«Տիկտոկյան վայրիվերումներ․ շուն կռվցնողների նոր սերունդը․․․»․ 20 ահազանգ (տեսանյութ, ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:  

Վերջին շրջանում ինքնահաստատման և տղամարդկային էգոյի ցուցադրման ավանդական եղանակներին փոխարինման է եկել վիրտուալ բավարարման նոր տարբերակ։ Հայաստանաբնակ ավանդական «շուն կռվցնողներին», որոնք որպես ինքնահաստատման եղանակ են ընտրել շնամարտերի կազմակերումն անմիջական հանդիսատեսի աչքի առջև, փոխարինվել են «պճնված, երկար-բարակ, ոճային տեսքով, գլամուռային երիտասարդները», որոնք ինքնաարտահայտման հարթակ են ընտրել այսպես կոչված՝ «Տիկտոկը» /tiktok/... այստեղ «ամենաարժանավորներին» շնորհվում է «տիկտոկեռ» պատվավոր կոչումը։

Նոր սերնդի գլամուռային այս տղամարդիկ ի ցույց են դնում իրենց կողմից «խնամվող» շներին, ինչպես ցուցադրում են սեփական բրենդային մեքենաները կամ հագուստը։

Ավանդական կլորիկ փորերով և անվերծանելի մտածողությամբ սերունդը հավանաբար մարդկային էվոլյուցիայի հետևանքով վերածվել է տիկտոկեռների բանակի։

Ըստ էության, փոխվել է միայն արտաքին տեսքը, իսկ գաղափարը՝ խարազանել կենդանիներին, մնացել է նույնը։ Սերընդեսերունդ փոխանցվող այս զբաղմունքը, ի դեպ, բավական եկամտաբեր է․ հաղթանակած շների սերունդը վաճառվում է բարձր գնով՝ հասնելով անգամ հազարավոր դոլարների։ Եկամտաբեր այս բիզնեսն ամբողջությամբ դուրս է ՀՀ հարկային մարմինների տեսադշտից, քանի որ Հայաստանում այդպես էլ չի ներդրվել ընտանի կենդանիների հաշվառման, դրանց առք ու վաճառքի կանոնակարգման համակարգը, ուստի, պետությունն ամբողջությամբ դուրս է մղված այս գործընթացից։ Ավելին՝ նման առևտուրը հաճախակի կրում է նաև միջազգային մակարդակ․ չեմպիոնատներ, չեմպիոններ, չեմպիոնների ձագեր․․․ գնվում և վաճառվում, տեղափոխվում և մատակարարվում են հիմնականում տարածաշրջանի երկրներ, իսկ թե՝ ինչպե՞ս և ե՞րբ․․․ չենք տեսել, չենք լսել, չգիտենք։

Ընդգծենք, որ վերոնշյալ անհատների կողմից «գենի պահպանում» կոչվող այս ապօրինությունը ոչ այլ ինչ է, քան կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք։ Այս գաղափարի ներդնողները «շունբազների» բիզնեսի կնքահայրերն են, որոնք բացի նման «վեհ» գաղափարների իրականացումը նաև մեծ գումարներ են աշխատում իրենց չեմպիոնների առևտրի շնորհիվ։ Իրականում, մեխանիզմը պարզ է, բայց քանի որ բազմիցս հայտնել ենք ոստիկանության ծառայողների շնամարտերի մասնակից լինելու մասին, ուստի ակնկալել որոշակի կոնկրետ գործողություններ իրավապահ մարմինների կողմից առնվազն միամտություն է /նախաբանը՝ խմբագրի կողմից/։ 

***

Այսպիսով, ներկայացնում ենք շուրջ երկու տասնյակ «տիկտոկեռների», որոնց կողմից ներբեռնված նյութերը քրեական պատիժ են նախատեսում։

Նախ, ներկայացնենք, ավելի ճիշտ՝ հիշեցնենք, Կարեն Անտոնյան (karenantonyan0) անունով օգտատիրոջ մասին։ Վերջինիս կողմից բեռնված տեսանյութերում առկա ապօրինությունների մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է դեռ 2020թ․-ի փետրվար ամսին, սակայն մինչ այսօր ՀՀ ոստիկանությունից չի ստացել ոչ մի արձագանք կամ պատասխան։ Հրապարակումը նաև գրությամբ խնդրել ենք ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։

Հավանաբար ՀՀ ոստիկանության կողմից չի ձեռնարկվել բավարար քայլեր, քանի որ օգտատերը շարունակում է բեռնել նույնաբովանդակ տեսանյութեր՝ կատարելոգործելով դրանք։ 2020թ․-ի մարտի15-ին Կարեն Անտոնյան անունով օգտատերը բեռնել է տեսանյութ, որը հավանաբար արվել է ՀՀ զորամասերից որևիցէ մեկում։ Տեսանյութում ցուցադրվում է զորամասի զորանոցը, որտեղ զբոսնում է Հասկի ցեղատեսակի շուն։

Ենթադրելի է, որ նշված անձի դեմ ներկայացված հաղորդումից հետո չիրականացված գործողությունների հետևանքով, ստեղծված անպատժելիության մթնոլորտում, վերջինս շարունակում է իր «քաջագործությունները»։ Ընդգծենք, որ նշված տեսանյութի նկարահանումը և դրա առկայությունը բաց համացանցային տիրույթում արդեն իսկ սպառնալիք է ազգային անվտանգությանը, հատկապես, որ Կարեն Անտոնյան անունով օգտատերը, հավանաբար, հանդիսանում է շների կովկասյան որոշ տեսակների բուծող և վաճառող ու անմիջական կապի մեջ է գտնվում հարևան պետությունների քաղաքացիների հետ։ Վերջինս նաև մշտապես տեսանյութեր է բեռնում տարբեր «չեմպիոնատներից»։

Հաջորդ տիկտոկեռը հավանաբար անչափահաս է՝ շուրջ 10-13 տարեկան, որի համար զվարճալի են շների մասնակցությամբ դաժան և արյունալի մարտերը։ Lyov_564 անունով օգտատերը նկարահանում է դրանք և տեղադրում այս նորահայտ երիտասարդական սոց․ հարթակում։ Վերջինս փողոցային ապօրինի շնամարտերի տեղի ունենալու մասին տեսանյութեր է բեռնել բոլորովին վերջերս՝ 2020թ․-ի ապրիլի 27-ին, ինչպես նաև՝ մարտի 29-ին։

Եվս մեկ անչափահաս տիկտոկեռ է _docando_boyec_ անունով (Ռոման Գևորգյան) օգտատերը, որը հավանաբար հանդես է եկել մի քանի էջերով, որոնք հեռացրել է։ Անչափահաս տիկտոկեռն իսկապես ուժեղ տղա է և հավանաբար զբաղվում է սպորտով։ Վերջինս իր սպորտային մրցակցության հակումների բավարարման միջոց է համարում նաև շնամարտերը։ Վերջինս տեսանյութեր է բեռնել թե փողոցային շնամարտերից, թե ռինգային մարտերից, թե այսպես կոչված մարզումներից, որտեղ կենդանին ենթարկվում է առանձնակի դաժան վերաբերմունքի։



___.gor անունով օգտատերը պարբերաբար բեռնում է, հավանաբար, իր կողմից խնամվող շան տեսանյութեր, ինչպես նաև՝ դրվագներ շնամարտերից, որոնցից մեկը վերջինս վերնագրել է․ «Boyic araj․ Gazan կամ Havay commer chaneq!,um dury chi galis mi nayeq»։ Օգտատերը ամենայն հավանականությամբ զբաղվում է շների բուծմամբ, վաճառքով և ապօրինի մարտերի կազմակերպմամբ կամ մասնակցությամբ։ Բաց համացանցային տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս Վանաձորում է բնակվում։

Ուշագրավ է, որ այս տվայլների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ անգամ քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը չի զսպել ապօրինի շնամարտերի իրականացման պատասխանատուներին և մասնակիցներին զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Անմիջապես իրավապահ մարմինների՝ ՀՀ ոստիկանության, քթի տակ, ավելին՝ անտեսելով վերոնշյալ հանգամանքը մի քանի անգամ տեղի են ունեցել ապօրինի և դաժան շնամարտեր, որոնցից մեկը, օրինակ՝ այսպես կոչված «Արևիկի ֆուտբոլի դաշտում»։ armenosmanian /Armen Osmanian/ անունով օգտատերը ներբեռնել է տեսանյութ հենց այստեղից։ Ինչպես տեսնում ենք՝ ապօրինի շնամարտերին մասնակից են տասնյակ քաղաքացիներ, իսկ ընթերցելով տեսանյութի մեկնաբանությունները, պարզ է դառնում, որ դիտորդների մեջ են նաև բազմաթիվ անչափահաս դեռահասներ։

Արմեն Օսմանյանի խոսքով՝ տեսանյութում երևացող շան անունը «Shero» է։ Օգտատերերը նշում են, որ տեսանյութում Ապարանի չեմպիոնատն է, մեկն էլ նշում է՝ «kara @ngerojs shan@ kri aparanica carukyani shan@ 3 varkyanum krela»։ Ակնհայտ է, որ մինչ օրս տեղի են ունենում ոչ միայն առանձին ապօրինի մարտեր, այլ նաև կազմակերպվում են չեմպիոնատներ, մասնակցում են 10-յակ կամ 100-ավոր մարդիկ, սակայն ոստիկանությունն անտեղյակ է կամ չի ցանկանում իրականացնել օրենքով սահմանված պարտականությունները։

Չեմպիոնատի գիտակներից է նաև ашотгукасян /Ашот Гукасян/ անունով օգտատերը։ Վերջինիս կողմից բեռնված տեսանյութերը հարուստ չեն, սակայն մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նա ևս չեմպիոնատների և միգուցե «օլիմպիական խաղերի» հավատարիմ մասնակից է։ Աշոտ Ղուկասյանի շնորհիվ տեղեկանում ենք, որ նման լայնամասշտաբ ապօրինի շնամարտեր տեղի են ունեցել նաև հայտնի Քանաքեռավանում 2020թ․-ի փետրվար ամսին։ Ապօրինի այս միջոցառումը կրկին վրիպել է ՀՀ ոստիկանության ուշադրությունից։ 

Նույն տվյալների ուսումնասիրության արդյունքում տեղեկանում ենք նաև Աշոտ Ղուկասյանը Տաշիրի շրջանից է։ Մեկ այլ օգտատեր / sargsyan_008_ / գրում է․ «shans berem 6 angam kkoxi taky khani», ինչից հետո ծավալվում է երկխոսություն, որը ևս մեկ անգամ վկայում է, որ երևույթը ոչ այլ ինչ է, քան սեփական էգոյի մրցակցություն՝ կենդանիներին վնաս պատճառելու հաշվին։ «im sunna inch kuzem kanem ․․․ ha hajuyq enq stanum inch ka vor»,- գրում է նա։

Քանաքեռավանում տեղի ունեցած «բոյի» մասին մեկնաբանություններում նշում է մեկ այլ դեռահաս arsenkurghinyan4 / Arsen Kurghinyan/։ Վերջինիս խնամքի տակ գտնվող շները ժամանակ առ ժամանակ փոխվում են անհայտ պատճառով։ Ընդգծենք, որ Կոտայքի մարզում գտնվող Քանաքեռավան գյուղը ապօրինի շնամարտերի իրականացման հայտնի կենտրոն։ Գյուղում նաև կա կառուցված ռինգ, որտեղ տեղի են ունենում հարյուրավոր մասնակիցներ ունեցող շնամարտեր։

Տիկտոկեռյան բռնության ջատագով դեռահասների շրջանում ընդգրկված է նաև Գյումրիի բնակիչ։ 16-ամյա Արմեն Մուրադյան անունով օգտատերը ևս շնամարտերի մասին վկայող տեսանյութ է բեռնել։

 Դաժան և ապօրինի շնամարտերի մասին վկայող տեսանյութեր բեռնել է նաև հավանաբար դպրոցն օրեր առաջ ավարտած gor_arush օգտատերը։ Գոռ Առուշանյանի կողմից բեռնված տեսանյութերը ևս 2020թ․-ին են հայտնվել համացանցում։

Չալոյի մասնակցությամբ դաժան փողոցային ապօրինի շնամարտի մասին վկայող տեսանյութ է բեռնել sargisgrigoryan70 /Sargis Grigoryan/ անունով օգտատերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդկանց կողմից միմյանց դեմ սադրած երկու շների դաժան մարտին հետևում մի քանի մանկահասակ երեխա և դեռահաս։

Արնաշաղախ կենդանիների և ապօրինի շնամարտերի մասին վկայող տեսանյութեր է բեռնել նաև Y_2001_m անունով օգտատերը։

vahe82 անունով օգտատերը, հավանաբար, ևս ապօրինի շնամարտերի մասնակից է։

Այլ տարիքային խմբում գտնվող, սակայն կրկին ապօրինի շնամարտերի իրականացման սիրահար է 888888roman888888 անունով օգտատերը։ Վերջինիս կողմից բեռնված տեսանյութերում Աստծո փառաբանման և շնամարտերի իրականացման մասին տեսանյութերը հաջորդում են մեկը մյուսին։ 

gampr.haykakan օգտատերը, հավանաբար, շնամարտերի մասին վկայող տեսանյութեր բեռնելու միջոցով գովազդում է իր կողմից վաճառվող շների հաղթական տեսակը։

artyomsimonyan2 /Artyom Simonyan/ հայրենասիրությամբ տոգորված և ապօրինի շնամարտերի ևս մեկ պճնված սիրահար՝ ոսկե երիտասարդության ներկայացուցիչ։

Ապօրինի շնամարտերի միջոցով արդեն անթաքույց բիզնես իրականացնող օգտատեր է sgdyhhmguhvgujkkjk։ Վերջինիս հաշվի անվանումն անտրամաբանական է, սակայն մեկնաբանություններով նշվում է, որ նա վաճառում է կենդանիներին և անգամ նշել է հեռախոսահամար։ 

Մանկահասակ երեխաների և դեռահասների մասնակցությամբ ապօրինի շնամարտերի մասին վկայող տեսանյութեր է բեռնել նաև gormartirosyan42 անունով օգտատերը։ Վերջինս բեռնել է նաև շան ձագերի տեսանյութեր, հավանաբար վաճառքի նպատակով։

Պիտբուլ ցեղատեսակի մասնակցությամբ ապօրինի շնամարտի մասին վկայող տեսանյութ է բեռնել gormqartirosyan42 անունով օգտատերը։ 

Դաժան և ապօրինի շնամարտերի ևս մեկ սիրահար է arif_yan անունով օգտատերը։

Ընդգծենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հարկ չի համարում ցուցադրել դաժանություն պարունակող այս կադրերն ամբողջությամբ, սակայն դրանք կտրամադրվեն ՀՀ ոստիկանությանը և այլ իրավապահ մարմինների։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում