Էքսկլյուզիվ․ Նեոյի և Նովայի «սերը»՝ Արարատի մարզում (տեսանյութ)

Կովկասյան հովազի /Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ մինչ այժմ չնկարահանված առանձնյակ է ֆիքսվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում տեղադրված թակարդ-տեսախցիկների միջոցով։ 2013թ․-ից սկսած, ինչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործունեություն է իրականացնում նշված տարածքում, սա հովազի 4-րդ առանձնյակն է, որը նկարահանվել է մեր տեսախցիկների միջոցով:

Այս առանձնյակի նկարահանումը կարող է շատ ավելի կարևոր ձեռքբերման մասին վկայել։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավանական է հովազը լինի էգ, ոչ թե՝ արու, ինչը շատ մեծ առաջընթաց կլինի տարիներ շարունակ իրականացվող պահպանության գործում։ Այս հավանականության իրական լինելը պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել հավելյալ ուսումնասիրություններ, սակայն առանձնյակի էգ լինելու հավանականությունը մեծ հնարավորություններ է ստեղծում կենդանիների հետագա բազմացման և սերունդ տալու ուղղությամբ, ինչը կլինի կարևորագույն ձեռքբերում Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է․ «Եթե հաստատվի էգ առանձնյակի առկայությունը, կնշանակի, որ հովազների սերունդ տալու հույսը շատ մեծ է։ Հովազի առողջ բազմացող զույգի առկայությունը տեսակի գոյատևման գործում կարող է անկյունաքարային հանգամանք հանդիսանալ»։

Ի դեպ, նման զարգացումը շատ հավանական է։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա կտրվածքով նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը նրանց բազմանալու հավանակությունը դարձնում է առավել հավանական։

Նկարահանված նոր առանձնյակի սեռը հաստատելուց հետո, նրա ներկայությունը տարածքում ավելի նշանակալի կդառնա։ Վերջին անգամ էգ առանձնյակ արձանագրվել է Խոսրովի անտառի տարածքում, երբ ՀՀ-ն դեռ Խորհրդային իշխանության ներքո էր։
Անկախ նոր հայտնաբերված առանձյակի սեռից, արդեն իսկ աննախադեպ է նույն՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում, երկու հովազի առկայությունը։ Այս հանգամանքն ապացուցում, որ FPWC կողմից մասնավոր կերպով պահպանվող տարածքում արվում է ամեն հնարավորը տարածքն անվտանգ դարձնելու համար, ինչի արդյունավետությունն ակնհայտ է։

Նշենք, որ Խորհրդային տարիներին կովկասյան հովազը ենթարկվել է հետապնդումների և պահպանության ներքո է վերցվել միայն 1987 թվականին։ Այդ ժամանակաշրջանից հետո, անկախ որսի արգելքից, հովազի պոպուլյացիան շարունակվել է կրճատվել։ Վերջին ցավալի իրադարձությունների ֆոնին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նշանակությունն ավելի է արժևորվել, քանի որ այն բնության մասնիկների համար ապահովում է անվտանգ կենսամիջավայր, որտեղ կարելի է պաշտպանված լինել։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ շատ ցավալի էր հետևել, թե ինչպես են պատերազմի ընթացքում վերացվում կարևորագույն էկո-համակարգերը, սակայն բարեբախտաբար CWR տարածքները հաջողվել է պահպանել։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի գործունեության շարունակման մեջ անգնահատելի է նաև մեր գործընկերների աջակցությունը, որոնք են «World Land Trust», «Viva-MTS», «ARTIS Amsterdam Royal Zoo», «IUCN NL» կազմակերպությունները։ Նրանց աջակցության շնորհիվ է նաև, որ այսօր մենք հույս ունենք Հայաստանում հովազի բազմացող զույգ ունենալ։

Հիշեցնենք, որ կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։

ՀՀ ԿԳ տվյալների համաձայն՝ բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում