«Գյյյուլում ու վայելում ենք»․ Մեղվակերները՝ մեղվաբույծների զոհ (ֆոտո)

Օրերս մեղվաբուծությամբ զբաղվողների սոց․ հարթակներում հայտնվեց մի հրապարակում, որտեղ ակնհայտ ապօրինի գործողություններ են տեղի ունեցել մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ։ Մեղվակերները, ըստ հրապարակման, մշտապես հանդիսանում են մեղվաբույծների բիզնես շահերի զոհը, քանի որ վերջիններս ևս բնականորեն օգտվում են մեղուներից։ Մեղվակերները սնվում են միջատներով, առավելապես՝ մեղուներով։ 

«Մեղվաբուծություն» կոչվող ֆեյսբուքյան խմբում Հովհաննես Սիմոնյան անունով մեղվաբույծի կողմից հրապարակվեցին ցանցի մեջ խճճված ոսկեգույն մեղվակերի լուսանկարներ հետևյալ հարցադրմամբ․ «Ո՞նց եք պայքարում մեղվակերների դեմ»։ Փաստացի, Հովհաննես Սիմոնյանի կողմից հրապարակված լուսնկարներն ապացուցում են, որ մեղվաբույծների ստվար զանգվածը «պայքարում» է մեղվակերների դեմ և որպես պայքարի միջոց է ընտրվել ապօրինի եղանակը՝ մեղվակերների ոչնչացումը։ 

Ընդգծենք, որ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ որսի այս տեսակն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Օրենքում մասնավորապես ասվում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել` ․․․ 14) աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-ից խոշոր թակարդների օգտագործմամբ»։

Հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ ԿԳ տվյալների համաձայն՝ որպես Կանաչ մեղվակերների վտանգման հիմնական գործոն նշվում է՝ քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից։ 

Ուշագրավ են նաև նշված հրապարակման մեկնաբանությունները, որտեղ այլ մեղվաբույծներ կիսվում են ապօրինի որսի իրենց տարբերակներով՝ չգիտակցելով անգամ, որ դա ՀՀ իրավական նորմերով համարվում է իրավախախտում։ 

Նշված հրապարակումը, բնականաբար, որոշ ժամանակ անց հեռացվեց, սակայն EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պահպանել է որոշ դրվագներ։ 

Օրինակ՝ Վահրամ Նահապետյան անունով օգտատերը գրել է․ «Ողորկափող հրացան, 5 համարի շեշմա, բարութ ու կապսուլ, էս ամենը իրար էս խառնում ու պայքարի միջոցը պատրաստ է»։ 

Այս մեկնաբանությունից պարզ է դառնում նաև, որ Վահրամ Նահապետյանը որսորդ է և զբաղվել է ապօրինի որսով։ Վերջինս մեկնաբանություններում նաև հարց է բարձրացնում՝ գրելով․ «Մեղվակերներին պաշտպանողներին մի հարց տամ էլի։ Որ մեկը գա ու սկսի ձեր ամբողջ կյանքի ընթացքում ստեղծած բիզնեսը, սիրելի զբաղմունքը ապրուստի միջոցը քանդել ինչ՞ կանեք»։ 

Այսինքն, եթե թռչնատեսակն իրենց անձնական բիզնես շահին վնաս է պատճառում, ապա կարելի և թույլատրելի է նրանց ոչնչացումը։ Ստացվում է, որ բնականորեն մեղուներով սնվող թռչնատեսակը դարձել է մարդկանց՝ մեղվապահների բիզնես շահի զոհը։ Բիզնես գործունեությամբ զբաղվող այս մարդիկ, փաստորեն, նախընրել են ոչ թե ծախսել մի փոքր շատ ռեսուրսներ և պահպանել մեղվափեթակներն այլ՝ անվնաս եղանակով, այլ որոշել են պարզապես սպանել կենդանիներին։ 

Մեկ այլ օգտատեր՝ Նարինե Մինասյանը գրել է․ «Մի հատ սատկացրեք մեղվանոցի մոտակայքում երևացող տեղ կախեք»։ 

Աշոտ Հունանյանը գրել է․ «Իրիկունը ծվարում են։կրակեք կծիկին»։ 

Գագիկ Գևորգյանը ևս գրել է․ «Գյյյուլում ու վայելում ենք։Շատ համովա խորոված արած»։ 

Կան մեկնաբանություններ, որոնք առանձնակի դաժանություն են պարունակում։ Արարատ Աղաբեկյանը գրել է․ «Թույլ լիցքավորմամբ, որ ծվծվան, մնացածները ծվծվոցից փաղչեն»։ 

 

Հուսադրող է, սակայն, որ կան մարդիկ, որոնք դատապարտել են թռչունների նկատմամբ նման վերաբերմունքը և հրապարակումն արժանացել է պախարակման, ինչի արդյունքում էլ հեռացվել է։ Այս դեպքը վառ վկայությունն է նրա, որ Հայաստանում «մարդ–բնություն» կոնֆլիկտը չի ստանում համակարգային լուծում, այլ տարբեր անհատներ զբաղվում են ինքնագործունեությամբ, հաճախ՝ ապօրինի, առանց հաշվի առնելու նաև մասնագիտական մոտեցումները։ Չկրելով իրավական պատասխանատվություն, քաղաքացիները շարունակում են ոչնչացնել իրենց կարծիքով վնաս պատճառող տեսակներին։ 

Թռչնաբան, «ԲրդԼինքս» ՀԿ նախագահ Կարեն Աղաբաբյանը ևս անդրադարձել է այս խնդրին՝ գրելով․ «Միանշանակ, հակասություն կա բիզնեսի և այս գեղեցիկ թռչունների միջև, սակայն թռչուններին սպանելը լուծում չէ:

Ի՞նչ ունենք որպես փաստեր.

1. Մեղվաբույծների պնդումը, որ մեղվակերները ուտում են հսկայական (ինչ է դա նշանակում ???) թվով մեղուներ:

2. Վնասի իրական արժեքի տնտեսական պատկերի բացակայություն:

3. Մեղու որսալու իրական պատկերի բացակայություն՝ որտեղ են մեղվակերները ամենաշատը բռնում մեղուներին:

4. Մեղուների փեթակներից մեղվակերներին վախեցնելու այլընտրանքային մեթոդների փորձարկման բացակայություն:

Այսպիսով, ես առաջարկում եմ ստեղծել կամավորների թիմ, ովքեր կարող են օգնել ուսումնասիրել մեղվակերների վարքագիծը, և այնուհետև մենք կկարողանանք ուսումնասիրության արդյունքները ներկայացնել շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարություններին, որպեսզի.

1. Ներկայացնենք աշխատող մեթոդները մեղվաբուծարաններին (կարող է լինել կառավարության աջակցությամբ):

2. Էապես բարձրացնել մեղվակերներին սպանելու համար պատիժը և ուժեղացնել այդ թռչունների սպանության վերահսկողությունը»։

Այսպիսով, խնդիրն ունի համակարգային լուծման և պետական միջամտության կարիք, ուստի հրավիրում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ուշադրությունը։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում