«Մահացած» տեսչական մարմինը․ բնապահպաններն ընդդեմ անորակ աշխատանքի (ֆոտո)

Ինչպես հայտնել ենք, ՀՀ Արմավիրի մարզից հնչում են ահազանգեր աղտոտված արագիլների մասին։ Տարբեր քաղաքացիներ հրապարակում են տեղեկություններ և լուսանկարներ, որտեղ են արագիլները պատված են ինչ-որ նյութով։ Ահազանգի հետքերով մարզում ստուգայցեր են իրականացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, սակայն ոչինչ չեն հայտնաբերել։ ԲԸՏՄ նման վերաբերմունքը դժգոհություններ է առաջացրել ոլորտի տարբեր ներկայացուցիչների շրջանում։ 

Այսպիսով, ԲԸՏՄ հայտարարությամբ ասվում է․ «Վերջին օրերին համացանցում տարածված աղտոտված արագիլների մասին գրառումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով, սակայն նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։

Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և մի շարք այլ համայնքներում կեղտոտված արագիլներ հայտնաբերելու համար»։

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ևս այցելել է նշված համայնքներ, որտեղ հաշվել են թվով 65 աղտոտված արագիլ։ «Ի պատասխան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի այն հայտարարության, թե Արմավիրի մարզի գյուղերում իրենց տեսուչները չեն հայտնաբերել աղտոտված արագիլներ։ Հուլիսի 4-ին մի քանի ժամ շրջայց անելու արդյունքում Հովտաշեն, Սիս, Հովտաշատ, Գայ, Ակնաշեն և Երասխահուն գյուղերում ու դրանց հարակից տարածքներում հաշվել ենք մոտ 65 աղտոտված արագիլ։ Հիմնականում Հովտաշենում էին՝ մոտ 40, իսկ Արմավիրի մարզի Գայ, Ակնաշեն և Երասխահունում գյուղերում 25»,- ասված է ՀԲՃ հայտարարության մեջ։

Նույն հարցի շուրջ բնապահպան Արսեն Գասպարյանը գրում է․ «Երբ պետական համակարգը չի տեսնում...

Ե՞րբ ենք հեղափոխություն անելու: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գնում է և չի տեսնում աղտոտված արագիլների ու հայտարարում, որ նման խնդիր չկա, իսկ ՀԲՃ-ն գնում է ու 65 աղտոտված կենդանի հայտնաբերում»:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, թերի, կողմնակալ, անպատասխանատու և անորակ աշխատանքի մասին, ինչն ապացուցվում է ևս մեկ անգամ, ուստի հրավիրում ենք Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ կառավարության ուշադրությունը։ 

Լուսանկարները՝ ՀԲՃ էջից։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում