյանն այս առումով խնդիրն առայժմ լուծված է համարում, բայց միաժամանակ նշում, որ 2023-ից արտոնությունները խստացվելու են: «Ծրագիրը երբ իրականացնում ենք, 50 տոկոս հետվերադարձ է լինում, 2023 թվականից փոխվելու է՝ 30 տոկոս է հետվերադարձը լինելու: Եվ տոկոսները, մինչ այժմ ամբողջը սուբսիդավորվում էր, հաճախորդի վրա մնում էր 2 տոկոսանոց վարկ, 2 տոկոսն էր սպասարկվում, հունվարից 1-ից դառնալու է 5 տոկոս: Ամեն դեպքում էլի ծրագիր է, որը որ լավ է, բայց մի քիչ սկսել են խստացնել. բյուջեի վրա թանկ է նստում»,-ասում է Տիգրան Ղարաջյանը:

ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 750-Ա որոշմամբ՝ «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն: Համաձայն ներկայացված ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պատրաստվում էր իրականացնել 2 մլրդ. 250 մլն. ՀՀ դրամի ներդրում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմել է 9 350 019 050 ՀՀ դրամ (մաքսատուրքի ազատման արտոնությունը գնահատվել է 700 մլն դրամ):

Տ. Ղարաջյանի խոսքով՝ միայն մեկ անգամ է արտոնություն տրվել ընկերությանը, իսկ հաջորդիվ տարբեր դիմումները՝ ստանալու պետության աջակցությունը, մնացել են անարձագանք:

Հայաստանում տեղադրված հակակարկտային կայանների 95 տոկոսը «Բարվա» ընկերությունն է մատակարարել: 1000 միավոր արտադրանքից մոտ 800-ը տեղադրված է Հայաստանում և Արցախում, մնացածն արտահանվել է երկրց դուրս: Կայանների խտությամբ նշվում են Շիրակի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի մարզերը, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում համեմատաբար նոսր է տեղակայումը: Միակ մարզը, որտեղ ընդհանրապես հակակարկտային կայան չկա, Սյունիքի մարզն է: Պատճառաբանությունն այն էր, որ այնտեղ կարկուտ չի գալիս, բայց վերջին տարիներին հաճախացած տեղումները Սյունիքի բնակիչների մոտ էլ են հետաքրքրություն առաջացրել կարկտապաշտպան համակարգերի նկատմամբ: Հայաստանում կայանների գնորդները հիմնականում համայնքներն են (փոքր տոկոս են կազմում մասնավոր ընկերությունները): Մեկ կայանի գինը 2-2,5 մլն դրամ է՝ ներառյալ հարկերը: Բացի գազի լիցքավորումից, որ համայնքն առանձին ընկերության հետ է պայմանագիր կնքում, տեխնիկական սպասարկման գումարը մեկ կայանի համար կարկտավտանգ սեզոնի ընթացքում՝ ապրիլից հոկտեմբեր, կազմում է 50 հազար դրամ:

«Զենիթ» տեսակի կայանների արտադրությամբ զբաղվող «Բարվա ինովացիոն կենտրոնի» տնօրեն Արման Վարդանյանի խոսքով՝ վերջին տարիներին փորձ է եղել ամբողջությամբ շեշտը դնել ցանցերի և ապահովագրության վրա՝ իրենց արտադրանքը դուրս մղելու ներքին սպառման շուկայից:

«Եղան կազմակերպված արշավներ մեր կայանների դեմ որոշակի շրջանակների կողմից, որոնք չեմ ուզում մեկնաբանել՝ ինչ կապ ունեն ցանց ներկրողների կամ ցանց արտադրողների հետ, որոշակի ինչ-որ շագրգռության տարրեր կան: Փաստացի, ինչ-որ տեղ նաև ստիպողական քայլեր եղան, որ կայաններից հրաժարվեք, կա՛մ ապահովագրվեք, կա՛մ ցանց դրեք. պետական համակարգի ստորին էշելոնների հետ կապված նախաձեռնություն էր իմ կարծիքով: Գրություններ եղան մարզպետարաններ, համայնքապետարաններ, որ սուբվենցիայով համայնքները չդիմեն, ընդհուպ նախարարության կողմից 2021 թվականի ամռանը օրենսդրական նախագիծ շրջանառվեց, բայց խիստ բացասական կարծիքների արժանացավ, ԱԺ չհասավ, առկախված մնաց: Նախագիծն առաջարկողն ասում էր՝ զրոյական արդյունավետություն է այն դեպքում, երբ նախկինում կառավարությունն առանձին սուբվենցիոն ծրագրերով համայնքների հետ համատեղ գնորդն էր մեր համակարգերի, մինչ այդ մոտ 200 կայան էր տեղադրվել պետության համաֆինանսավորմամբ: Նույն պետությունը 2021 թվականի գարնանը հավանության է արժանացնում սուբվենցիոն ծրագրին, իսկ երկու ամիս հետո ասում է զրո է»,- պատմում է Արման Վարդանյանը:

Ի դեպ, հետաքրքիր հանգամանք է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են, որ 2022 թվականին հակակարկտային կայաններ ձեռք բերելու ծրագրերը մերժվել են սուբվենցիոն ծրագրերի գնահատման հանձնաժողովի կողմից:

Հոդվածի համակողմանիությունն ապահովելու նպատակով գրավոր հարցումներ էինք ուղղել մի շարք գերատեսչությունների՝ Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների, էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի նախարարություններին, ինչպես նաև վերջինիս ենթակայությամբ գործող, մարզերում հակակարկտային կայանները կառավարող «Հիդրոօդերևութաբանության և մինիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին: Բանավոր հարցազրույցի մեր խնդրանքը Շրջակա միջավայրի նախարարությունից մերժեցին առանց պատճառաբանության՝ ընդամենը նշելով. «Այս անգամ առանց մեր տեսակետի արեք հրապարակումը»: Օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ուղարկված գրությամբ էլ ո՛չ նախարարությունը, ո՛չ ՊՈԱԿ-ն այդպես էլ չպատասխանեցին հարցին, թե «ինչպե՞ս են գնահատում հակակարկտային կայանների արդյունավետությունը և որպես դրանց այլընտրանք՝ հակակարկտային ցանցերի արդյունավետությունը»:

Վերադառնալով կայանների բնապահպանական կողմին կարևոր է ընդգծել, որ Արամ Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, թե հակակարկտային կայաններն ու ցանցերը, ինչպես նաև հրթիռային համակարգերը, որոնք նույնպես քննարկվում են ոլորտի պատասխանատուների ու մասնագետների կողմից, արդյոք ունե՞ն եղանակի և կլիմայի վրա ներգործություն և ինչպիսի՞, պատասխանում է. «Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ուսումնասիրություն է արել և որոշում կայացրել, որ կայանը գիտականորեն հիմնավորված չէ ու հեռանկարային չէ: Ասում են՝ ուզում եք կիրառեք, ուզում եք ոչ, չեն պնդում, իրավունք չունեն: Ուզում են փող ծախսեն, թող դնեն, բայց որպես այդ բնագավառի մասնագետ՝ ես էլ եմ ասում՝ իզուր փող եք ծախսում: Միակ օգուտը, որ կայանն ունի՝ վնաս չի տալիս, եղանակի վրա ազդեցություն չունի: Բայց իհարկե ավելի լավ է դա, քան ինքնաթիռներով, արկերով կարկուտի կանխումը: Հրթիռայինով կարելի է կարկուտը պակասեցնել, բայց գումարայինն է թանկ, և այդ եղանակն արդեն ազդում է բնության վրա. արծաթի յոդիդը որ թափվեց, իսկ տեղումների հետ պետք է թափվի ներքև, դա արհեստական ինչ-որ բան է, ինչ իմաստ ունի:

Այն դեպքում, երբ պետք է աշխատես կլիմայի վրա չազդես, եղանակի վրա չազդես, ներդաշնակ ապրես բնության մեջ: Ցանցով կանխում ես կարկուտի հարվածի ուժը, բայց տեղումները չեն պակասում: Ցանցի վրա որ ընկավ կարկտահատիկը, հետո գետնի վրա հալվում է, ջուր է տալիս, իսկ բույսին ջուրը պետք է, այսինքն՝ ցանցն ավելի լավ է, քան թե կանխես, որ տեղումներ չլինեն: Ես որ ասում եմ «նախընտրելի» է, դա նկատի ունեմ: Ուրիշ օգուտ էլ ունի ցանցը. որոշակի պաշտպանում է ուժեղ արևից, մի քիչ ստվեր է գցում, որոշակի արգելք է գոլորշիացման համար, մի քիչ պահում է, որ ջերմային էներգիան մթնոլորտ չհեռանա, ցրտահարությունից է պաշտպանում: Բայց ցորենի դաշտերում իհարկե ցանց չես փռի: Այդ դեպքում ապահովագրական համակարգերը պետք է կիրառել, «փոխադարձ ապահովագրում» կա, կարող են որոշ գումար առանձնացնել գյուղացիները, որոշեն միասին այդ ապահովագրական ֆոնդն իրենք ստեղծեն, ոչ թե դիմեն մասնավոր ընկերության, որն ուղղակի ունենալով կապիտալ՝ մարդկանց կրած վնասից իր համար շահույթ է ձևավորում: Ինչ տարբերություն, միևնույնն է մարդիկ այդ ապահովագրական գումարը տալիս են, թող իրենք հավաքեն, դա կոչվում է «փոխադարձ ապահովագրում»: Իսկ «ինդեքսը» ոչ թե բերքն են ապահովագրում, այլ երևույթը, օրինակ՝ երաշտը, այսքան տևողությամբ այսքան ջերմաստիճանի բարձրացում է եղել, ապահովագրական հատուցումն ստանում է մարդը, դա էլ «փոխադարձից» է գալիս:

Հակակարտային ցանց

Կլիմայի փոփոխության հետևանքով ինչո՞ւ է կարկտահարությունը շատանում, դա ինչո՞ւ է կլիմայի փոփոխության շրջանակներում դիտարկում, որովհետև ջերմաստիճանը, որ բարձրանում է, գլոբալ ջերմաստիճանը, օվկիանոսից գոլորշիացումն է շատանում: Հիմա մեկ աստիճան է բարձրացել, մեկ աստիճանը բավական է, որ հատկապես արկտիկական շրջաններում գոլորշիացումը շատանա, սառույցները հալվեն, իսկ գոլորշիացած ջուրը պետք է հետ թափվի: Որքան շատ է գոլորշին, իսկ այն իր մեջ էներգիա է կրում, այդքան կարկտահարությունները, փոթորիկները, մնացած օդերևութաբանական երևույթները շատանում են: Գլոբալ ջերմաստիճանը բերում է կլիմայի փոփոխության: Կլիման այդ երևույթների միջին ռեժիմն է: Երևույթներն ուժգնանում են հիմնականում ջերմության և խոնավության շատացման և փոխանցման հետևանքով»,– ասում է նա:

Ամփոփելով՝ Արամ Գաբրիելյանը կարկտահարության դեմ պայքարը գնահատում է որպես օդերևութաբանական երևույթների և նրանց զարգացման վրա ակտիվ ներգործության տարատեսակ: Ամպրոպը կանխելով կամ նրա ինտենսիվությունը նվազեցնելով՝ նվազում է նաև կայծակահարությունը: Իսկ կայծակի շնորհիվ օդում առաջանում են ազոտի օքսիդներ, որոնք տեղումների միջոցով հողը բնական եղանակով հարստացնում են ազոտով: Տեղումների վրա արհեստական ներգործության փորձերը ցույց են տալիս, որ այդ դեպքում տեղումների գումարային քանակները նվազում են, և փոխվում է դրանց տարածական բաշխվածությունը: Խնդիրն ավելի է կարևորվում՝ կապված կլիմայի փոփոխության հետ, քանի որ Հայաստանում կանխատեսվում է կլիմայի չորայնացման աճ և տեղումների նվազում: Ներկայումս արդեն իսկ տեղումները նվազել են մոտ 9 տոկոսով:

 

Հեղինակ՝ Ադրինե Թորոսյան 

Նյութը պատրաստվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթի շրջանակում։ Նյութում արտահայտված տեսակետներն ու կարծիքները հեղինակինն են և պարտադիր չէ, որ ներկայացնեն ՄԱԶԾ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի տեսակետները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում