ՊԵԿ-ը ապօրինի հանքավայր է բացահայտել (տեսանյութ)
![](https://econews.am/disk/08-06-21/cd8ed7296853e532968537c036d4f690.jpg)
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է հանքարդյունահանման անօրինական գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժին տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում, առանց հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, կատարվում է հանքարդյունահանում կամ հանքի շահագործում։ Ստացված տեղեկությունների հիման վրա ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցներն իրականացրել են նախապատրաստական և ստուգողական աշխատանքներ: Այնուհետև ընկերության նկատմամբ մշակվել և ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ընկերությունը չունենալով հանքարդյունահանման համապատասխան թույլտվության շահագործել է Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասը: Ընկերությունը հանքավայրից ապօրինի արդյունահանել է առնվազն 19302մ3 հանքանյութ, որի պարագայում ստացվել է 6755մ3 տուֆ քարի պատրաստի արտադրանք, որը 1մ3-ի համար միջինը վաճառվել է 7386 ՀՀ դրամով։
Այդ գործունեության համար ընկերությունն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին չէր ներկայացրել հաշվարկ-հաշվետվություններ: Այսպիսով, ընկերության կողմից կատարված գործունեության արդյունքում պակաս է հաշվարկել շուրջ 8 միլիոն 300 հազար դրամի չափով բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գումարներ, իսկ իրացման շրջանառությունը պակաս է հաշվարկվել շուրջ 41 միլիոն հազար դրամի չափով։
Հաշվի առնելով օպերատիվ հետախուզական գործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում, ընկերությունը ներկայացրել է շրջանառության հարկի և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային ճշտված հաշվարկներ: Կատարվում են աշխատանքներ չվճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։
Նշենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքում գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման կրկնակի փաստի դեպքում` օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/1795dfc7172a5053b9504176d64a50f6.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/7fdef48e91dad8a820115591b12c3b84.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-08-22/3639bc5f877a3013b950bd8ef05ca4bc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/22-08-22/9cd4da82ac123ea324c3d6021a050b09.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-08-22/e4060fac3eecfc54b3f98f013ee662ed.jpg&w=300&h=200)