Որսդ կտա՞ս, նկարվեմ․․․ «Չստացված և անհաջող» որսորդների արկածները (ֆոտո)

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննված EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։ Ընդգծենք, որ խոսքը գնում է «Ռենջերը, ոստիկանն ու որսագողը... արգելված որս՝ արգելված վայրում» վերնագրով հրապարակման մասին։

Հիշեցնենք, որ Էդիկ Կարապետյան, Արման Կարապետյան և Արմեն Աբրահամյան անուններով քաղաքացիները բեռնել են որսագողության դեպքերի մասին վկայող լուսանկարներ։ Արման Կարապետյանը ոստիկան է,  Էդիկ Կարապետյանը լուսանկարվել է «Խոսրովի անտառ» արգելոցի անտառապահի համազգեստով, իսկ Արմեն Աբրահամյանը որսորդ է։ 

Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ ավագ քննիչ Շ․ Շիրինյանը պարզել է որոշ հանգամանքներ։ Որպես վկա հարցաքննված Արմեն Աբրահամանը ցուցմունք է տվել, որ 2008թ․–ից հանդիսանում է օրինական որսորդ և իր անվամբ հաշվառված ունի 2 հրացան։ «Ինքը չի որսացել այդ թռչունին, այլ գնացել է որսի, որի ընթաքում տեսել է որսորդների, որոնք արդեն խփած են եղել Կարմիր բադ տեսակի թռչունին, քանի որ ինքը այդ օրը որս արած չի եղել խնդրել է այդ որսորդներին, որպեսզի նկարվի նրանց կողմից խփած որսի հետ։ Բացի այդ նկարներում հրապարակված Անդրկովկասյան փասիան տեսակի թռչունը նույնպես ինքը չի որսացել, այլ սիրողական տանը պահել և նկարում պատկերված օրը, որսի գնալիս, վերցրել է իր հետ, որպեսզի որս չլինելու դեպքում ճաշակեն այն»,– ասել է որսորդ Արմեն Աբրահամյանը։ 

Արմեն Աբրահամյան, Կարմիր բադ (Tadoma ferruginea)

Ոստիկան Արման Կարապետյանը ցուցմունք է տվել, որ 2002թ․–ից հանդիսանում է օրինական որսորդ և իր անվամբ հաշվառված ունի 2 հատ ողորկափող հրացաններ։ « ․․․լուսանկարներում ինքը գնացել է որսի, սակայն երբեք որևէ կենդանու և թռչունի որս չի կատարել, բոլոր իր այն նկարները, որոնք կատարվել են կենդանիների կամ թռչունների հետ, մասնավորապես՝ աղվեսի, նապաստակի, կաքավի, բադի հետ, դա անծանոթ որսորդների խփած որսն է եղել, որի հետ ինքը լուսանկարահանվել է»,– ասել է ոստիկանը։ 

Արման Կարապետյան

Ռենջերի հագուստով որսորդ Էդիկ Կարապետյանի փոխարեն հարցաքննվել է կինը, քանի որ նա գտնվում է ՌԴ-ում։ « ․․․ամուսինը նկարվել է Անդրկովկասյան անտառակատվի հետ, որի վերաբերյալ հայտնել է, որ ամուսինը 2011թ․–ից օրինական որսորդ է և որսի գնալու ժամանակ, իր հետ տարած շունն ազդանշան է տվել, որ իրենից փոքր ինչ հեռու, գետնին ընկած առկա է կենդանի, որից հետո ամուսինը մոտեցել է և տեսել, որ դա անտառակատու է։ Տեղյակ չի եղել, թե ով է որսացել նշված Անդրկովկասյան անտառակատու տեսակի կենդանուն։ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ համազգեստի վերաբերյալ հայտնել է, որ ամուսինը եղել է ոստիկանության աշխատակից, և կոնկրետ չի հիշում, երբ է հրդեհ բռնկվել այդ անտառի մոտակայքում և ամուսինը կրակը մարելու ժամանակ հագուստը պատռել է, որից հետո նշված անտառի աշխատակիցները տվել են իրեն այդ համազգեստը, որպեսզի հագնի։ Լուսանկարներում պատկերված իրենք չեն որսացել, այլ իրենց հետ տարել են տնական նապաստակ, որպեսզի որս չլինելու դեպքում այն ճաշակեն»,– ասել է Էդիկ Կարապետյանի կինը։ 

Պարզվել էն նաև, որ որսորդ Արմեն Աբրահամյանը երկաթյա ճաղավանդակների մեջ պահում է 2 հատ Անդրկովկասյան փասիան։ «․․․նշված թռչունները ինքը 8 տարի շարունակ սիրողական պահում է և բազմացնում»,– ասել է նա։  

Հատված վերոնշյալ որոշումից։

Փաստացի, ցուցմունքների համաձայն՝ կենդանիներն ընդհանրապես չեն սպանվել նրանց կողմից։ Ստացվում է՝ «չստացված և անհաջող» որսորդները՝ տեսնելով «հաջողակ» որսորդների ասել են՝ «որսդ կտա՞ս, նկարվեմ»։ Մեկ այլ դեպքում, նույն «չստացված և անհաջող» որսորդները որսի գնալիս իրենց հետ տարել են նաև իրենց որսը, որպեսզի սոված չմնան․․․

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է պնդել, որ արդեն վաղուց ժամանակն է վերանայելու որսորդական վկայականների տրամադրման ընթացակարգը, առհասարակ՝ որսի ոլորտն ամբողջությամբ, հատկապես, եթե «որսորդներն անգամ որս չեն կարողանում անել»։ Միգուցե այդ ժամանակ ՀՀ իրավապահ մարմնի ներկայացուցիչները ևս չեն հայտնվի նման «ծաղրական» իրավիճակում։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում