Արցախում Ադրբեջանը կիրառել է սպիտակ ֆոսֆոր․ DFRLab-ը հաստատում է

Բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանը պատերազմում կիրառել է ծայրահեղ և ոչ ընտրողական միջոցներ հայկական ուժերի նկատմամբ, այդպիսով մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ Այս մասին գրել է տեղեկատվության ուսումնասիրմամբ և ճշգրտմամբ զբաղվող Digital Forensic Research Lab–ը՝ անդրադառնալով արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին հնչեցված ահազանգերին և տեսանյութերին։ 

Փաստերի ստուգման և ճշգրտման գլոբալ հարթակ հանդիսացող Digital Forensic Research Lab–ը ծավալուն հոդված է հրապարակել օգտագործված անթույլատրելի քիմիական զենքի կիրառման մասին՝ գալով եզրակացության, որ այն կիրառվել է ադրբեջանական ուժերի կողմից։ 

Կենտրոնը գրել է, որ միայն տեսողական միջոցներով պնդել սպիտակ ֆոսֆորային զենքի կիրառման մասին դժվար է, սակայն Digital Forensic Research Lab–ը հիմնվել է նախկինում՝ այլ իրավիճակներում, օրինակ՝ Սիրիայում, նշված քիմիական զենքի կիրառման ուսումնասիրության փորձի վրա։ 

Իր նախկին ուսումնասիրությունների ընթացքում DFRLab–ը հայտնել է, որ այդ զենքի կիրառումը տեսանելի է լինում արբանյակային լուսանկարների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս կոնկրետ պահին, կոնկրետ վայրում դիտարկում իրականացնել։ Ուսումնասիրելով Արցախում տեղի ունեցածի արբանյակային լուսանկարները՝ DFRLab–ը գրել է, որ հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում առկա են հսկայական այրված տարածքներ, որոնք նույնականանում են սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ առաջացած հետևանքների հետ։ 

Վնաս կրած երկու տարածքներում առաջացած վնասների ժամանակացույցը համապատասխանում է տեսանյութերի նկարահանման ժամանակահատվածին։ Երկու տարածքներն էլ գտնվել են հայկական ուժերի վերահսկողության ներքո․ տարածք 1՝ Դադիվանք գյուղից հյուսիս-արևմուտք, իսկ տարածք 2-ը՝ Արփագետիկ գյուղի մոտ:

Արբանյակային լուսանկարները ցուցադրում են մինչև հրդեհն առկա իրավիճակը, հրդեհի ընթացքում և հետո։ DFRLab–ը ևս մեկ անգամ ֆիքսել է, որ շրջակա միջավայրի հասցվել է մեծ վնաս։

Ընդգծենք, որ հայաստանյան 50 բնապահպանական կազմակերպություններ դիմել են միջազգային հանրությանը՝ բարձրաձայնելով Արցախում իրականացվող էկոցիդի մասին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում