Աղվեսները՝ «հեշտ որս» և վաճառքի առարկա․․․ (ֆոտո)

Փետրվար ամսին Երևանի կենդանաբանական այգու կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ մեկ աղվես է բաց թողնվել վայրի բնություն։ Պարզվել է, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին քաղաքացու կողմից «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ է բերվել մեկ առանձնյակ աղվես: «Քաղաքացին բանավոր ձևով տեղեկացրել է, որ շտապում է մեկնել Արցախ՝ պատերազմին մասնակցելու նպատակով և այդ պատճառով որևէ փաստաթուղթ չի կարող ներկայացնել»,– հայտնել է ԵԿԱ:

Աղվեսի՝ Երևանի կենդանաբանական այգու տարածքում գտնվելու օրերին կենդանու ներկայությունը նկատել են նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ընթերցողները՝ անհանգստություն հայտնելով կենդանու ճակատագրի մասին։ Բնականորեն առաջացել է նաև հարց՝ թե ինչո՞ւ է կենդանին այդ վանդակում և այդ պայմաններում։

Այգին հայտնել է նաև, որ աղվեսը ստացել կատաղության և հիվանդությունների դեմ համապատասխան պատվաստումներ: Հաղորդագրությամբ ասվում է նաև․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենդանաբանական այգում կենդանու համար համապատասխան ազատավանդակ չկար, ինչը հնարավորություն չէր տալիս ապահովել աղվեսի բնականոն կենսապայմանները, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը՝ կենդանուն բնության գիրկ բաց թողնելու գործընթացին աջակցելու նպատակով, դիմել է ոլորտը վերահսկող ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Սույն թվականի փետրվարի 23-ին կազմվել է վայրի կենդանու ընդունման-հանձնման ակտ, որից հետո ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի, կենդանաբանական այգու անասնաբույժի և մասնագետների հետ համատեղ աղվեսը բաց է թողնվել վայրի բնություն՝ «Ջրվեժ» արգելոցային համալիրին հարակից տարածք»։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում աղվեսները դարձել են քաղաքացիների այսպես ասած՝ նոր «զբաղմունքը»։ Արդեն մի քանի անգամ հայտնաբերվել են դեպքեր, երբ մարդիկ վայրի բնությունից գողացված աղվեսներին փորձում են վաճառել։ 

Այս պարագայում, «անհայտ» անձի կողմից բռնված աղվեսն «անհայտ եղանակով» հայտնվել է Երևանի կենդանաբանական այգում։

Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»։ 

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ աղվեսները հանդիսանում են տարբեր վարակների, հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզ, կրողներ ու տարածողներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում պատշաճ եղանակով չի իրականացվում նաև կենդանական աշխարհի օբյեկտների շրջանում տարածված հիվանդությունների մոնիթորինգ և ուսումնասիրություն, ապա վայրի բնության միավորների նման ապօրինի օգտագործումը կարող է մեծ ռիսկեր պարունակել նաև հասարակության համար, այդ թվում՝ Երևանի կենդանաբանական այգու բնակիչ մյուս կենդանիների: Աղվեսները բնության մեջ կատաղության վիրուսի հիմնական կրողներից մեկն են: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում