«Շները կռվում էին ու արյունլվա էին»․ դաժան շնամարտեր Երևանում՝ Ամանորին (տեսանյութ)

Ամանորի տոնական օրերին՝ հունվարի 4-ին, մի խումբ տղամարդիկ զվարճանալու «յուրահատուկ» հակաօրինական տարբերակ են ընտրել։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ է ստացել քաղաքացուց, որն ականատես է եղել ապօրինի շնամարտերի։ 

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել է քաղաքացին՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Գևորգ Չաուշ փողոցի և Քասախ գյուղի միջնահատվածում՝ ամայի վայրում։ Քաղաքացին պատմել է․ «Այս անգամ ես մի քիչ ներքև իջա մեքենայով, տեսնեմ մոտ 15 հոգի տղամարդ և երկու շուն։ Սկզբում չհասկացա ի՞նչ էր կատարվում, հետո տեսա, որ շներն արյան մեջ են, սկսեցի նկարել, բայց շատ վախեցա ու հուզվեցի այդ տեսարանից․․․ շներն արյունոտ էին։ Մինչև հեռախոսս հանեցի, որ նկարեմ ու միայն այդքանը կարողացա նկարել։ Նրանք սկսեցին մեքենայիս վրա ձյուն նետել, անջատեցի հեռախոսս։ Հետո կարծես նրանք սկսեցին հավաքվել։ Նրանցից մեկը շներից մեկին ոտքով տարավ դեպի Քասախ գյուղը, մյուսներն էլ նստեցին մեքենան ու գնացին»։ 

Տեսանյութում երևում է, որ քաղաքացին հուզված փորձում է նկարահանել և խոչընդոտել շների մարտին, սակայն հավաքված տղամարդիկ մոտենում են մեքենային, շրջափակում այն, ձնով հարվածում և այլն։ 

Ահազանգած քաղաքացին հայտնել է նաև, որ վերջում երկու հոգով էին մնացել, որոնցից մեկի ձեռքին կարծես խմիչքի շիշ է եղել։ 

«Ամբողջ ընթացքում տղամարդիկ ծիծաղում, ուրախանում, բղավում էին։ Ես ապշել էի, թե ի՞նչ կար այդտեղ ուրախանալու։ Շներից մեկը մեջքի վրա էր, իսկ մյուսը՝ վրան, կռվում էին․․․ Ներքևի շան տիրոջ ձեռքում կաշվից գոտի կար, գոռում էր այդ շան վրա, որ կանգնի, ուզում էր խփել շանը։ Ես սկսեցի գոռալ ու վիդեո չկարողացա անեմ, ասում էի՝ մի՛ արեք, չէին լսում, ասում էին՝ գնացե՛ք, չի կարելի նկարել։ Շների վիճակը շատ վատ էր, ես մի քանի օր չկարողացա քնել։ Կռվում էին ու երկուսն էլ արյունլվա էին։ Շոկի մեջ էի»,– մանրամասնեց նա։ 

Վերջինս նաև նշեց, որ այդ տարածքն ամայի է, գրեթե երբեք այդտեղ մարդ չի եղել։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն անմիջապես ահազանգել է ՀՀ ոստիկանություն և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։ 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն: 

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Այսպիսով, քաղաքացին անհրաժեշտ տեղեկատվություն (մեքենայի պետհամարանիշներ, ներկաների արտաքինտվյալներ, տեսանյութեր) է հայտնել ՀՀ ոստիկանությանը, ուստի ակնկալում ենք դեպքի մանրամասն քննություն և հետագա ընթացք։  

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում