Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կանոները
Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և Կառավարության կողմից հաստատվել է Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարմանն ուղղված փորձարարական ծրագիրը, ըստ որի արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը կիրականացվի նախագծում նշված միայն 17 տեղամասերից, որոնք գտնվելու են Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անմիջական և խիստ հսկողության ներքո։
Ձկան արդյունագործական փորձարարական որսի նոր կարգի համաձայն՝ այս պահին ընթանում են ձկնորսների հայտերի ընդունման աշխատանքներ։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում և կոչ է անում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող բոլոր քաղաքացիներին դիմել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ՝ համապատասխան պայմանագիր կնքելու, փաստաթղթերն ստանալու և օրենքով սահմանված կարգով ձկան արդյունագործական որս իրականացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փորձարարական ծրագրի մեկնարկի պահից Սևանա լճում առանց համապատասխան պայմանագրի իրականացվող արդյունագործական ձկնորսությունը համարվելու է իրավախախտում։
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից այս պահին իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ օրենքով սահմանված, Սևանի ափամերձ ավազանի 17 տեղամասերի կահավորման և անհրաժեշտ տեխնիկայով զինման աշխատանքների ուղղությամբ։
Սեղմ ժամկետներում, հանրային լայն իրազեկման միջոցով նախարարությունն ավելի մանրամասն կտեղեկացնի աշխատանքների մեկնարկի և ընթացքի մասին։
Հավելենք նաև, որ որոշման համաձայն, շուտով Սևանա լճում ձկների արդյունագործական որսը թույլ կտրվի իրականացնել օրվա միայն լուսավոր ժամերին։
Այսպիսով՝ սահմանվում են ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։
Հարկ է փաստել, որ օրենքի կիրարկման հիմնական նպատակը ձկնորսությամբ զբաղվող տարածաշրջանի բնակչության գործունեությունը արգելելը կամ խոչընդոտելը չէ, այլ դաշտը կանոնակարգելն ու համակարգելը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել Սևանա լճում կենսապաշարների կայուն և արդյունավետ կառավարումը, բարելավել և զարգացնել տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը և արդյունավետ պայքարել օրենքից դուրս գործող անձանց կամ խմբերի ապօրինի գործունեության դեմ։