Ինչպե՞ս դիմակայել կլիմայի փոփոխությանը․ կայացավ էքսպո-ֆորում (տեսանյութ)

Օրերս Երևանում անցկացվեց «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով էքսպո-ֆորում: Տարբեր ոլորտների շուրջ 120 ներկայացուցիչներ կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցերին անդրադարձան թեմատիկ քննարկումների ձևաչափով՝ դիտարկելով դրա ազդեցությունը երկրի ամենատարբեր ոլորտների վրա։

Կլիմայի փոփոխությանը ժամանակին և պատշաճ արձագանքելը կարևոր նշանակություն ունի ցանկացած երկրի կայուն զարգացման համար։ Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրների ցանկում է: 1,3°C-ով աճել է տարեկան միջին ջերմաստիճանը, 9 տոկոսով նվազել է տեղումների քանակը, ավելացել է վտանգավոր կլիմայական երևույթների քանակն ու ուժգնությունը։ Այս ամենն իր ազդեցությունն է ունենում տնտեսության բոլոր ոլորտների վրա՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, ջրային պաշարների կառավարում, զբոսաշրջություն, էներգետիկա, բնակավայրերի զարգացում և այլն։

Միջոցառման պաշտոնական բացումն ազդարարեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը։ Ողջունելով նախաձեռնությունը՝ նա նշեց, որ կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերը Հայաստանի՝ որպես զարգացող երկրի համար չափազանց կարևոր են, քանի որ զարգացող երկրների դեպքում այս գործընթացները ենթադրում են նաև առկա կենսապայմանների բարելավում։

«Ուզում եմ կարևորել հատկապես նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, քանի որ այսօր այստեղ մենք հնարավորություն ունենք բարձրաձայնելու և քննարկելու ոլորտային քաղաքականություններում առկա խնդիրներն ու բացերը, համատեղ քննարկման շնորհիվ առաջարկելու արդյունավետ լուծումներ։ Համոզված եմ՝ դրանք արժեքավոր դեր կունենան կլիմայի փոփոխության հանդեպ մեր երկրի դիմակայունության բարձրացման քաղաքականության մշակման ճանապարհին»,- նշեց Նոնա Բուդոյանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցները վեց աշխատարաններում քննարկեցին կլիմայի փոփոխության տեսանկյունից առավել խոցելի ոլորտներում առկա խնդիրները, դրանց ուղղված հարմարվողականության գործողություններն ու համագործակցության հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում կայացավ նաև Կանաչ էքսպո, որի շրջանակում մի շարք մասնավոր ընկերություններ ներկայացրեցին հարմարվողականության գործընթացին նպաստող իրենց արտադրանքն ու ծառայությունները՝ պարարտանյութերից մինչև տեխնիկական լուծումներ։

Էքսպո-ֆորումն անցկացվեց «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակում։ Ծրագրի հարմարվողականության ինստիտուցիոնալ զարգացման հարցերով թիմի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց․ «Հայաստանում շուրջ 20 տարի կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները գտնվում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուշադրության կենտրոնում: Ներկայումս Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների հաղթահարմանը՝ մշակելով համապատասխան հարմարվողականության միջոցառումների փաթեթներ և նախանշելով դրանց իրականացման ուղիները: Ուրախ ենք տեղեկացնել, որ երեկ՝ մայիսի 13-ին, ՀՀ Կառավարությունը հաստատել է ՀԱԾ ծրագրի աջակցությամբ մշակված Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը՝ ոլորտում իրականացվող գործընթացներին տալով ավելի ինստիտուցիոնալ բնույթ»։

Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, ՀՀ Կառավարությունը հաստատել էր Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ․ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ)՝ սահմանելով այն առաջնահերթ ոլորտները, որոնցում կիրականացվեն կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների հարմարվողականության ուղղությամբ գործողություններ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում