Որսագողն ու «Խոսրովի անտառ» պետական արգելոցը․ պարզաբանում
Պարզաբանում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանի կողմից․ «Ակնհայտ տեսանելի է, որ սույն անձի համազգեստի վրա առկա տարբերանշանը նույնականացվում է արգելոցի տարբերանշանի հետ՝ չնչին տարբերությամբ, ինչը, պարզապես, հին և նոր տարբերակներ լինելու հետևանք է։ Էդո Կարապետյան անունով օգտատիրոջ կողմից լուսանկարը համացանց բեռնվել է 2014թ․-ին։
Ինչևէ, հրապարակման մեջ բնավ պնդում չկա, որ նշված անձն արգելոցի աշխատակից է, այլ կա ենթադրություն։ Հավանական է նաև, որ սույն անձն արգելոցի որևէ աշխատակցի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է և կարող է կրել վերջինիս համազգեստը, ելք ու մուտք ունենալ արգելոցի տարածք և այլն։ Այս դեպքում, ավելի արդյունավետ կլիներ գտնել կապը մի խումբ որսագողերի և արգելոցի միջև, ինչը ոստիկանության գործառույթն է և հուսով եմ կիրականացվի պատշաճ կերպով»։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հրապարակման շուրջ։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Ի պատասխան 13.04.2020թ. EcoNews.am կայքի կողմից հրապարակված նյութի. «Թե ի՞նչ կապ ունի ապօրինի որսի սիրահար Էդո Կարապետյան անունով օգտատերը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ»:
Հայտնում ենք, որ Էդո Կարապետյանը անուն ազգանունով օգտատերը (Էդիկ Կարապետյան), որը սոցիալական կայքերից մեկում հրապարակել էր հոդվածում ներկայացված լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի աշխատակից չի և երբևիցե չի հանդիսացել։ Կրած ռենջերի համազգեստը չի համապատասխանում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համազգեստին: Հետևաբար, կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկություններն ու սույն անհատականությանը չկապել արգելոցի աշխատակազմի հետ։ Նկարում տեսանելի տարբերանշանի առկայությունը ապացույց է, որ վերոհիշյալ անձը արգելոցի աշխատակից չէ։
Միաժամանակ հայտնում ենք, որ որոշ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ լուսանկարները «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում չեն արվել:
Բարձր գնահատելով բնապահպանական ոլորտում լրագրողական գործունեություն ծավալող մեր գործընկերների աշխատանքը, նրանց համարելով շրջակա միջավայրի պահպանության գործում մեր կարևոր դաշնակիցներ՝ խնդրում ենք հարկ եղած դեպքում կապ հաստատել մեր հետ և ճշտել տեղեկությունները, զերծ մնալ ոչ ստույգ տեղեկություններ հրապարակելուց»։
Ուշագրավ է նաև, հայտարարության մեջ ընդգծված նախադասությունը․ «Կրած ռենջերի համազգեստը չի համապատասխանում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համազգեստին»: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությանը հավանաբար անհրաժեշտ է կողմնորոշվել, թե, ի վերջո, սույն անձը ռենջե՞ր է, հագին համազգե՞ստ է, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ներկայացրել է ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ, որոնցում երևացող անձը կրում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի համազգեստ։ Էդո Կարապետյան անունով օգտատերը 2020թ․-ի հունվար ամսին համացանց է բեռնել լուսանկարներ, որտեղ սպանված նապաստակ է։ Լուսանկարներում վերջինս որսի իր վաղեմի «գործընկեր» Արմեն Աբրահամյան անունով օգտատիրոջ հետ է։ «Գործընկերները» միասին բազմաթիվ լուսանկարներ ունեն սկսած 2013թ․-ից։ Ուշագրավ է նաև, նրանց երրորդ «գործընկերերը», որը ոստիկանության ծառայող է՝ «А К» անունով օգտատերը։