Տավուշում 25-ամյա վարորդը եղբոր հետ երկու հացենի էր հատել (տեսանյութ)
![](https://econews.am/disk/24-03-20/03250eb3a86d770dc8606b7665409285.jpg)
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է:
Մարտի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վարագավան համայնքի վարչական տարածքից բաժին բերման ենթարկեցին առանց պետհամարանիշերի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա: Պարզվեց` մեքենայի 25-ամյա վարորդը, որ նշված համայնքի բնակիչ է, եղբոր հետ «Խուց փոս» կոչվող տարածքում երկու հացենի էր հատել: Բայց մեքենայով տեղափոխել չէին հասցրել` ոստիկանները բռնել էին:
Փայտանյութը հանձնվել է Արծվաբերդի անտառտնտեսությանը: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ հաջորդ օրը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մարտի 21-ին ոստիկանները Բերդ-Ճամբարակ ճանապարհին ստուգեցին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված, առանց համարանիշի «ՈւԱԶ» մակնիշի մեքենան:
Վարորդը հայտնել է, որ հաճարենու փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)