Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հատված ծառերի մասին

«Բնապահպանի տուն» ՀԿ-ի կողմից բարձրացված խնդրի պարզաբանման նպատակով, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հատուկ հանձնարարականով, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված խումբն ուսումնասիրություններ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության 2-րդ քառակուսու 4-րդ և 14-րդ անտառամասերում (Վանաձոր-Դիլիջան մայրուղու Լերմոնտովո գյուղի մոտակայք)։

Ուսումնասիրություններին մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները։ Ուսումնասիրություններից պարզվել է, որ վերը նշված անտառամասերում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված, N 01728 անտառահատման տոմսով նշանակվել էր սանիտարական հատում՝ ձնաջարդ և քամատապալ ծառերի հեռացման նպատակով։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հավելելով, որ խմբի կողմից ընտրողական կարգով կատարվեց կոճղերի համեմատական ուսումնասիրություն։ Համեմատական ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված ծառերի կոճղերի տրամագծերը և ծառատեսակը համընկնում են թիվ 01728 անտառահատման տոմսի հաշվեգնահատման ցուցակի տվյալներին։

«Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է՝ հատատեղում հաշվառված ծառերն իրենցից ներկայացրել են արմատախիլ, ձնակոտոր, գագաթները կոտրված, ցցաչոր (ինչը նկատվում էր դեռևս չհատված ծառերի մոտ) և այլ սանիտարական հատկանիշներով օժտված ծառեր»։

Հիշեցնենք, որ օրերս «Բնապահպանի տուն» նախաձեռնությունն ահազանգել է Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ընկած հատվածում հայտնաբերված ծառահատումների մասին։ 

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու և արդյունքների մասին կտեղեկացվի առիջիկայում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում