ԷԿՈՑԻԴԻ ՎՏԱՆԳ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ․ բնապահպանական կազմակերպությունները դիմել են միջազգային կառույցներին
![](https://econews.am/disk/02-11-20/5c9a2f4498bdb95c5895200591864d76.jpg)
![](https://econews.am/disk/02-11-20/47f8f358153fcbe8c9675315db578328.jpg)
![](https://econews.am/disk/02-11-20/6dbf1e59151fedadb4d00444b219b773.jpg)
Հայաստանյան շուրջ 50 բնապահպանական կազմակերպություններ դիմել են միջազգային հանրությանը՝ բարձրաձայնելով Արցախում իրականացվող էկոցիդի մասին։ Ստորագրահավաքին և նախաձեռնությանը միացել է նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ու ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ։
Նամակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով։
Նամակի անգլերեն տարբերակը՝ ամբողջությամբ։
«Սիրելի՛ հետևորդներ, ընկերներ և գործընկերներ,
Սեպտեմբերի 27-ից ՀՀ-ն ներքաշված է ցայսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմի մեջ, որը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժ կետերից մեկն, ասել է թե՝ պիտի պահպանվի համաշխարհային մակարդակով: Մեր տարածքը հայտնի է էնդեմիզմի բարձր մակարդակով՝ բնական կենսամիջավայր ապահովելով ավելի քան 6000 բուսատեսակների, 153 տեսակի կաթնասունների և 400 տեսակի թռչունների համար, ինչը համաշխարհային բնական ժառանգություն է: Արցախում հայտնաբերված բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակներ ներառված են ինչպես տեղական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային՝ IUCN/ԲՊՄՄ կարմիր ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող, համաշխարհային պաշտպանության տակ գտնվող տեսակներ:
Մենք՝ որպես ՀՀ-ում գործող բնապահպանական կազմակերպություն, խստորեն դատապարտում ենք ս.թ. հոկտեմբերի 30-ին կիրառված ֆոսֆորական զինամթերքի օգտագործումն Արցախի անտառներում: Քիմիական զենքի այս տեսակը միջազգային հանրույթն օբյեկտիվորեն ճանաչում է որպես ռազմական հանցագործություն: Հայաստանն ու Արցախը հայտնի են իրենց կուսական անտառներով, որոնք տարածաշրջանի ամենաբազմազան անտառային էկոհամակարգերից են և կարևոր դեր են խաղում ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման համար, իսկ տեղաբնիկները մեծապես կախված են անտառների բարիքներից: Հազարամյակների ընթացքում ձևավորված ավանդական գիտելիքները նույնպես խորապես կապված են անտառների հետ և ձևավորել են տեղաբնիկների հարուստ մշակույթն ու կենցաղը: Արգելված զինամթերքի կիրառումը փաստացի վտանգում է մասնավորապես անհետացման եզրին գտնվող գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, անգղերի և վերջապես՝ տարածաշրջանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող Պարսկական (Կովկասյան) ընձառյուծի գոյությունն, որ իր միգրացիան է կատարում նաև Մռավի լեռնաշղթայով՝ անցնելով ՀՀ-ի, Արցախի, Իրանի ու Ադրբեջանի տարածքներով:
Վերացնելով կարևոր ապրելավայրեր ու ոչնչացնելով մի ամբողջ էկոհամակարգ՝ ֆոսֆորական զինամթերքը կուտակվում է հողի և գետերի մեջ, տարիներով աղտոտելով ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի սպառնալիքի Հարավային Կովկասում ապրող բոլոր ազգերի համար՝ այդ թվում ադրբեջանցիների: Ֆոսֆորի զինամթերքի օգտագործումն հակասում է բոլոր բնապահպանական միջազգային կոնվենցիաների դրույթներին՝ Բեռնի կոնվենցիայից, Նագոյայի արձանագրությունից մինչև Հելսինկիի և Ռոտերդամի կոնվենցիաներ, որոնք վավերացված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Թեպետ քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիան միտված է պաշտպանելու համաշխարհային բնակչության 98% -ին, այն ակնհայտորեն շրջանցում է Հայաստանում և Արցախում բնակվող էթնիկ հայերին, հույներին, եզիդներին, ասորիներին, ռուսներին, մոլոկաններին, հնդիկներին և այլ ազգային փոքրամասնությունների, ինչը մենք խստորեն դատապարտում ենք: Բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում և մեկ Երկիր մոլորակի վրա:
Կո՛չ ենք անում մեր բոլոր հետևորդներին, ընկերներին, տեղական ու միջազգային գործընկերներին ու կառույցներին՝ դատապարտելու ռազմական ուժերի նմանօրինակ գործողությունները մեր տարածաշրջանում, որն ուղղված է բնապահպանական աղետ ստեղծելու, և այդ կապակցությամբ արդեն դիմել ենք միջազգային հանրությանը՝ առաջատար բնապահպանական կազմակերպություններին, ներկայացնելով հավաստի տվյալներ: Մենք հանդես ենք գալիս հանուն Խաղաղության և կոչ ենք անում գլոբալ բնապահպանական հանրույթին՝ միանալու մեր ջանքերին և դատապարտելու ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն արցախյան անտառներում, որն աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի, եթե չկանգնեցվի համաշխարհային բնապահպանական կազմակերպությունների ջանքերով ու գործողություններով:
Պատերազմներն ավարտվում են, սակայն կյանքի իրավունքը շարունակական է՝ անկախ էթնիկ պատկանելությունից և/կամ ռազմաքաղաքական սահմաններից»:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/26-11-22/663dd641b4f4b9308026c1abed836ff1.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-11-22/64766c894269cb73bda90c5538df520a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/9dcffedb69b44cc3c501c3b8c8a41ff5.jpg&w=300&h=200)