«Ջերմուկն այդ ժամանակ կդառնա դժբախտ ու դժգույն և լքված մի բնակավայր․․․»

Ջերմուկ քաղաքի բնակիչ, «Ամուլսարի պահապաններից» Շիրակ Բունիաթյանը գրել է Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային հնարավորությունների մասին և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հանքավայրի շահագործումը․ «Սովետական միության ժամանակ Ջերմուկը որպես հանքաջրաբուժական և զբոսաշրջային կենտրոն մեծ ծաղկում էր ապրում։ Տարվա բոլոր եղանակներին չկար զբոսաշրջիկների պակաս, որի շնորհիվ էլ քաղաքում աշխատատեղերի պակաս չկար։

Անկախացումից հետո, ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Ջերմուկում տնտեսական բարդ իրավիճակ էր ստեղծվել, փակվել էին հյուրանոցների և առողջարանների մեծ մասը, իսկ մի քանիսն էլ աշխատում էին սեզոնային տարբերակով։

Միայն հանքային ջրերի շշալցման ոլորտն էր, որ ջրի բարձր որակներից ելնելով շարունակում էր իր կայուն աշխատանքը և ապահովում բազմաթիվ աշխատատեղեր։

Հենց դրա շնորհիվ էլ Ջերմուկից արտագաղթի մեծ մասշտաբներ չեղան։ Այս վերջին յոթ-ութ տարիներին Ջերմուկը սկսել էր վերականգնել իր երբեմնի զբոսաշրջային պոտենցիալը։ Բոլոր առողջարանները, հյուրանոցներն ու հյուրատները սկսել էին նորմալ աշխատել։ Արդեն տարվա բոլոր եղանակներին փողոցում հանդիպում էիր օտարերկրյա զբոսաշրջիկների։ Կորոնավիրուսի պատճառով նաև այդ ոլորտը մեծ վնասներ կրեց և զբոսաշրջիկների թիվը խիստ պակասեց։

Փակ սահմանների պատճառով սկսեց գործել միայն տեղական տուրիզմը։ Դրան հաջորդեց պատերազմը, որը էլ ավելի հարվածեց ոլորտին։ Այսօր, սակայն ,կրկին դրական տեղաշարժ է նկատվում և երկրի կայունացմանը զուգահեռ ոլորտը շատ արագ կվերականգնվի։ Զբոսաշրջության ոլորտը չափազանց զգայուն է բայց և արագ վերականգնվող։ Մանավանդ, երբ առաջարկդ Ջերմուկի պես բացառիկ քաղաքին է վերաբերվում։ Իսկ ի՞նչ կլինի, երբ Ամուլսարի տարածքում մետաղական բաց հանք շահագործվի։

Ջերմուկը կկորցնի իր գրավչությունը և հազարավոր աշխատատեղեր ապահովող հյուրանոցներն ու առողջարանները նույնիսկ մեծ ջանքերի ու ցանկության դեպքում էլ չեն կարող ապահովել զբոսաշրջիկների հոսք։ Իսկ դա կբերի ոլորտի քայքայման , որի հետևանքով էլ կվերանան աշխատատեղերը։ Մի քանի հարյուր մարդ որոշ ժամանակ կաշխատեն հանքում, մինչև սարի ընդերքի սպառումը և Ջերմուկն այդ ժամանակ կդառնա դժբախտ ու դժգույն և լքված մի բնակավայր։

Եվ լավ իմացեք, այդ հարվածը ոչ կորոնավիրուսի և ոչ էլ պատերազմի առաջացրած հետևանքների պես չի լինի, որը հնարավոր է վերականգնել»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում