Նախարարը հրատապ հանձնարարականներ է տվել արջի ապօրինի որսի հետ կապված

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ահազանգին՝ կապված արջերի ապօրինի որսի հետ։ Նախարարության հայտարարությամբ ասվում է․ «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

Նախարարության ներկայացուցիչներն արդեն իսկ կապ են հաստատել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության հետ, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»։

Նախարարությունը շնորհակալություն է հայտնել ահազանգի համար՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։ 

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն օրերս ստացել է ահազանգ Եղեգիսի կիրճում տեղի ունեցած արջի ապօրինի որսի մասին։ «Արեվի» հյուրատան տնօրեն Գևորգ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ դեկտեմբեր ամսին արդեն մի քանի անգամ սպանված կենդանիների մնացորդներ են հայտնաբերել։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում