«Տփել եմ, խելոք չի մնացել»․ առանձնակի դաժանություն կենդանու նկատմամբ (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: 

21-ամյա Հրանտ Շահբազյանի կողմից ազատ համացանցային տիրույթ բեռնված լուսանկարներում առանձնակի դաժանություն է դրսևորվել կենդանիների՝ շան և աղվեսի նկատմամբ։ Գեղարքունիք մարզի Վարդաձոր համայնքի բնակիչ երիտասարդի լուսանկարներում կապկպված, և հավանաբար, դաժանաբար սպանված կենդանիների լուսանկարներ են։ 

«Տփել եմ, խելոք չի մնացել»,- հավանաբար հպարտանալով սեփական «կարողություններով» ասել է Հրանտ Շահբազյանը։ Վերջինիս խոսքերով՝ աղվեսին ևս ինքն է բռնել և հաշվեհարդար տեսել կենդանու հետ։

Լուսանկարները Հրանտ Շահբազյանի կողմից համացանց են բեռնվել 2020թ․-ի հունվար-փետրվար ամիսներին։ 

Ընդգծենք, որ սույն դեպքը ոչ միայն կենդանու կյանքի ընդհատում է, այլև դրսևորվել է առանձնակի դաժանություն, ինչը ենթադրում է, որ քաղաքացին կարող է ունենալ տարբեր հոգեբանական խնդիրներ և վտանգավոր լինել նաև մարդկային հասարակության համար։ Պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորող մարդը, հոգեբան Արկադի Մեհրաբյանը նշեց, որ հոգեբանական խնդիրները տարբեր կարող են լինել, բայց այն, որ դրանք կան՝ միանշանակ է: «Ցանկացած դաժան վերաբերմունք, արդեն նշանակում է հոգեբանական լուրջ խնդիրներ, եթե ոչ՝ հոգեբուժական: Ագրեսիան ինքն իրենով և՛ հոգեբանական, և՛ հոգեբուժական, և՛ նյարդաբանական խնդիրներ է ենթադրում: Դա էլ իր հերթին կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ գենետիկ ֆոն, ուղեղի թերհասունացում, դաստիրակաության կոմպլեքսներ և այլն: Եթե անգամ դաժանություն է ցուցաբերվում անշունչ առարկայի նկատմամբ, արդեն խնդիր է ենթադրում»,- ասաց նա:  

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության: 

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում