Հայաստանում դեռ արջի յուղով թոքաբորբ են «բուժում»․ 21-րդ դարի հեքիմները (ֆոտո)

«Վաճառվում է բնական և զտված արջի փորի յուղ (կես լիտր)»,– առցանց վաճառքի կայքերում շարունակում են նման բովանդակությամբ, հանցագործության մասին վկայող հայտարարություններ տարածվել։ 

«Մեծածախ գնումների դեպքում գործում են զեղչեր։ Ապրանքը 100% է և ունի որակի բարձր երաշխիք»,– այս հայտարարության հեղինակը «բուժական մերսման և բուժական ֆիզկուլտուրայի ծառայություններ» մատուցող, իբրև՝ «բժիշկ» Հարություն Կարակուշյանն է։ Վերջինս, իր կենտրոնում արջի յուղի օգտագործմամբ «բուժական» մերսման պրոցեդուրաներ է իրականացնում, ցավալին այն է միայն, որ հասարակության, ինչպես նաև՝ բժշկությամբ զբաղվող մարդկանց մի ստվար զանգված այդպես էլ դուրս չեկավ «հեքիմության» սահմաններից։ 

Փաստորեն, ՀՀ–ում դեռևս շարունակվում է արջի յուղի կիրառմամբ մարդկանց «բժշկելու» ավանդույթը, ինչը հավանաբար հանգեցնում է նաև կարմիրգրքյան կենդանատեսակի ապօրինի որսի։

Հարություն Կարակուշյան, «բժիշկ» 

«Կլինիկա եք զանգահարել նախ և առաջ, ես բժիշկ եմ։ Կես լի՞տր ա ձեզ հենց պետք, որովհետև պակաս չենք վաճառում։ Կես լիտրն արժե 50 հազար դրամ։ Օգտագործվում ա նաև թոքաբորբի համար, մեջքի հատվածում են քսում, օրինակ՝ տղամարդկանց դեպքում բացի մեջքից կրծքավանդակի վրա են քսում։ Ես իմ կլինիկայում նաև կոմպրեսներ էլ եմ անում»,– հավանական գնորդի /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրող/ հետ զրույցում ասաց Հարություն Կարակուշյանը։ 

Ճշգրտմանը, թե արդյո՞ք յուղը ներկրված չէ այլ երկրից, «բժիշկն» արձագանքեց․ «Չէ, ինքը ընդհանրապես ներկրած չի, մեր որսորդների արջի յուղն ա Հայաստանի, ոչ պեչատնի ինչ–որ ապտեկայի արջի յուղ ա, ոչ էլ․․․ ինքը զտված, մաքուր, որսորդների պատրաստած արջի փորի յուղն ա։ Միշտ չի լինում, չէ, հիմա բավականին շատ են տանում, որովհետև հիմա ակտուալ ա թոքաբորբն ընդհանրապես․․․ մարդ կա 3 հատ կես լիտր ա տարել միանգամից»։ 

Փաստացի, համավարակով պայմանավորված թոքաբորբի դեպքերի աճի և բուժման վերաբերյալ ՀՀ առողջապահական համակարգի կառույցների, միջազգային կառույցների բոլոր հորդորներին ի պատասխան, ՀՀ–ում դեռ կան մարդիկ, որոնք թոքաբորբը բուժում են արջի յուղի կիրառմամբ և կան «բժիշկներ», որոնք վաճառում են այդ «Հայաստանի որսորդների պատրաստած արջի յուղը»։

Ընդգծենք, որ այս մասին հայտնի դառնալուց հետո՝ դեկտեմբերի 14-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն անմիջապես ահազանգել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով պարզել բոլոր հանգամանքերը։ Ահազանգից հետո հայտարարության տեքստում նկատվել է միայն մեկ փոփոխություն՝ գինը 40 000–ից դարձել է 50 000 դրամ։ 

Ճշգրտելու համար, թե ի՞նչ գործողություններ են իրականացվել, կապ հաստատեցինք նաև ԲԸՏՄ հետ։ Արդյունքում պարզվեց, որ Տեսչական մարմինը գործի նյութերը պետք է փոխանցեր ՀՀ ոստիկանություն, սակայն մինչ 2020թ․–ի դեկտեմբեր ամսվա վերջին օրերը՝ 2 շաբաթ անց, դեռ չի փոխանցել։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում ենք նաև այն հանգամանքի վրա, որ վերջերս Հայաստանում, հատկապես Վայոց ձորի մարզում, շատացել են գորշ արջի ապօրինի որսի դեպքերը և հնարավոր է՝ յուղի վաճառքի և որսի դեպքերը փոխկապակցված են։ Իրականությունը պարզելու համար անհրաժշետ է իրականացնել լրացուցիչ օպերատիվ գործողություններ, ինչը դուրս է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լիազորություններից, հետևաբար հորդորում ենք վերոնշյալ մարմիններին անմիջապես զբաղվել խնդրով։ Թերևս, ապօրինի որսը մշտապես խնդիր է հանդիսացել ՀՀ–ում, բայց վերջին ամիսներին նկատվել է դեպքերի աճ։ 

Հավելենք, որ ՀՀ–ում հանդիպում է գորշ արջերի /Ursus arctos/ տեսակը, որն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400–500 մինչև 3000 մ բարձրություններում: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը: Գորշ արջի ապօրինի որսի դեպքում ՀՀ օրենքի համաձայն նախատեսված է 1 մլն․ դրամ պատճառված վնասի փոխհատուցում։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում