«Վաճառում եմ առյուծներ»․ Հայաստանում ոչինչ չի փոխվում․․․ (ֆոտո)

Այն օրերին, երբ ամբողջ աշխարհը քննարկում է կենդանական աշխարհի օբյեկտների անկանոն օգտագործման հետևանքները և անհրաժեշտ խիստ սահմանափակումների կիրառումը, ՀՀ-ը շարունակում է վայրի կենդանիների առք ու վաճառքի ակտիվ կենտրոն հանդիսանալ։

Օրերս համացանցում հերթական անգամ հայտնվեց խոշոր գիշատիչ կենդանու վաճառքի առաջարկ և լուսանկարներ։ 

Միկա Մշեցի անունով օգտատերը, որը համատեղությամբ նաև երգիչ է, համացանցում հրապարակել է «կենդանիների արքայի»՝ առյուծի ձագի /Panthera leo/ երկու առանձնյակի լուսանկար՝ առաջարկելով գնել նրանց։ Հավանական գնորդի /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում Մշեցի Միկան նշեց, որ կենդանիներն իրենը չեն, ավելին՝ Հայաստանում էլ չեն, այլ գտնվում են Սամարայում, սակայն գնորդ ունենալու դեպքում, առանց որևէ խնդրի կարող են ներմուծվել ՀՀ և հանձնվել նոր «սեփականատերին»։ 

«Դուք չեք կարողանա Երևանում սրանց պահել, սա օրը մի երկու հատ ցուլիկ ա ուտում։ Ձագերը 5-6 ամսեկան են, մայրն ու որձն էլ մեծ են՝ արդեն մի երեք տարեկան։ Բայց գիշատիչ ա, սարսափելի վտանգավոր են, Աստված չանի վանդակից դուրս եկան։ Սամարայում են, բայց երկրից դուրս հանելու իրավունք մենք տալիս ենք, մնացածը դուք պետք ա անեք։ Եթե կուզեք՝ խնդիր չկա, բայց կարող ա վտանգավոր լինել։ Սա ինչ-որ ազատ տարածք պետք ա լինի, որ տուրիստները գան, գազանանոցի նման ինչ-որ տեղ, տան պայմաններում խորհուրդ չեմ տա, քույրիկ ջան։ Եթե կուզեք, խնդիր չկա, բայց անվտանգություն մենք չենք երաշխավորում /ծիծաղում է/։ Չգիտեմ էստեղ Հայաստանում զակոնը ոնց ա, պետք ա հետաքրքրվեք ինչ ա պետք, բայց ինքը սարսափելի շատ հում միս ա ուտում, եթե նիհարեց, չեք կարողանա հետ բերել, պետք ա միշտ իրան լավ պահեք։ Մենք դակումենտացիան ձեզ կտանք, որ տամոժնայում խնդիրներ չլինի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ 

Վերջինս նշեց նաև, որ մեկ ձագն արժե 700 հազար դրամ և եզրափակեց․ «Եթե հնարավորություն ունեք անընդհատ հում միս կերցնելու դժվար չի լինի, օրեկան 50-60 կիլո միս է ուտում։ Դրա համար սա պետական հաստատություն պետք ա վերցնի կամ էլ օլիգարխ մարդ էլի»։ 

Հատկապես այսօր տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, առավել ակնհայտ է դառնում, որ այս կենդանիները Մշեցու ասած «օլիգարխ մարդու» ձեռքերում չպետք է հայտնվեն և ընդհանրապես աշխարհը կարիք ունի ձևավորելու բնական ռեսուրսներից, այդ թվում՝ կենդանական աշխարհի օբյեկտներից օգտվելու նոր գաղափարախոսություն, որն առաջին հերթին կմերժի հատկապես վայրի բնության միավորներից անկանոն օգտվելու եղանակները, կենդանիներին որպես զվարճանքի և ժամանցի միջոց օգտագործելը, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ 

Ինչևէ, քաղաքակիրթ աշխարհը կարծես ինչ-որ չափով կարողացել է ստեղծել համակարգ, որտեղ կենդանական աշխարհը, հատկապես՝ վայրի բնության միավորները «անձեռնմխելի» են, ինչը սակայն չի կարելի ասել 2-րդ և 3-րդ կարգի պետությունների, այդ թվում՝ նաև ՀՀ մասին. մինչ այժմ, տասնամյակներ շարունակ բարձրաձայնվող խնդիրներն անգամ իրավական կարգավորում չեն ստացել, մինչ այսօր հստակ կարգավորումներ չեն ստացել կենդանական աշխարհի օբյեկտներին, անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիներին առնչվող խնդիրները, գործող օրենսդրական ակտերը չեն համապատասխանեցվել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ առկա նորմերը խստորեն չեն պահպանվում իրավապահ մարմինների կողմից․․․ ավելին՝ Երևանում գործում է «կենդանիների շուկա» կոչվող երևույթը, որտեղ շատ հաճախ հայտնվում են հենց վայրի բնությունից գողացված առանձնյակներ։ 

Գլոբալ առումով նոր գաղափարախոսությունների որդեգրման ժամանակաշրջանում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, օրենսդիր և գործադիր, իրավապահ մարմինները ևս պետք է կատարեն ընտրություն՝ լուծել տասնամյակ ձգվող և «անլուծելի» թվացող խնդիրը, թե՞ շարունակել վայրի բնության անկանոն շահագործումը։ 

Վերջին ամիսների ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը, սակայն, գլոբալ  առումով լուծումներ չի տալիս առաջացած խնդիրներին։ Բացի այդ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի և Լենա Նազարյանի կողմից մշակվել և ներկայացվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է նաև անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների խնդրին, սակայն ևս չի նախատեսում հստակ սահմանափակումներ և արգելքներ։ Ավելին, երկու նախագծերի մշակելու և ներկայացնելու համար տարիներ է պահանջվել, ինչն արհեստականորեն երկարաձգված ժամանակահատված է։ 

Այսպիսով, օգտվելով ստեղծված իրավիճակից և մի շարք անպատժելի դեպքերի հետևանքով, այսօր ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ՝ գյուղերի բնակիչներից մինչև մեծահարուստ «օլիգարխ», տանը պահում են տարատեսակ վայրի կենդանիներ՝ անմիջապես վայրի բնությունից գողացված։ Ընդգծենք նաև, որ վերջին շրջանում ՀՀ-ը դիտարկվում է որպես խոշոր կատվազգիների հսկայական բուծարան, այն դեպքում, երբ չկա և ոչ մի իրավական նորմ, որով կկարգավորվեն նման բուծարանների գործունեությունը, իսկ վերահսկող մարմինը (ԲԸՏՄ) ակտիվորեն համագործակցում է բուծող-բիզնեսմենների հետ։ Այս պայմաններում, այժմ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ն զբաղվում է ամուրյան և բենգալյան վագրերի բուծմամբ, որոնց հետագա ճակատագիրն անհայտ է մնում։ 

Բարձիթողի իրավիճակի լավագույն ապացույցներից է 2019թ․-ի ամռանը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքից «անհետացած» առյուծի ձագը, որին այդպես էլ չհայտնաբերեցին ոչ ոստիկանությունը, ոչ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, այն դեպքում, երբ կենդանին տեսանկարահանվել էր Կ. Ուլնեցի-Դ. Անհաղթ խաչմերուկում զբոսնելիս։ 

Վաղուց ապացուցված փաստ է նաև աֆրիկյան պետություններում գոյություն ունեցող առյուծների ֆերմաները, որտեղ կենդանիներն օգտագործվում են տարբեր նպատակներով, սակայն տանջանքներով լցված այդ մի քանի տարիների վերջը միանշանակ մահն է․ տանջալից կյանք, տանջալից մահ։ Իսկ որքանո՞վ են ՀՀ-ը և ՀՀ քաղաքացիները նպաստում այս բիզնեսի զարգացմանը, կենդանիների տանջալից կյանքի և տանջալից մահվան վրա հարստացող բիզնես գործունեության ընդլայնանը․․․

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում