Ահազանգ․ ՀՀ ոստիկանությունը «թաքցնում» է ապօրինի շնամարտերի կազմակերպչին (տեսանյութ)

2020թ․–ի փետրվար և հուլիս ամիսներին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն Կարեն Անտոնյան անունով օգտատիրոջ կողմից ապօրինի շնամարտերի մասին վկայող տեսանյութերի բեռնման կապակցությամբ։ Ըստ էության՝ ՀՀ ոստիկանությունը մատնված է կատարյալ անգործության կամ պարզապես կոծկում է շնամարտերի մասնակից քաղաքացու գործողությունները, քանի որ 2021թ․–ին նույն օգտատերը շարունակում է ապօրինի շնամարտերի մասին վկայող տեսանյութեր բեռնել համացանց։ 

Կարեն Անտոնյան /karenantonyan0/ անունով օգտահաշիվը որոշ ժամանակ անց վերանվանվել է grup__volkodav_armenia –ի, ինչն ավելի է ապացուցում իրականացվող ապօրինությունը։ Վերջինս շնամարտերի մասին վկայող տեսանյութերը բեռնելուց որոշ ժամանակ անց հեռացրել է դրանք, սակայն EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը տիրապետում է անհրաժեշտ բոլոր ապացույցներին։ 

Արնաշաղախ շունըհարձակվում է մեկ այլ շան վրա։

2021թ․–ի հունվար ամսին «grup__volkodav_armenia» օգտատիրոջ կողմից համացանց են բեռնվել տեսանյութեր անմիջապես ապօրինի շնամարտերի, ինչպես նաև՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող։ Տեսանյութերից երկուսում նրա խնամակալության տակ գտնվող հայկական գամփռ ցեղատեսակի շունը հարձակվում է ավելի թույլ ֆիզիկական տվյալներ ունեցող շների վրա։ Բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ խնամակալը չի ձեռնարկել միջոցներ այլ կենդանիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, բացի այդ՝ չի կանխել իր շան կողմից այլ շներին վնասելու հնարավորությունը, այլ միայն «հպարտությամբ» հետևել է, թե ինչպես է 93 կգ քաշով շունը հարձակվում թույլ կենդանիների վրա։ 

Նույն տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս հանդիսանում է Գեղարքունիքի մարզի, Վարդենիս շրջանի կամ քաղաքի բնակիչ։ Նախկինում մեր կողմից ներկայացվել են նաև առավել կողմնորոշիչ տվյալներ։ Առավել ստույգ տեղեկատվություն պետք է պարզի ՀՀ ոստիկանությունը՝ իրականացնելով օպերատիվ գործողություններ։ 

Ընդգծենք, որ ՀՀ–ում և տարածաշրջանում հայկական գամփռ ցեղատեսակի շուն պահող և դրանց մարտեր իրականացնող անձինք զբաղվում են նաև կենդանիների բուծմամբ ու առևտրով, այն դեպքում, երբ ՀՀ–ում այս գործընթացն ընդհանրապես չի կարգավորվում ոչ մի իրավական նորմով։ Կենդանիները հանդիսանում են բիզնեսի, շահույթ ստանալու միջոց, ինչի ընթացքում ենթարկվում են նաև դաժան վերաբերմունքի, իսկ իրականացվող բիզնեսը չի հարկվում, տուժում է նաև ՀՀ–ը։ Ուստի, ևս մեկ անգամ հրավիրում ենք ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ուշադրությունը խնդրի վրա։ Նման ամենաթողությունը լի է բազմաթիվ վտանգներով և ոլորտում ստեղծում է անվերահսկելի, քաոսային իրավիճակ։ Կենդանիների բուծումը և առևտուրը պետք է կանոնակարգվի համապատասխան իրավական նորմով, ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի իրականացնել պատշաճ վերահսկողություն։ 

Ապօրինի շնամարտեր

Բեռնված տեսանյութերը ևս մեկ անգամ վկայում են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման մասին, ինչը նախատեսում է քրական պատասխանատվություն։ Քրեական օրենսգրքի հոդված 258.2–ը սահմանում է․ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Գյումրի քաղաքապետարանի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում