Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպան վարչության օպերատիվ խմբերը։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։ Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է. «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) ռենջերներն անմիջապես մեկնել են նշված տեղանք՝ ցուցաբերելու համար անհրաժեշտ օգնություն։ Ցավոք, ճանապարհը հասանելի չէ ավտոմեքենաների համար, ուստի աշխատանքները կիրականացվեն առկա մարդկային ռեսուրսների շնորհիվ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում