«Այս փուլում պետք են խիստ մոտեցումներ»․ Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է բնապահպանների հետ

Օրերս Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում նախարար Ռոմանոս Պետրոսյանի և բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ու անհատների միջև։ Քննարկման թեման պարզ էր՝ ինչպես բարելավել իրավիճակը բնապահպանության ոլորտում։ Նախարարն ի սկզբանե ընդգծեց, որ հանդիպման մասնակիցները «բարիկադների միևնույն կողմում են» և բոլորի շահը մեկն է՝ պետության կայուն զարգացում։ 

Հանդիպմանը ներկա են եղել բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող անհատներ, նախաձեռնությունների, կազմակերպությունների անդամներ, ոլորտը ներկայացնող լրատվամիջոցների խմբագրեր և այլոք, որոնց կողմից բարձրաձայնվել են բազմաթիվ խնդիրներ՝ սկսած Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակից մինչև կենդանիների առևտուր և որս։ Ներկայացված խնդիրները բազմաբովանդակ էին և ծավալուն, իսկ քննարկումը՝ կառուցողական։ Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել է վերականգնել նախկինում գործող նախարարին կից հասարակական խորհուրդը, որի գործունեությունը սառեցվել էր։ Նախարարը նշեց, որ բաց է ցանկացած խելամիտ առաջարկի համար ու «սիրով պատրաստ է սովորել» ոլորտում փորձառություն ունեցող և մտահոգ քաղաքացիներից։ 

Ի թիվ նշված բազմաթիվ խնդիրների՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանն առանձնացրեց հասարակության շրջանում գիտակցության և պատասխանատվության ցածր մակարդակի առկայությունը, ինչից և ածանցվում են մնացյալ խնդիրները։ Նախարարը ևս ընդգծեց խնդրի կարևորության աստիճանը։ 

«Կարծում եմ, որ ոլորտի բոլոր խնդիրներն առաջանում են հասարակության գիտակցության ցածր մակարդակից: Այս փուլում պետք է խիստ մոտեցումներ և խիստ արգելքներ սահմանել ու իրականացնել դրանք: Այս ամենի հետ մեկտեղ պետք է լայն տեղեկատվական աշխատանքներ իրականացնել, որպեսզի հասարակությունն էլ տեղեկացված լինի»,- նշեց Մարիամ Տաշչյանը:

Արդեն հասարակական խորհրդի գործունեության շրջանակներում նշված խնդիրները կտարբերակվեն և կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում