Ի՞նչ է սպասվում մազութից դուրս բերված աղվեսի ձագերին (տեսանյութ)

Օրերս ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է արտակարգ միջադեպի մասին։ Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 108 հասցեում՝ «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ»-ի տարածքում գտնվող մազութի տակառի մեջ արգելափակված կենդանիներ կան (աղվեսի ձագեր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մազութի տակառից դուրս են բերել աղվեսի ձագերին և տեղափոխել անվտանգ տարածք»:

Գրառմանը կից հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ աղվեսի ձագը դուրս է բերվում մազութի տարրայից և փախչում է ազատ բնություն։

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է մազութապատ կենդանին վերադառնալու բնական միջավայր, խանգարելու է արդյո՞ք դա իր բնական կենսագործունեությանը, արդյո՞ք աղվեսն ու ձագերը կենդանի կմնան, թե՞ ոչ։ Հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցել է կենդանաբան Վասիլ Անանյանի հետ, որը նշեց՝ բարդ է միանշանակ պատասխան տալ, քանի որ սկզբում անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ի՞նչ վիճակում են կենդանիները դուրս բերվել մազութից։ Վերջինս մանրամասնեց, որ հավանաբար կենդանիներին անհրաժեշտ էր նախ մաքրել մազութից, սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ նյութերով։ Հարկավոր է ուսումնասիրել միջազգային փորձը, քանի որ ամբողջ աշխարհում նման դեպքերը շատ են, հատկապես՝ նավթով աղտոտումները։ 

Հիշեցնենք, որ 2019թ․-ի ամռանը նմանատիպ առավել զանգվածային խնդիր էր առաջացել արագիլների դեպքում։ Կենդանիները, հավանաբար, աղտոտվել էին պարենային յուղով, ինչի հետևանքով չէին կարողանում թռչել։ Խնդիրն արդիական է ամբողջ աշխարհով մեկ․ մշակվում են կենդանիներին ցուցաբերվող օգնության տարբեր մեթոդներ։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ԱԻՆ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության, այլ պետական գերատեսչությունների և գիտական կառույցների, ՀՀ-ում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը խնդրի համար կանոնակարգված լուծում գտնելու նպատակով։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում