Դաժան և ապօրինի շնամարտ՝ արտակարգ դրության պայմաններում․ ահազանգ (տեսանյութ)
![](https://econews.am/disk/14-09-20/24f0bae8079e1c4cc526b848c1590c01.jpg)
![](https://econews.am/disk/14-09-20/d52e64fccaf8d430327b4ff2f582a4bb.jpg)
![](https://econews.am/disk/14-09-20/d9d94bb8e6cd42e8dbed746334b2cc3b.jpg)
![](https://econews.am/disk/14-09-20/82aeb74fb5904aaec9f2d0a2a66ce806.jpg)
![](https://econews.am/disk/14-09-20/8da37e54f9f59c2820bb4d16b89161eb.jpg)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, շնամարտերի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
2020թ․-ի սեպտեմբերի 6-ին «arjuk arjuk» օգտատիրոջ կողմից բաց սոցիալական հարթակում բեռնվել է ապօրինի շնամարտերի մասին վկայող տեսանյութ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ, ինչպես նաև՝ անչափահաս, մանկահասակ երեխա։
Այս ապօրինի միջոցառումը, հավանաբար, տեղի է ունեցել արհամարելով նաև երկրում հայտարարված արտակարգ դրությունը։
«arjuk arjuk» օգտատերը շնամարտերի հայտնի մասնակից է, անգամ՝ «չեմպիոն»։ Վերջինս իր կողմից խնամվող կենդանիներին պահում է ինչ-որ լցակայանի տարածքում/հավանաբար Սևանի շրջակայքում/, ենթարկում դաժան վարժանքների, կազմակերպում կամ մասնակցում ապօրինի շնամարտերի, բուծում է կենդանիներին և վաճառում ձագերին՝ խուսափելով հարկերից, պատճառելով նաև վնաս պետությանը։
Ներկայացված տեսանյութը միակը չէ․ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի արխիվում պահպանվել են նաև հատուկ դաժանություն ցուցադրող տեսանյութեր, որտեղ կենդանիներից մեկը սպանում է մյուսին, սակայն տերը հրաժարվում է պարտությունն ընդունելուց։ Թերևս տեսանյութն այժմ հեռացված է նշված օգտատիրոջ էջից, սակայն այն պահպանվել է մեր արխիվում։
Նշենք, որ այս ապօրինի և դաժան շնամարտերին մասնակցություն է ունեցել նաև անչափահաս, մանկահասակ երեխա, ինչը հանդիսանում է ծանրացնող հանգամանք։
Ուշագրավ է նաև, որ ապօրինի շնամարտերին մասնակից է նաև «Team Araqelyan» շապիկը կրող քաղաքացի։ Վերջինս, հավանաբար, Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում գործող մարտեր առանց կանոնների «Gagarin fight club» մասնակիցներից է։
ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության:
Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)