Ցավոք այս գեղեցիկ երևույթը գրավում է նաև Զովունու որսորդներին․․․ Ահազանգ (ֆոտո)

Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանն ահազանգել է․ «Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում Զովունու տարածքում։ Նրանք հավաքվում են մի երկրարաձիգ բարդու վրա, որն անզեն աչքով տեսանելի է մեր պատշգամբից (Զովունի 38 փողոցից)։

Ցավոք այս գեղեցիկ երևույթը գրավում է նաև Զովունու որսորդներին, ովքեր օրը ցերեկով մարդաշատ փողոցներում տասնյակ կրակոցներ արձակելով ոչնչացնում են Հայաստանի, ինչպես նաև մեր մոլորակի կենսաբազմազանությունը։ Ի դեպ մեղվակերները գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։

Պատկան մարմիններին խնդրում եմ կանխել այս բարբարոսությունը։ Տեսուչներ ուղարկեք, հսկողություն սահմանեք, ուժեր կենտրոնացրեք մեր տարածքում՝ հետևելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանց որսորդներին»։

Այնուհետև վերջինս թարմացված տեղեկություն է հրապարակում՝ գրելով․ «Կներեք կասե՞ք սա մանկական պիստոնի ձայն է թե՞ որսորդական հրացանի ձայն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մեր ահազանգով ուղարկեց 2 տեսուչ, ովքեր ժամանեցին Զովունի՝ վերացվող թռչունների հետքերով։

Փողոցի անկյունից իսկույն հայտնվեց մի տարեց մարդ ու իր ետևից տարավ տեսուչներին։
Օդում լսվեցին մանկական ատրճանակի դեմոնստրատիվ ձայներ, ինչպես հետո իմացա, Զովունու բնակիչը տեսուչներին բացատրել էր, որ ընդամենը այսպես վախեցնում են թռչուններին։

Տեսուչներն էլ այս հեքիաթին հավատալով հեռացան Զովունուց։

Այս երկու ձայները մեր պատշգամբից հստակ լսվում են, անհնար է շփոթել մանկական ատրճանակի ձայնը և որսորդական հրացանի ծանր ձայնը։ Ահա, խնդրեմ դուք էլ լսե՛ք»։ 

Նշենք, որ ՀՀ տարածքում հանդիպում եմ մեղվակերների (Meropidae) ընտանիքի տարբեր տեսակներ։ Ոսկեգույն մեղվակերների բնադրազույգերը, օրինակ, կազմվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի 2-րդ տասնօրյակը։ Բույնը փորվածք է (1-1,5 մ խորությամբ), կառուցում են էգը և արուն։ Բնադրում է ավազոտ կամ կավոտ զառիթափերին։ ՀՀ-ում բնադրումը հաստատված է մինչև 2500 մ բարձրություններում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են հունիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջը։ Դնում է 26 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 20 օր։ Աներեր թռչելու ունակ ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 30-րդ օրը։

Իսկ Կանաչ մեղվակերն ընդգրկված են ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Հազվագյուտ տեսակ է սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii): Հայաստանում խիստ սակավաթիվ տեսակ է: ԿԳ տվյալների համաձայն՝ քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից: Հանդիպում է Արարատյան հարթավայրի կիսաանապատային տեղանքներում:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում