Կոռուպցիոն շղթա, թե՞ փրկօղակ․ ի՞նչ է կատարվում Երևանի կենդանաբանական այգում /մաս 1/

Կարդացեք շուտով՝

Վերհիշե՛ք՝ միջինում քանի՞ անգամ եք լսել՝ «Կենդանաբանական այգում կենդանիները սոված են, ո՞վ գիտի ինչ են կերակրում, հավանաբար հին-էժան-փչացած սնունդ են տալիս» և այլ խոսակցություններ։ 

Բայց, արդյոք հանրության մեջ տարածված և քննարկվող այս տեսակետն ունի՞ օբյեկտիվ հիմքեր։

Երևանի կենդանաբանական այգու շուրջ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից կատարված վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջին հայացքից անհիմն թվացող այս զրույցները, այնուամենայնիվ, այդքան էլ անհիմն չեն։ Հետաքրքիր է, որ հանրությունը խոսակցություններում կարողացել է դուրս բերել կենդանիներին սպառնացող իրական վտանգը։ 

Հարց է առաջանում՝ իսկ առհասարակ ինչո՞վ և ինչպե՞ս են սնվում կենդանիները Երևանի կենդանաբանական այգում (ԵԿԱ)։

«Ինչո՞վ» հարցի պատասխանը կարծես ենթադրելի է՝ յուրաքանչյուր տեսակին բնորոշ մթերքներով և հատուկ կազմված դիետաներով․ գիշատիչները՝ մսով, մյուս տեսակները՝ բանջարեղենով, մրգերով, խոտով և այլն։ 

Սպիտակագլուխ անգղեր Երևանի կենդանաբանական այգում

«Ինչպե՞ս» հարցի պատասխանը սահմանում է ՀՀ օրենքը։ Երևանի կենդանաբանական այգին, լինելով համայնքային կազմակերպություն, գոյատևում է պետական բյուջեի հաշվին, հետևաբար, ինչպես և պետական գումարները ծախսող մյուս կառույցները, պարտավոր է կարիքները հոգալ բացառապես պետական գնումների համակարգի միջոցով։ Օրինակ, եթե այս պահին Այգին որևէ ապրանքի կամ ծառայության անհրաժեշտություն ունի՝ լինի գրիչ, դեղամիջոց կամ բանան, ապա պարտավոր է ապրանքը ձեռք բերել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանվող ընթացակարգերով՝ հայտարարելով մրցույթ, ճանաչելով հաղթողին, կնքելով պայմանագիր, և նոր միայն ունենալ այդ ապրանքը՝ իհարկե, որոշ բացառություններով։ Ակնհայտ է, որ սա ամենևին հեշտ և արագ գործընթաց չէ, ուստի յուրաքանչյուր կառույց պետք է իր կարիքները ձևակերպի նախապես և գործընթացը սկսի նախօրոք։  

Պետական գնումների համակարգի ամբողջ նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի պետական միջոցներն օգտագործվեն նպատակային, թափանցիկ և մրցունակ։

Այսինքն, եթե որևէ կառույց ծախսում է պետական միջոցները, ապա պարտավոր է դա անել պետության սահմանած կանոններին համապատասխան, որի առաջնահերթություններից է խելամտության սահմաններում տնտեսել այդ միջոցները՝ միևնույն ժամանակ ձեռք բերելով որակյալ և պիտանի ապրանք։ 

Առաջին հայացքից մեխանիզմը պարզ է․ պատվիրատուն ձևակերպում է պահանջը, հայտարարում է մրցույթ, հայտնվում են մասնակիցներ, որոնք պատրաստ են կատարել դրված պահանջը և հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը պատրաստ է պահանջը կատարել ամենաէժան գնով՝ իհարկե, հաշվի առնելով նաև որակային պահանջները։ Սա քայլերի հաջորդականության պարզագույն բացատրությունն է, սակայն «Գնումների մասին» ՀՀ օրենքը և մի շարք այլ նորմերը սահմանում են բազմաթիվ ընթացակարգեր, մրցույթների մի քանի ձևեր և կանոններ։

Ի դեպ, «Գնումների մասին» ՀՀ օրենքում բոլորովին վերջերս ծավալուն փոփոխություններ են կատարվել, որոնք այս տարվա հունիսի 1-ից արդեն ուժի մեջ են մտել։ Գնումների համակարգին, ինչպես նաև այս փոփոխություններին անդրադարձել է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» /TAAP/ ծրագիրը, որի շրջանակներում մշակվել են երկու զեկույցներ` «Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները և մրցակցային ձևի ընտրության այլընտրանքային հնարավորությունները» և «Պետգնումների բողոքարկման համակարգի մոնիտորինգ»։

Այս զեկույցների օգնությամբ ուսումնասիրել ենք վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու գնումների գործընթացները՝ փորձելով պատասխանել նույն հարցին՝ «արդյոք սովա՞ծ են կենդանաբանական այգու կենդանիները»։ 

Ծրագրով հատուկ ուշադրություն է դարձվել մեկ անձից կատարվող գնումներին և թղթային եղանակով կատարվող գնումներին։ 

Ի՞նչ է նշանակում «մեկ անձից գնում»։

Ինչպես և հուշում է անվանումը՝ «մեկ անձից գնում» կատարելն ապրանքն անմիջապես մեկ անձից գնելու հնարավորությունն է, ինչը պետությունը երբեմն արդարացիորեն թույլ է տալիս։ Կան սահմանված դեպքեր, երբ օբյեկտիվորեն ավելի նպատակահարմար է անհրաժեշտ ապրանքը ձեռք բերել մեկ անձից, օրինակ՝ երբ այդ ապրանքին տիրապետում է միայն մեկ անձ, կամ ձեռք է բերվում 1 մլն դրամից (բազային միավոր) քիչ ապրանք և այլն․․․ Բայց դա միանշանակ Այգու բնակիչների համար հազարավոր կիլոգրամների և միլիոնավոր դրամներ արժեցող մսի ձեռքբերումը չէ։

Ո՞րն է «թղթային գնումը»։

Կրկին անվանումը հուշում է․ մասնակիցներն իրենց գնառաջարկները ներկայացնում են ծրարներով՝ թղթերի վրա տպված, ինչն անհամեմատ մեծացնում է բոլոր տեսակի ռիսկերը, քանի որ նրանք կարող են նախապես շփվել միմյանց հետ, հակամրցակցային պարտավորություններ ձեռք բերել, ինչպես օրինակ՝ համաձայնացնել գնառաջարկները և այլն։ Դա շատ ռիսկային և կասկածելի գործընթաց է պետության տեսանկյունից, իսկ քանի որ Երևանի կենդանաբանական այգին ՀՈԱԿ է, գնումներն իրականացնում է թղթային եղանակով։ Հենց այստեղ էլ բազմաթիվ չարաշահումների ռիսկեր են առաջանում։

«Շատ կարևոր է, որ պատվիրատուները դիմեն մրցակցային ընթացակարգերի, որպեսզի մի կողմից հնարավորություն տվի խնայողաբար օգտագործել հանրային միջոցները, հարկատուների փողը և մյուս կողմից հնարավորինս շատ մասնակիցներ կարողանան մասնակցել ընթացակարգերին»․ «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» ծրագրի հետազոտող Անի Սամսոնյան։

Անի Սամսոնյանի հետ զրուցել ենք TAAP ծրագրի զեկույցներով առաջարկվող փոփոխությունների մասին։ 

Անի Սամսոնյանի խոսքով՝ 2021թ․-ին ունենալ թղթային գնումներով ընթացակարգ, հետամնացություն է։ «2011թ․-ից ներդրվել է էլեկտրոնային համակարգը, բայց կան նաև թղթային եղանակով իրականացվող գնումներ, դրանք են՝ ՀՈԱԿ-ներն ու ՊՈԱԿ-ները։ Մենք պետք է հնարավորինս շուտ ձերբազատվենք թղթային գնումներից, որովհետև այստեղ մենք ունենք թափանցիկության, հաշվետվողականության խնդիր։ Որտեղ չկա թափանցիկություն, այնտեղ կան բազմաթիվ չարաշահումների ռիսկեր»,- ասել է նա։ 

Մեկ անձից կատարվող գնումների ռիսկայնության մասին պատմել է նաև պետական գնումների մասնագետ, «Գործք» ՍՊԸ հիմնադիր, TAAP ծրագրի դասընթացավար Արմեն Սարգսյանը։ Վերջինս նշել է, որ կան օրենքով սահմանված դեպքեր, որոնց դեպքում բնական և արդարացված է մեկ անձից գնում կատարելը, սակայն կան նաև այնպիսիք, որոնք խնդրահարույց են։

Արմեն Սարգսյանը խոսել է նաև թղթային գնումների մասին՝ դրանք համարելով չափազանց ռիսկային։ «Հնարավորինս շուտ լիազոր մարմնի և կառավարության կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի այլևս թղթային գնումներ չիրականացվեն։ Եթե ուզում ենք այս ոլորտը ևս մեկ կայուն ու մեծ քայլ առաջ գնա, պետք է բացառենք այս եղանակը։ Թղթային գնումների դեպքում մարդկային գործոն կա, շփում կա, դա բավարար է, որպեսզի համարենք, որ դեռևս այս ինստիտուտը մինչև վերջ կայացած չէ»,- ասել է նա։

Պետական գնումների մասնագետ Արմեն Սարգսյանի հետ զրուցել ենք համակարգի ամենակարևոր խնդիրների մասին։

Երևանի կենդանաբանական այգու բնակիչ կենդանիների սննդի խնդիրը, իրականում, վերջերս է քննարկման առիթ դարձել, ինչն էլ ստիպել է մեզ փաստական ուսումնասիրություն կատարել՝ հասկանալու համար դրա ճշմարտացիությունը։ 

Այսպիսով, մեր ուսումնասիրությունը սկսելուց անմիջապես հետո պարզեցինք, որ իրականում կենդանիների սնվելու խնդիրը լուծվում է վարչապետի, այն է՝ կառավարության մակարդակով։

Առաջին բանը, որն աչք է ծակել Այգու գնումների գործընթացի ուսումնասիրությունը սկսելուց անմիջապես հետո, ԵԿԱ կողմից մշակված Կառավարության որոշման մի նախագիծ է, որն, ըստ էության, ամբողջությամբ դեմ է գնումների վերոնշյալ բոլոր սկզբունքներին՝ «թափանցիկ, մատչելի և հաշվետու»։ Կառավարության հաստատմանը ներկայացված նախագիծը բազմաթիվ հարցեր ու ռիսկեր է առաջացնում։ 

Կարճ ասած՝ Երևանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ը խնդրել է կառավարությանն իրեն տալ արտոնություն և թույլ տալ հրատապ դեպքերում անտեսել սահմանված ընթացակարգերը և «ըստ ցանկության» անժամկետ մեկ անձից գնումներ կատարել։ Նախագիծն ընդունվել է (ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ 26 մայիսի 2022 թվականի N 741-Ա կառավարության որոշում), ինչ հետևանքով բազմակի անգամ ավելացել է գործընթացի ռիսկայնությունը, կոռուպցիոն դրսևորումների և պետական միջոցների առնվազն անարդյունավետ օգտագործման հավանականությունը։ 

Իսկ ո՞ւր մնաց «թափանցիկ, մրցակցային, մատչելի և հաշվետու» գնումների իդեոլոգիան։

Նախագիծը մշակվել է ԵԿԱ և Երևանի քաղաքապետարանի կողմից, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է Կառավարությանը։ 

Մի կողմ թողնելով բոլոր հնարավոր ռիսկերը և ամենևին որևէ չարամտություն չտեսնելով՝ առաջանում է հարց․ իսկ ի՞նչն է ստիպել Այգու ղեկավարությանը նման նախագիծ մշակել, ինչպե՞ս է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը։

Կառավարության որոշման նախագծում, իհարկե, ներկայացվել են մի շարք հիմնավորումներ, սակայն EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը անհրաժեշտ է համարել ժամանակագրությամբ ավելի հետ գնալ և առավել խորն ուսումնասիրել վերջին տարվա ընթացքում Այգում տեղի ունեցած իրադարձությունները։ Նախագծի հեղինակները որպես հիմնավորում ներկայացրել են մի շարք տապալված մրցույթներ, որոնց հետևանքով չի հաջողվել կենդանիների համար սննդի, մասնավորապես՝ մսի ձեռքբերումը, բայց թե որտե՞ղ է խնդրի սկզբնաղբյուրը, ինչի՞ց է ամենը սկսվել, մանրամասնված չէ, ինչը, սակայն, հանրությանը ներկայացնել անհրաժեշտ ենք համարում։

Նախապատմությունն ու իրադարձությունների քրոնոլգիային կարող եք ծանոթանալ հղումով։

Ուստի, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ընթերցողների համար պատրաստել է իրադարձությունների ժամանակագրություն (քրոնոլոգիա), որը թույլ կտա ծանոթանալ խնդրի նախապատմությանը, համադրել փաստերը և գալ եզրահանգման։ 

Նախագծի հեղինակները նշել են․ «Այս ամբողջ ժամանակահատվածում կենդանաբանական այգու կենդանիները սնվել են բարեգործական հիմունքներով տրամադրված մսեղիքով, որը բավարար չէ կենդանինների պատշաճ սննդակարգ ապահովելու համար՝ մսեղիքը փոխարինվել է այլ սնունդով»: 

Այս պնդումն էլ հիմնավորման կարիք ունի, ինչի մասին ի դեպ գրավոր հարցում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան։ 

*Ծանուցում. Այս հոդվածի հրապարակումից առաջ ստացել ենք գրության պատասխան Քաղաքապետարանից, որից պարզ է դառնում, որ նախագիծը 26.05.2022թ․-ին ընդուվել է։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ․ 

Ի դեպ, մեր կողմից ուղարկված գրավոր հարցումը մի քանի կարևոր շեշտադրումներով հարցեր է պարունակել, որոնց պատասխան ընդհանրապես չի տրվել։ Պատասխանն ամփոփովել է ընդամենը 3 նախադասությամբ, իսկ բանավոր հարցազրույցից Քաղաքապետարանը շարունակում է խուսափել։ 

Հարցումն ամբողջությամբ։

Պետական գնումների քաղաքականության ոլորտում լիազոր մարմինը հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, ուստի գերատեսչությանը խնդրել ենք վերոնշյալ նախագծի մասին մեկնաբանություն տալ, սակայն նախարարի մամուլի քարտուղար Ռոնա Ահարոնյանը նշել է, որ նախարարությունը տեղեկացել է նախագծի մասին այնպես, ինչպես բոլորը՝ e-draft համակարգից։

Նախարարության հետ չեն խորհրդակցել, դիրքորոշում չեն հարցրել։

Մայիսի 20-ին մեզ հետ զրույցի ընթացքում Ռոնա Ահարոնյանն ասել է․ «Այս ամենի հեղինակը և նախագծի առաջարկողը քաղաքապետարանն է, քանի որ այն չի կարող կառավարության որոշում հեղինակել, հետևաբար այդ ամենն արվում է ՏԿԵՆ միջոցով։ Մեզ հետ քննարկումներ, որպես այդպիսին, չեն եղել, ինչը բնական է։ Հետագայում, երբ արդեն կառավարության նիստում, կոմիտեներում քննարկվի, նոր ֆինանսների նախարարությունը պետք է իր դիրքորոշումը հայտնի, այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա»։

Ինչպես տեսնում ենք Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի գրությունից՝ ՀՀ կառավարության 26.05.2022թ. №741-Ն որոշմամբ նախագիծն ընդունվել է։ 

Ընդգծենք, որ մինչ գրավոր հարցում ուղարկելը շուրջ 10 օր փորձել ենք մեկնաբանություն ստանալ Քաղաքապետարանի գնումների վարչության ժ/պ Իսկուհի Օսիպյանից կամ այլ լիազոր աշխատակցից, ինչը սակայն չի հաջողվել։

Ճիշտ է, քաղաքապետարանից մեզ չեն մերժել, սակայն, գործընթացն արհեստականորեն երկարացվել է։ Արդյունքում հունիսի 23-ին ուղղել ենք գրավոր հարցում և ստացել ենք պատասխան հուլիսի 4-ին։

Մեկ այլ գրավոր հարցման միջոցով խնդրել ենք նաև պարզաբանել, թե այս ամբողջ ընթացքում, երբ ԵԿԱ-ն մսի մատակարարման ոչ մի պայմանագիր չի կնքել և բոլոր ընթացակարգերն ըստ էության ձախողվել են, ինչո՞վ են և ինչպե՞ս են սնվել կենդանիները։ Այս հարցմանը դեռևս պատասխան չենք ստացել։

Նախագծի հեղինակներն արդարացիորեն նշել են տապալված մրցույթների, չկայացած ընթացակարգերի մասին, սակայն արդյոք նշված նախագիծն է այն այլընտրանքը, որին պետք է գնա պետությունը։ Պետական գնումների մասնագետ Արմեն Սարգսյանը կարծում է՝ միանշանակ ոչ։ 

«Ես կողմ եմ, որ ցանկացած կառույց բարձրաձայնի իր խնդրի մասին, քանի որ դրա արդյունքում են լուծումներ գտնվում։ Նախորդ մեր փորձը ցույց է տվել, որ չեն կայանում ընթացակարգերն ինչ-ինչ պատճառներով, այսինքն մենք հաջորդ անգամ էլ ավելի ուշադիր պետք է լինենք և նաև դա համարենք ռիսկ։ Խնդրի իրականությունը նրանք պետք է իրենց փորձով հասկանան, պետք է իրական պատճառը գտնեն»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը խոսել է Երևանի կենդանաբանական այգու գնումների շուրջ առաջացած խնդիրների և առաջարկված նախագծի մասին։ 

Նախագծով որպես ակնկալվող արդյունք նշվել է՝ «ապահովել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կենդանիների պատշաճ սննդակարգը», ուստի մենք հրավիրված փորձագետներին հարց ենք ուղղել՝ արդյոք այս նախագիծը համակարգային լուծում տալո՞ւ է ստեղծված խնդրին։ 

Արմեն Սարգսյանը կարծում է, որ առաջացած խնդրին արդեն իսկ լուծում տրված է կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի միջոցով։ Վերջինս ընդգծել է, որ այս պահին նմանատիպ խնդիր առաջացել է բազմաթիվ մանկապարտեզներում, և եթե առաջարկվող նախագիծն ընդունվի, այն կարող է նախադեպային դառնալ և հարյուրավոր մանկապարտեզներ ևս ցանկանան օգտվել այդ արտոնությունից, ինչը համակարգի համար կարող է կոլապսային լինել։

«Մենք գործ ունենք 1000-ից ավել մանկապարտեզների հետ, գործ ունենք երեխաների հետ, որոնք ամենօրյա սննդի կարիք ունեն մանկապարտեզներում, այդ հարցը նույնիսկ չի բարձրացվել նրանց կողմից։ Այս պարագայում մենք չպետք է տանենք մեկ անձի, քանի որ հիմնական մեծ ծախսը կենդանաբանական այգու հենց կենդանիների ամենօրյա սնվելու հարցը լուծելն է, այսինքն, եթե դա մենք կազմակերպենք մեկ անձով, կստացվի, որ ամբողջ կենդանաբանական այգին մեկ անձից գնման շրջանակներում կամփոփվի»,- մանրամասնել է նա։

Առյուծները՝ Երևանի կենդանաբանական այգում։

Հավանական է, որ ԵԿԱ կողմից մինչ այժմ իրականացվել են մեկ անձից գնումներ, ինչը «Գնումների մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է։

Եթե այդպիսիք եղել են, ապա դրանք անգամ չեն հրապարակվել և հանրությունն ընդհանրապես որևէ լծակ չունի տեղեկանալու, թե ինչպե՞ս է ծախսվում պետական բյուջեն։ Պաշտոնական տեղեկագրում մեկ անձից գնում կատարելու եղանակով վերջին կնքված պայմանագիրը հրապարակվել է փետրվար ամսին։

TAAP ծրագրի հետազոտող Անի Սամսոնյանը ևս խոսել է ներկայացված նախագծի մասին՝ ասելով․ «Պետք է հնարավորինս ուսումնասիրել և հասկանալ, թե որքանով է սա հիմնավոր, որովհետև միայն կենդանաբանական այգու ՀՈԱԿ-ին տալ նման հնարավորություն ես կարծում եմ սխալ կլինի, որովհետև այդպիսի հիմնավորումներով բազմաթիվ պատվիրատուներ կարող են հանդես գալ և ասել, որ իմ կարիքը դառնում է հրատապ և ես ուզում եմ մեկ անձից գնում կատարել։ Պետք է շատ համակողմանի նայել խնդրին»։ 

Նա նշել է, որ սա լուծում կարող է լինել, բայց մեկ կառույցի հաշվով նման լուծում տալը համակարգի համար կարող է խնդիր առաջացնել։ «Սա կարող է բերել մյուսների դժգոհությանը նաև։ Բնականաբար, մեծանում է նաև կոռուպցիոն ռիսկը, քանի որ մեկ անձից գնումը լի է կոռուպցիոն ռիսկերով․ կատարվում է մեկ անձից և այդ մեկ անձը կարող է լինել փոխկապակցված անձ, ընկեր, բարեկամ․․․ մեկը, ով շահագրգիռ է ստանալ եկամուտ և օգտվում է այդ հնարավորությունից»,- եզրափակել է նա։ 

Այսպիսով, հրավիրված փորձագետներն արտահայտել են իրենց դիրքորոշումը առաջարկվող նախագծի մասին։ Այս տարվա մայիսի 26-ին նախագիծն ընդունվել է Կառավարության կողմից, իսկ e-draft համակարգում դրա տեղադրված լինելու հանգամանքը համարվել է «սահմանված կարգով հանրային քննարկում»։ Փաստ է, սակայն, որ անգամ ոլորտի ներկայացուցիչները տեղեկացված չեն եղել խնդրի, առավել ևս՝ ներկայացված նախագծի մասին։ 

Իսկ այժմ, երբ նախագիծն արդեն ընդունվել է, կարելի է ասել հանրությունը գրեթե ամբողջությամբ զուրկ է վերահսկողական գործառույթից, առաջին հերթին այն պատճառով, որ Այգին գնումների գործընթացն իրականացնում է թղթային եղանակով։

Այն մասին, թե ինչպես է սկսվել ամեն ինչ կարդացեք շուտով «Սոված կենդանիների հետքերով» /մաս 2/ վերտառությամբ հոդվածում։

Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ի՞նչ կապ կարող է լինել այս պատմության և Կենդանաբանական այգում կենդանիների մշտական և անբացատրելի անկումների դեպքերի միջև, կարդացեք «Մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք» /մաս 3/ վերտառությամբ հոդվածը, որը կհրապարակվի շուտով։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում